Լրահոս
Օրվա լրահոսը

Սերոբ Խաչատրյան. «Հեղափոխությունից հետո Հայաստանի ուսումնական հաստատություններում առկա է աննախադեպ լարվածություն». «168 ժամ»

Հոկտեմբեր 04,2018 13:16

Հասկանալի է, որ առաջիկա ամիսներին Հայաստանում շատ ավելի մեծ ուշադրության են արժանանալու քաղաքական և տնտեսական խնդիրները, քան կրթական հարցերը։ Բայց մյուս կողմից՝ հեղափոխությունից հետո Հայաստանի ուսումնական հաստատություններում առկա է աննախադեպ լարվածություն։ Լարված իրավիճակ է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ կապված կոռուպցիոն բացահայտումների հետ, ԵՊՀ-ում կա հակադրություն ուսանողների միջև, Շիրակի և Գորիսի պետական համալսարաններում ավելի վաղ էր իրավիճակը լարվել։ Շուրջ մեկ տասնյակ դպրոցներում նույնպես լարված իրավիճակ է։ Կամ տնօրենի հրաժարական են պահանջում, կամ նոր տնօրենի ընտրության հետ կապված խնդիրներ կան։ Այս զարգացումները միանգամայն տեղավորվում են հետհեղափոխական շրջանի տրամաբանության մեջ։ Տեղի է ունեցել իշխանության փոփոխություն։ Եվ հիմա մարդիկ ցանկանում են փոփոխություններ տեսնել նաև տեղերում։ Բայց դա հեշտ չէ, քանի որ ներքևներում շատ բան չի փոխվել մարդկային հարաբերություններում։

Իմ կարծիքով, ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը հետևյալն է։ Պետք, է սահմանվեն խաղի նոր կանոններ։ Շատ արագ անհրաժեշտ է փոփոխել ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր ստանալու համար անցկացվող վերապատրաստումների և քննությունների բովանդակությունը։ Պարզապես իրավական ակտեր անգիր անելու փոխարեն թեկնածուները պետք է լուրջ դասընթացներ անցնեն առաջնորդության, մարդկային ռեսուրսների կառավարման վերաբերյալ։ Պետք է բարձրացնել նշաձողը, որպեսզի այն կարողանան հաղթահարել միայն պրոֆեսիոնալները։ Տնօրենները պետք է ունենան նաև ուժեղ մանկավարժական կարողություններ։ Նոր խաղի կանոններով տնօրենները պետք է լինեն ոչ թե սոսկ վարչական աշխատողներ, ովքեր անընդհատ տվյալներ ու փաստաթղթեր են ուղարկում մարզպետարան ու նախարարություն, այլև պրոֆեսիոնալներ, ովքեր լրջորեն ներգրավված են ուսումնական գործընթացում, մանկավարժական առաջնորդներ են։ Տնօրենները՝ որպես ուսումնական գործընթացի լավագույն գիտակներ, պետք է ներգրավեն ռազմավարություններ՝ նորմատիվային փաստաթղթեր մշակելու և դրանք իրագործելու գործընթացներում։ Վերապատրաստումների ծրագրերում պետք է օգտագործվի այլ ոլորտներում ներդրված կառավարման լավագույն փորձը։ Մի խոսքով, տնօրեններին պետք է ներկայացվեն բարձր պահանջներ։ Ովքեր կբավարարեն այս պահանջները, կարող են աշխատել։ Ովքեր չեն բավարարի, պետք է փոխարինվեն։ Հայաստանի կրթության ապագան մեծապես կախված է այն բանից, թե ինչպիսի ղեկավարներ կունենանք ուսումնական հաստատություններում։ Ոչ մի նախարար կամ փոխնախարար չեն կարող ամենօրյա ռեժիմով վերահսկել ուսումնական հաստատությունների աշխատանքը։

Հետևաբար, եթե նախարարությունը սահմանի ուսումնական հաստատություն ղեկավարելու բարձր շեմ, ապա մենք կունենանք որակապես այլ կրթական համակարգ։ Նույն կանոնները պետք է սահմանվեն նախադպրոցական, նախնական և միջին մասնագիտական, բարձրագույն կրթության ոլորտներում։ Իհարկե, փոփոխությունների բաղադրիչներից մեկը պետք է լինի ուսումնական հաստատությունների ղեկավարների աշխատավարձերի էական բարձրացումը։

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031