Լրահոս
Օրվա լրահոսը

Մնում է, որ այդ ընթացքում նախագահը կարողանա բանակցային սեղանին նստեցնել կառավարությանն ու ԱԺ մեծամասնությանը. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 04,2018 13:05

Ն.Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը որքան էլ մեծաքանակ ամբոխ հավաքեն Ազգային ժողովի պարիսպների տակ, առանց սահմանադրության ու օրենքների խախտման չեն կարող ընթացիկ դեկտեմբեր ամսին կազմակերպել Ազգային ժողովի ընտրություններ։ Այս ճանապարհը հստակորեն փակ է նրանց առաջ, որովհետեւ Ազգային ժողովի մեծամասնությունն ունի այն կանխելու միանգամայն օրինական հնարավորություններ։

Միաժամանակ որքան էլ Ազգային ժողովի մեծամասնությունը դիմադրի արտահերթ ընտրությունների կազմակերպման պահանջին, կառավարության մեկամյա գործունեության ժամկետի ավարտից հետո հենց ինքն է ստիպված լինելու մտածել երկրում առաջ եկած քաղաքական նոր իրողությունները հաշվի առնելու մասին։

Մնում է՝ ստեղծված ճգնաժամի հաղթահարման նպատակով գտնել առողջ բանականությամբ դատող եւ երկրի առաջ կանգնած արտաքին ու ներքին մարտահրավերները որպես մեկ ամբողջություն գնահատող պետական այր, որը հակամարտության անմիջական շրջագծից դուրս է։ Սահմանադրությամբ այդ լիազորությունները վերապահված են երկրի գործող նախագահին։

Դատելով Հայաստանում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ Ա.Սարգսյանի առաջին արձագանքներից՝ նախագահը վճռական է Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպումը սահմանադրության ու օրենքների շրջագծում պահելու հարցում, սակայն վերապահումներ ունի «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարված փոփոխության հետ կապված։ Բայց 21 օրվա ընթացքում նա կա՛մ պետք է ստորագրի այդ փոփոխությունները, կա՛մ էլ դիմի Սահմանադրական դատարան, իսկ վերջինս պատկառելի ժամանակ է ունենալու հարցի քննարկման համար։

Մնում է, որ այդ ընթացքում նախագահը կարողանա բանակցային սեղանին նստեցնել կառավարությանն ու ԱԺ մեծամասնությանը եւ հասնել բանական փոխզիջման, այսինքն՝ կառավարությանը դրդել իր իսկ ծրագրում ամրագրված ժամկետների պահպանմանը, իսկ Ազգային ժողովին՝ մինչ այդ անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու գործին։

Այլ ճանապարհ չկա, քանի որ ընտրությունները դեկտեմբերին կազմակերպելու մտադրությունը կամ մինչեւ 2022 թվականը ներկա Ազգային ժողովի գոյությունը պահպանելու ցանկությունը բացում են ներքին դիմակայության ու անդառնալի պառակտման հնարավորություններ։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031