Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնրադ Զաշտովտ. «Նման համակողմանի անդրադարձով ԵԽ ԽՎ համազեկուցողը խնդիր է դնում ՀՀ քաղաքական դաշտի առջև». «168 ժամ»

Հոկտեմբեր 04,2018 12:53

«168 ժամի» հետ զրույցում, մեկնաբանելով ԵԽ ԽՎ համազեկուցողի հայտարարությունը, լեհ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասաց, որ այն չափազանց ուշագրավ է թվում և նման չէ հաճախ հնչեցվող հայտարարություններին, որոնց նպատակն իրավիճակի խաղաղեցումն է լինում։ Նրա խոսքով՝ այն պարզապես պատահական կոչ չէ՝ ուղղված հայաստանյան քաղաքական դաշտին։

«Հայտարարության տեքստը բովանդակային ու թիրախային է, տեսանելի է, որ համազեկուցողը տիրապետում է իրավիճակին, վերջին բոլոր զարգացումներին՝ ընտրություններին, դրանց հաջորդած ներքաղաքական իրադարձություններին, որոնց գագաթնակետը հոկտեմբերի 1-ն էր։ Տեսանելի է, որ կա որոշակի աջակցություն ՀՀ նոր իշխանությանը, բայց ոչ անվերապահ աջակցություն այդ իշխանության գործողություններին։ Ինչպես երևում է, անհանգստացնող հանգամանքն արագացված կարգով խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու ՀՀ իշխանությունների ցանկությունն է, որի ընթացքում կարող են մի շարք կոպիտ խախտումներ տեղի ունենալ։

Մի կողմից՝ հասկանալի է, որ հեղափոխությամբ իշխանության եկած ուժը փորձում է սեղմ ժամկետներում լուծել համակարգափոխության հարցը, իսկ դա առանց ԱԺ ընտրությունների հնարավոր չէ, սակայն հասկանալի է նաև, որ, եթե կա պայքար արատավոր երևույթների դեմ, այդ թվում՝ կա ցանկություն

փոփոխել ԸՕ-ն, լավ հիմքի վրա ընտրություններ կազմակերպել, որոնց արդյունքները կլինեն վստահելի, որոնց հասարակության մասնակցության մակարդակը կլինի բարձր, ինչն էլ ավելի կբարձրացնի այդ ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահելիության մակարդակը, անհրաժեշտ է որոշակի ժամանակ, անհրաժեշտ է ստեղծել լավ և հավասար պայմաններ բոլոր ուժերի համար, դրական ներքաղաքական մթնոլորտ ևս։

Պատահական չէ, որ իշխանությունը, իմ նկատառումների համաձայն, վստահ չէր արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ժամկետների հարցում, քանի որ հասկանում էր, որ ընտրություններն ուշացնել չի կարելի, սակայն դրանց նաև պատրաստվել է հարկավոր։ Իշխանությունը նաև շտապում է՝ հասկանալով, որ հասարակությանն արդյունքներ են անհրաժեշտ, այս կոնտեքստում ժամանակն աշխատում է իշխանության դեմ։ Ուստի ներկայումս կա որոշում՝ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ առանց երկարաձգելու և հետաձգելու դրանց ժամկետը։ Համազեկուցողի հայտարարությունում արտացոլված է մտահոգություն այս արագացված գործընթացի կապակցությամբ, քանի որ հասկանալի է, որ խորհրդարանն ընդդիմանում է և ընդդիմանալու է այդ որոշմանը, որը հանգեցնելու է Գործադիրի կողմից ճնշումների ավելացման, ճնշումը տվյալ դեպքում նաև հասարակական է, քանի որ ըստ էության հեղափոխական տրամադրությունները դեռ պահպանվում են, և վարչապետը դա ակտիվորեն օգտագործում է։ Այսինքն՝ պահպանում է այդ ռեսուրսը՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար։ Այդ ռեսուրսի օգտագործման պայմաններում, փաստորեն, ճնշման ներքո խորհրդարանը լուծարվելու է վարչապետի հրաժարականից հետո։ Քաղաքական դաշտի կայունության համար հարկավոր է ընթանալ բանակցային ճանապարհով։ Կարծում եմ՝ հայտարարությունն այն մասին էր, որ կա ուշադրություն գործընթացի նկատմամբ, որը զգոնություն է հաղորդում բոլոր կողմերին»,- նման տեսակետ հայտնեց Կոնրադ Զաշտովտը։

Ըստ նրա՝ նման համակողմանի անդրադարձով ԵԽ ԽՎ համազեկուցողը խնդիր է դնում ՀՀ քաղաքական դաշտի առջև, նախանշում, թե ինչպես պետք է գործեն քաղաքական ուժերը:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031