Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Այդ փոփոխությունն արված է ժողովրդի կողմից խոչընդոտները չեզոքացնելու համար, ուրեմն դա հակասահմանադրական է». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 04,2018 12:44

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընդունվեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որտեղ ամրագրված դրույթի համաձայն՝ եթե ԱԺ լիագումար նիստի ժամանակ պատգամավորները բացակայել են՝ իրենց կամքից անկախ, եւ դրա հետեւանքով քվորում չի եղել, ապա նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ կընդմիջվի։ Եվ այս պարագայում նիստը նորից կշարունակվի միայն այդ խոչընդոտների վերացման պարագայում։

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը մեկնաբանության խնդիր է տեսնում։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, թե ԱԺ կանոնակարգ- օրենքում արված փոփոխությունը տարածվում է բոլոր տեսակի նիստերի վրա։ «Ընտրության կարգի մեջ նախապայմաններ չկան, բայց դա մեկնաբանության խնդիր է։ Եթե կանոնակարգ-օրենքով ասում են, որ խոչընդոտելու պարագայում նիստը համարվում է ոչ թե չկայացած, այլ ընդհատված, ուրեմն դրանից ելնելով՝ իրենք այդ 14 օրը հաշվարկելու են խոչընդոտը վերանալու պահից։ Եթե օրենքը ուժի մեջ մտավ, այդպես կհաշվարկվի»,- նշեց նա։

Միեւնույն ժամանակ սահմանադրագետը մատնացույց արեց Սահմանադրության առաջին եւ երկրորդ կետերը, որոնք էլ մատնանշելով՝ կարելի է դիմել Սահմանադրական դատարան։ «Այդ փոփոխության սահմանադրականությանը հակասում է այն, որ այդ փոփոխությունն արված է ժողովրդի կողմից խոչընդոտները չեզոքացնելու համար, ուրեմն դա հակասահմանադրական է, որովհետեւ ժողովուրդն ինքն է իշխանության միակ եւ անփոխարինելի սեփականատերը, եւ ժողովուրդն էլ ցանկացած պահի, եթե գտնում է, որ Ազգային ժողովի պատգամավորները չպետք է մտնեն իրենց աշխատավայր եւ նիստ գումարեն, ուրեմն դա օրինական պահանջ է։ Հակասում է 1-ին հոդվածին, քանի որ Հայաստանը ժողովրդավար պետություն է, եւ հակասում է երկրորդ հոդվածին, որում նշված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- նկատեց Այվազյանը։

Միեւնույն ժամանակ նա կասկածներ հայտնեց, թե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական կճանաչի դրույթը։ «Նախկին իշխանությունների կողմից ձեւավորված դատարանն է։ Այդ առումով կան ռիսկեր, որ չի ճանաչի, սակայն ինքն էությամբ հակասահմանադրական օրենք է, որովհետեւ հակասում է նրան, որ Հայաստանը ժողովրդավար պետություն է, եւ հակասում է նրան, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- կրկնեց սահմանադրագետը։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031