Լրահոս
Օրվա լրահոսը

«Չորս և ավելի երկրների ղեկավարների Հայաստան ժամանելը մեզ համար տո՞ն է, թե՞ հիշատակ». Արտակ Զեյնալյան

Հոկտեմբեր 04,2018 12:42

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կառավարությունը մտադիր է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերը՝ հոկտեմբերի 11-12-ը, հայտարարել ոչ աշխատանքային: Սրա համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն, ուստի կառավարության այսօրվա նիստում նախագծով առաջարկվեց վաղը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ: Օրենսդրական փոփոխությունը պետք է կատարվի «Տոների և հիշատակների մասին» օրենքում:

Կառավարության նիստում հայտարարվեց, որ այդ միջոցառման օրերին կարիք է լինելու փակել Երևանի գլխավոր փողոցները, ինչն անհարմարություններ ու խցանումներ է ստեղծելու: Զեկուցվեց, որ 40 -ից ավելի երկրների ղեկավարություններ են այդ օրերին լինելու Հայաստանում, դա բացառիկ իրադարձություն է:

Կառավարության նախագծում հիմնավորումն այսպես էր՝ չորս և ավելի երկրների ղեկավարներ են այցելելու Հայաստան եւ նման փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջանում: Նիկոլ Փաշինյանը առաջարկեց այլ ձևակերպում՝ «պետության և հանրային կյանքի համար բացառիկ իրադարձության կապակցությամբ» եւ հիմնավորեց. «Այնպես չպետք է լինի, որ եթե վաղը օլիմպիական խաղեր կազմակերպվեն, նորից փոփոխություն անեն, ասենք վեց և ավելի երկրներից 25 մարզիկների այցի դեպքում նման որոշում է ընդունվում, հետո պիտի հաշվենք, թե քանի մարզիկ եկավ, հետո պիտի հաշվենք վեց երկրի ղեկավար է եկել, թե ոչ»:

Որոշ նախարարներ կարծիք հայտնեցին, որ այս առաջարկով կառավարության լիազորությունները մեծանում են: Փաշինյանն արձագանքեց. «Ձեր մեկնաբանությունները աբսուրդ են: Այս խնդիրը եկել ու հասել է վերջին օրերին, ինչի՞ց է այդ մոտեցումը, որ կառավարությունը պետք է օր գտնի, որ տեղափոխի: Ես ասում եմ՝ եկել է օրը, պետք է այնպիսի ձևակերպում, որպեսզի ամեն նոր իրադարձության ժամանակ օրենք չփոփոխվի: Կառավարությունը ժողովրդին ներկայացնող մարմին է, եթե անտրամաբանական բաներ կանի, կդադարի կառավարություն լինել»:

«Չորս և ավելի երկրների ղեկավարների Հայաստան ժամանելը մեզ համար տո՞ն է, թե՞ հիշատակ,- հարցրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Վարչապետն ավելի սրամիտ պատասխան տվեց. «Հիշարժան օր է…Էկզամեն դլյա նաս վսեգդա պռազդնիկ»:

Ի վերջո, առաջարկվեց նախագծում ավելացնել հետևյալ ձևակերպումը՝ «Ինչպես նաև բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031