Որքան էլ ես հայտնի եմ Նիկոլ Փաշինյանի շարժմանն աջակցած, մի հատված իրենց հետ քայլած մարդ, բայց օրինական ու տրամաբանական է մեր հակառակորդների հայտարարությունը` այսօրվա Սահմանադրության պատճառով. այս մասին այսօր հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին: Պարոն Հայրիկյանից հետաքրքրվել էինք`առաջացած քաղաքական ճգնաժամի իրավական ի՞նչ լուծումներ է տեսնում, քանի որ վարչապետը հայտարարում է` իրագործելու է դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իր ցանկությունը, իսկ ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ ձեւավորված ոչ ֆորմալ կոալիցիան պնդում է, որ դա թույլ չի տալու. Հնարավոր կլինի՞ առճակատումներից խուսափել:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները բարոյահոգեբանական հարթությունում Պարույր Հայրիկյանի համար գուցե ընդունելի կամ հասկանալի են, բայց առհասարակ, ըստ նրա, դրանք դիկտատորական են: «Նոյեմբերին մեզ անակնկալներ են սպասվում»,- ասաց Պարույր Հայրիկյանը` հավելելով, որ իրեն էլ լուրջ դերակատարում է առաջարկվել: Մանրամասներ չասաց: Դրանց մասին կխոսի ավելի ուշ`կլինի Հայաստանում, թե Արցախում: Միայն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն Սահմանադրություն խախտելու մեծ մասնագետ է:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նա կարծում է, որ իր հրաժարականով Նիկոլ Փաշինյանը կարող է ԱԺ-ի ցրման իրավական հիմքեր ստեղծել, բայց «բայց դու չես կարող ստիպել հասարակությանը եւ նախկինների հետ համագործակցած քաղաքական ուժերին` կանգնեն քո կողքին»: Հավելեց. «Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ ծայրահեղ չարդարացված քայլի: Դա արդարացված կլիներ եթե ինքը ծրագրեր առաջարկեր ու պառլամենտն իրեն չաջակցեր: Դիկտատորական հակումներ ունեցող մարդիկ միշտ հակառակորդ են ստեղծում. ում ինչ ուզում անում է`նստեցնում է, հանում է… ու այդ պայմաններում ճգնաժամ է տեսնում: Բայց եթե մի քիչ խորը գնանք`ճգնաժամ է ստեղծում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ