«Երբ երկրի վարչապետը գիշերով գնում է ԱԺ եւ ժողովուրդն էլ ասում է`եկեք, դա նշանակում է, որ ինքը չի հասկացել, որ ինքը վարչապետ է: Ինքը չի հասկացել որ ունի այլ լծակներ»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում նման կարծիք հայտնեց Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը` անդրադառնալով նախօրեին Երեւանի տեղի ունեցած իրադարձություններին:
Ժողովրդի մի մասին ժողովուրդ կոչելով եւ նրանց խունվեյբինների վերածելով հարցեր լուծելն անընդունելի է Պարույր Հայրիկյանի համար: Նա վստահ է, որ այդ աշխատաոճը նաեւ աշխարհում ընդունելի չէ: «Աշխարհի որեւէ երկրում ամենավատ պառլամենտի վրա սեփական համակիրներին բերելով եւ նրանց վրա ճնշում գործադրելով հարցեր լուծելը կդատապարտվի բոլորի կողմից: Պետք է տարբերակներ գտնել. հինգ տարով ուզում եմ պառլամենտ ունենալ, որտեղ մեծամասնությունը կլինեմ ես եւ ամեն ինչ կորոշեմ ես` տարբերակ չէ»,- ասաց նա:
Իր կարծիքով հեղափոխությունը պետք է երկրի հիմնական օրենքով`Սահմանադրությամբ լինի:
Պարույր Հայրիկյանը գտնում է, որ խորհրդարանն`ընդունելով ԱԺ կանոնակարգ օրենքի վիճելի փոփոխությունը, վարվեց աշխարհում ընդունված կարգով`խորհրդարանն ընդունում է օրենք, երբեմն իր շահից բխող եւ հնարավոր է նաեւ սխալ, բայց վարչապետն էլ այդ դեպքում իր լծակներն է կիրառում: Մանավանդ, տվյալ փոփոխության մեջ Պարույր Հայրիկյանն աշխարհակործան ոչինչ չի տեսնում, քանի որ այն վերաբերում է նրան, որ ճնշման պայմաններում պառլամենտը չաշխատի եւ ճնշման պայմաններում աշխատելու հետեւանքները պետության համար բացասական չլինեն: Իր համար հասկանալի է, որ քվեարկողների մեծ մասը նկատի ուներ այն, որ խորհրդարանը ժամկետից շուտ չցրվի: Իր համար նաեւ ակնհայտ է, որ այս պառլամենտը պետք է ցրվի, բայց չի կարծում, թե պետք է խուճապի մատնվել:
Կարծում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը պատշաճ արձագանքեր բացարձակ ժողովրդավարության իրենց առաջարկած տարբերակին, այս բոլոր խնդիրները շատ արագ կհանգուցալուծվեին, դեկտեմբեր ամսին էլ արտահերթ ընտրություններ կկայանային:
Կարծում է`Նիկոլ Փաշինյանի բնութագրմամբ`Սերժ Սարգսյանի «հագով կարված» Սահմանադրությունը շատ հարմար է դարձել Նիկոլ Փաշինյանին:
Այժմ կատարվող իրադարձությունները Պարույր Հայրիկյանը նմանեցնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին եւ տագնապ ունի`որ անփորձ, անտեսլական մարդիկ տեւական ժամանակ մնան իշխանության:
Այլ մանրամասները` տեսանյութում
Պարույր Հայրիկյանը տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանն իր խոստումների վրա արհամարհական հայացք է գցում: Նրան տարակուսելու տեղիք է տալիս այն, որ Նիկոլ Փաշինյանն իրեն նույնացնում է ժողովրդի հետ: Հիշեցնում է`այդ կերպ վարվում են դիկտատորները`բոլշեւիկները, Հիտլերը, Մաու Ցզեդունը: Ասում է, «Վտանգավոր է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ