Հոկտեմբերի 2-ին հայերը դուրս եկան փողոց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով, որն ասաց, թե երկրում կա «հակահեղափոխության» վտանգ՝ գարնանը տապալված վարչակարգի մնացորդների կողմից: Դրանից մեկ օր անց իրավիճակը սպասողական է. Փաշինյանի «թավշյա հեղափոխությունից» հինգ ամիս հետո սա ամենադրամատիկ մարտահրավերն է, Eurasianet.org-ում գրում է վերլուծաբան Ջոշուա Կուչերան:
Ինչպես ամեն ինչ հանգեց սրան:
Երբ գարնանը Փաշինյանը գլխավորում էր ցույցերը նախկին վարչակարգի դեմ, նա առաջ քաշեց չորս կետից բաղկացած պահանջ՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, նոր վարչապետի ընտրություն, նոր ընտրական օրենսգիրք և նոր ընտրություններ:
Առաջին երկուսն արագ իրականացվեցին, երբ Փաշինյանն ինքն ընտրվեց վարչապետ: Երրորդն ընթացքի մեջ է, որոշ ընտրական բարեփոխումներ արդեն ընդունվել են, մյուսները շարունակվում են: Բայց հենց վերջին քայլն է՝ նոր խորհրդարանական ընտրությունները, որ, ինչպես Փաշինյանն է ասում, կարող են եզրափակել «հեղափոխությունը»:
Մինչև վերջերս Փաշինյանն ընտրությունների անցկացման համար առաջարկում էր բավականին երկար ժամանակ՝ աշնանից մինչև գարուն՝ առանց հստակ օր ասելու: Խաղում կա երկու, իրար հակասող ենթադրություն, կարծում է Կուչերան:
Նա ցանկանում է ընտրություններն անցկացնել հնարավորինս արագ, քանի որ նրա դաշինքը խորհրդարանի 105 տեղերից զբաղեցնում է միայն 9-ը, և նա աշխատում է նախկին վարչակարգի մաս կազմող դաշինքների թույլ կոալիցիայով, որի մեջ մտնում է նաև օլիգարխ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստանը» և ազգայնական տրամադրություններով Հայ Հեղափոխական Դաշնակցությունը:
Բայց նրան նաև ժամանակ է պետք: Նրա կուսակցությունը դեռ փոքր է, և նախկին խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների միայն 8 տոկոսը: Չնայած Փաշինյանն ինքը մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում, և այդ ներկայացվածությունն անխոս լայնորեն կտարածվի, այնուամենայնիվ ընտրությունները դեռ ռիսկ են պարունակում:
Սեպտեմբերի վերջին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները, այնուամենայնիվ, հանգեցրին Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի փառահեղ հաղթանակին, որը հավաքեց ձայների 81 տոկոսը: Ոգևորված այդ արդյունքով՝ Փաշինյանը որոշեց առաջ գցել ընտրությունների օրը. Երևանի ընտրությունների հաջորդ օրը նա ասաց, որ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն «շատ արագ»:
Հենց սա էլ, ըստ երևույթին, առաջ բերեց «հակահեղափոխություն»: Նախկին իշխող Հանրապետական կուսակցության գլխավորությամբ օրենսդիրներն առաջ քաշեցին օրենքի քվեարկություն այն մասին, թե ինչ կլինի, եթե խորհրդարանի աշխատանքները խոչընդոտվեն: Նոր օրենքի ընդունման նպատակն է չեզոքացնել փողոցային ակցիաների սպառնալիքը, որոնք կարող են սկսվել խորհրդարանը շրջափակելու համար, և որը Փաշինյանի զինանոցում ամենահզոր զենքն է:
Ուշագրավ է, որ հանրապետականներին միացան «Բարգավաճ Հայաստանի» և ՀՅԴ-ի պատգամավորները: Փաշինյանը դրան պատասխանեց այդ երկու կուսակցությունները ներկայացնող նախարարներին պաշտոնից հեռացնելով, բայց հասկանալի չէ՝ ինչու այս երկու կուսակցություններն ընտրեցին այս պահը՝ Փաշինյանին մեջքով շրջվելու և հանրապետականներին միանալու համար:
Պատճառներից մեկը կարող է լինել նրանց սպառնացող քաղաքական մահվան հեռանկարը. «Բարգավաճ Հայաստանը», որը համարվում էր Փաշինյանի համար պոտենցիալ սփոյլեր՝ կապված աղքատ գյուղական շրջաններում Ծառուկյանի ունեցած հեղինակության հետ, Երևանի ընտրություններում հավաքել է ձայների միայն 7 տոկոսը, ՀՅԴ-ն ավելի քիչ՝ չհասնելով անգամ 2 տոկոսի:
Ինչ էլ որ լինի՝ Փաշինյանն այժմ պետք է կրկին հույսը դնի ժողովրդի զորության վրա: Փաշինյանը հաշվարկել է, որ եթե հոկտեմբերի 2-ին 10 հազար մարդ եկավ խորհրդարանի մոտ իրեն աջակցելու, ապա եթե լինի «հակահեղափոխության» իրական հեռանկար, դժվար չէ պատկերացնել փողոցը հեղեղող ավելի մեծ թվով մարդկանց: Ու չնայած քաղաքագիտական զրույցներում ցինիզմի առկայությանը և ցույցերի թուլացման հավանականությանը՝ Փաշինյանի ժողովրդականությունը շարունակում է մնալ շատ մեծ: Միգուցե առավել կարևոր է այն, որ նախկին վարչակարգը խորը ատելություն է վայելում, և նրա վերադառնալու ցանկացած հեռանկար ուժեղ դիմադրության կարժանանա, գրում է Կուչերան:
Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ, որից հետո խորհրդարանում կլինեն վարչապետի նոր ընտրություններ: Եթե դրանք տապալվեն, կլինեն նոր խորհրդարանական ընտրություններ: Փաշինյանը կարծես թե քաղաքական ճուտիկ է խաղում՝ ռիսկի գնալով, որ իր ընդդիմադիրները չեն կարող աջակցել ընդդիմության թեկնածուի: Խելամիտ գումարները, թվում է, նրա օգտին կլինեին: Բայց նախկին վարչակարգի անդամներն իրենց հին ու նոր դաշնակիցների հետ կարող են չնահանջել՝ անկախ ժողովրդական ճնշումների աստիճանից: Եվ նրանք շարունակում են պահպանել իշխանության բազմաթիվ լծակներ, այդ թվում բյուրոկրատիայի լայն շերտեր և առնվազն Մոսկվայի լուռ աջակցությունը:
Սա կարող է լինել նախկին վարչակարգի վերջին, հուսահատ փորձը՝ վերականգնելու իր կորուստները: Նրանց շանսերը գուցե փոքր են, բայց նրանք այլևս կորցնելու բան չունեն, եզրափակում է Կուչերան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ