Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Որքան շուտ տեղի ունենան ընտրությունները, այնքան արագ Հայաստանը կմտնի հանգիստ հունի մեջ». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 04,2018 12:03

Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ քվեարկության դրվեց ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու, մասին հարցը։ Ըստ նախագծի՝ ԱԺ նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ ընդհատված, եթե որեւէ հարցի քննարկում տեղի չունենա, օրինակ՝ արտակարգ իրավիճակի պատճառով, կամ խոչընդոտվի պատգամավորների մասնակցությունը նիստին։ Դրանից անմիջապես հետո վարչապետ Փաշինյանը կոչով հանդես եկավ եւ հորդորեց բոլորին հավաքվել ԱԺ շենքի մոտ։ «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ մի շարք այլ հարցերի մասին զրուցեց «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ։

– Տեղի ունեցածից հետո հնարավո՞ր է այս հարցը լուծել բանակցությունների միջոցով։

– Ես միշտ էլ տեսնում եմ բանակցային տարբերակը։ Հիմա կարծես ուլտիմատումային ձեւը գերիշխում է։ Ցանկալի կլինի, որ բանակցությունների միջոցով հարցը լուծվի, որովհետեւ քաղաքական գործչի համար բանակցությունները լավագույն գործիքն են։ Բայց չէ՞ որ դա պետք է լինի երկկողմանի։ Կարծում եմ՝ ժողովուրդը հենց նրա համար ոտքի կանգնեց, որ այդ ուժերը փորձեցին ձախողել բանակցային գործընթացը։

– Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու համար պատրաստվում է հրաժարական տալ։ Ժողովրդի մի մասը վախեցած է այդ որոշումից։ Ըստ Ձեզ՝ ճի՞շտ է նման քայլը։

– Երեկվա ժողովուրդը վախեցա՞ծ ժողովուրդ էր։ Չեմ կարծում։ Շատ ճիշտ քայլ է վարչապետի կողմից։ Արագ այս հարցին լուծում տալու համար ուրիշ մեխանիզմ չեմ տեսնում։ Վարչապետը ունի ժողովրդի անվերապահ աջակցությունը, եւ կարծում եմ՝ կհասնի հաջողության։

– Ամեն դեպքում, ինչ-որ ռիսկեր չե՞ք տեսնում։

– Ռիսկեր միշտ կան, որովհետեւ հիմա ճգնաժամ է։ Դա արդեն իսկ կանխատեսելիության, անվտանգության խնդիր է։ Դրա համար էլ անընդհատ նշում ենք, որ որքան շուտ տեղի ունենան ընտրությունները, այնքան արագ Հայաստանը կմտնի հանգիստ հունի մեջ, եւ ժողովուրդն էլ կգնա իր գործերին։

Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031