Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ, որոնք պետք է սեղանի տակ պախկված լինեին, այսօր սպառնում են». Արա Պապյան

Հոկտեմբեր 04,2018 11:57

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը չի հավատում, որ հանրապետականները երբեւէ կհամաձայնեն ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել:

«Ես չեմ հավատում, որ կհամաձայնեն մայիսին, չեմ հավատում, որ կհամաձայնեն մարտին կամ դեկտեմբերին. ես իրենց չեմ հավատում: ՀՀԿ-ի ներկայացուցիչներն ամեն օր զրպարտում են Հայաստանը՝ օգտագործելով իրենց մանդատը միջազգային կառույցներում. ստեղծում են սխալ պատկերացում հեղափոխության, ժողովրդի մասին, ասում են՝ ժողովուրդը սպառնում է մեզ, դա լուրջ վտանգ է: Շատերը գիտեն՝ մեր խնդիրը ԼՂ հիմնահարցն է, ցեղասպանության ճանաչումը, բայց մեր խնդիրը քաղաքական էլիտան է, որն ԱԺ-ում մեծամասնություն է ու անորակ է»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա, երբ ակնկալվում էր, որ ՀՀԿ-ականները պետք է դուրս գային նախօրեին ԱԺ շենքի դիմաց հավաքված խաղաղ ժողովրդի հետ հանդիպման, դուրս չեկան, բայց գնացին ԵԽԽՎ-ում բողոքեցին մեզ վրա. «Հիմա հարցն այն է՝ էն անորակներին ոնց հանենք ԱԺ-ից, սա շատ լուրջ խնդիր է, կառչած մնում են, նրանց բոլոր քայլերը սադրանքներ են»:

Բանախոսն ասաց, որ ինքը կտրականապես դեմ է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա ու կրկնեց՝ «Ես սրանց չեմ հավատում, որ ասում են՝ մայիսին համաձայն ենք ընտրություններին…պատրաստ եմ անվճար կրթություն անցկացնել բոլոր ՀՀԿ-ականների համար, անգրագետ եք, հասկանում եմ, սովոր եք, որ մանդատները ձեզ նվիրում էին, հասկանում եմ, սովոր չեք անկախ մտածել, ես պատրաստ եմ ձեզ ուսուցել, որովհետեւ հայ ժողովուրդն արժանի չէ այս վերաբերմունքին ու այդպիսի պատգամավորների: Ինչի եք դիմադրում, որ այս երկիրը նորմալ զարգանա, կարո՞ղ է պատգամավորներ եք ծնվել»:

«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանն էլ շարունակեց. «Իրավիճակը գնահատում եմ լարված ու այն հակված է ավելի լարվելու, հակահեղափոխական ուժերը սաստկացնում են իրենց ուժերը, որովհետեւ հասկանում են, որ կորցնելու շատ բան ունեն»:

Նա Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալու հայտարարությունն էլ համարում է շատ ռիսկային՝ բացատրելով, որ կարծում է, թե քաղաքական մյուս ուժերը կառաջադրեն իրենց վարչապետի թեկնածուին ու դա կանխելը դժվար կլինի, կբերի բախումներ. «Պետք չէ դրան գնալ, ավելի հեշտ տարբերակներ կան, մի փոքր պետք է դուրս գալ այսպես կոչված օրինականության կաղապարներից, որովհետեւ նրանք այնպիսի գործողությունների կարող են դիմել, որ մեր մտքով էլ չի կարող անցնել: Վիճակն օրըստօրե փոխվում է, այն բոլոր հայտարարությունները, մատ թափ տալը դրա մասին է վկայում: Մարդիկ, որոնք պետք է սեղանի տակ պախկված լինեին, այսօր սպառնում են. չեն ըմբռնել, որ իրավիճակ է փոխվել կամ էլ ըմբռնել են, պարզապես թավիշից ոգեւորվել են: Ճգնաժամն այն է, որ անորակ են այդ մարդիկ: Խնդիրն այն է, որ հասարակությունն է որակով ու անհամապատասխանություն կա, այդ մարդիկ այլեւս չեն ներկայացնում հասարակությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ոչ մի հեղափոխություն առանց դրան հաջորդող դիկտատուրայով՝ չի լինում:Նիկոլը ցանկացավ երեւալ շաաաաաաատ դեմոկրատ՝ ՉԻ լինում,շաաաաաատ փափուկ՝ Չի կարելի,շաաաաաաատ արդարացի(էս ո՞ր դարն ա…).Ցավում եմ,արդյունքը սպասեցնել չտվեց….Հիմա ոնց որ թե ուզում է«կատու ճղել»,վախենամ ուշ լինի….ԱՓՍՈՍ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031