Կա հավանականություն, որ ՀՀԿ-ԲՀԿ- ՀՅԴ եռյակը եւս մի անգամ փորձում էր ստուգել, թե «հեղափոխությունը» արդյոք պահպանե՞լ է իր մոբիլիզացիոն հնարավորությունները։ Նրանք երեւի հույս ունեին, որ ժողովուրդը հոգնած ու ձանձրացած կլինի, փողոց դուրս չի գա այն նույն ոգեւորությամբ, որքան վերջին ամիսներին էր, կամ էլ Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով առաջիկայում Հայաստանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, կկաշկանդվի իրեն նետած մարտահրավերն ընդունելուց եւ անհապաղ հակահարված տալուց, ու ըստ էության անհետեւանք կթողնի ԱԺ կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունը։ Դրանով Ազգային ժողովը շուտափույթ ցրելու ծրագիրը փաստորեն կտապալվեր։
Եթե ՀՅԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակի հաշվարկը ընդամենը դա էր, ապա այն հիմնովին ու արմատապես փլուզվեց։ Փլուզվեց, որովհետեւ չափազանց պարզունակ էր։ Այս տարբերակի օգտին է խոսում այն հանգամանքը, որ մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նվաճած 81.5 տոկոս արդյունքը եւ դրան բնականորեն հետեւած՝ հնարավորինս շուտ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Փաշինյանի հայտարարությունը անսպասելի էր նշված կուսակցությունների համար։ Վերջիններս պարտադրված էին շուտափույթ ինչ-որ բան ձեռնարկել արտահերթը հնարավորինս հետաձգելու համար եւ նրանց մտքով այլ բան չանցավ, քան մոգոնել նման օրինագիծ ու գաղտագողի ընդունել այն։ Այդ դեպքում օպերացիան չի ունենա լուրջ հետեւանքներ, բացի քաղաքական նոր դիակներից։ Այստեղ պետք է անպայման հաշվի առնել, որ ընդունված այդ օրինագիծ դեռ չի մտել օրինական ուժի մեջ։
Բայց ի վնաս այս տարբերակի խոսում է մի ուշագրավ հանգամանք։ Եթե ավագանու ընտրություններից հետո ՀՅԴ-ն արձանագրեց, որ ապագա խորհրդարանում ինքը հայտնվելու հնարավորություններ չունի այլեւս եւ այդ տեսանկյունից նրա «վա բանկ» գնալը հասկանալի է, ապա բոլորովին անհասկանալի է ԲՀԿ-ի («Ծառուկյան» դաշինքի) պահվածքը։ Եթե արտահերթ ընտրությունների ժամանակ գրանցվի գրեթե նույն արդյունքը, ինչ ավագանու ընտրություններում, ապա հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության սահմանած «չափաքանակները», մեծ կլիներ հավանականությունը, որ ԲՀԿ-ն, լինելով 2-րդ ամենաշատ ձայն հավաքած կուսակցությունը, ապագա ԱԺ-ում ունենար շատ ավելի մեծ թվով պատգամավորներ, քան հիմա։ Ու սա գրեթե երաշխիք էր, որ ԲՀԿ-ն չպետք է մասնակցեր վերը նշված օպերացիային։ Բայց փաստն այն է, որ մասնակցեց, եւ դա ստիպում է դիտարկել նաեւ այլ տարբերակներ։ Մասնավորապես այն, որ օպերացիան ունի ավելի հեռուն գնացող նպատակներ։ Վարչապետի հրաժարականից հետո ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակը առաջադրում ու ընտրում է վարչապետ, անկախ նրանից, թե քանի հարյուր հազար մարդ է բողոքի ակցիա անում ողջ երկրում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում