«Առավոտը» Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանից հետաքրքրվեց՝ մեր զինվորի վրա ի՞նչ ազդեցություն է թողնում ու ինչքանո՞վ է մտահոգում այն հանգամանքը, որ հակառակորդը կրակում է ռուսական զենքից, որ նախորդ տարիներին մեր դաշնակից ՌԴ-ն 5 մլրդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին՝ «բիզնես գործարքի» անվան տակ: Նա պատասխանեց. «Երբ որ հակառակորդը ձեռք է բերում նոր զինատեսակներ, մեզ այդ ամենն, իհարկե, մտահոգում է, բայց միջպետական հարաբերություններ կան, որ իրենք իրար հետ իրականացնում են, ես այլ կերպ գնահատական չեմ ուզում տալ:
Ցանկացած ձեռք բերված նոր զինամթերք մենք գնահատում ենք, թե դա ինչպիսի կիրառություն կարող է ունենալ գործողությունների վերսկսման դեպքում, ու մենք աշխատում ենք այդ ուղղությամբ եւս հակադրվելու միջոցներ ձեռք բերել, փոփոխություն կատարել մեր պլաններում, մեր գործողություններում: Մտահոգիչը մտահոգիչ է, բայց մենք էլ ամեն դեպքում պետք է մեր քայլերն ու մեր գործողություններն անենք»: Մենք նաեւ հարցրինք՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ մենք չպետք է սպասենք արհավիրքը հասնի մեր տուն, պետք է նաեւ նախահարձակ լինենք, հիմա մենք ո՞ր փուլում ենք՝ նախահարձակ լինո՞ւմ ենք, թե՞ միայն պաշտպանվում ենք: Լեւոն Մնացականյանը պատասխանեց. «Մենք ե՛ւ նախահարձակ լինելու, ե՛ւ այլ գործողությունների մասով բոլորն էլ մեր պլաններում տեղ են գտել, ու բոլորն էլ հաշվի առած են»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
04.10.2018