Մի՞թե ՀՀԿ-ում կարծում են, որ հասարակությունը հոգնել էր
բացառապես Սերժ Սարգսյանից
Դատելով խորհրդարանական ուժերի հայտարարություններից՝ բոլորը կողմնակից են Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացմանը: Խնդիրը այդ ընտրություններն անցկացնելու ժամկետների ու դրա համատեքստում՝ նպատակների մեջ է:
Ինչու է շտապում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, տրամաբանությունը պարզ է. որքան արագ ձեւավորվի Նոր Հայաստանի նոր խորհրդարանը եւ ձերբազատվի հնից, այնքան Հայաստանի զարգացումն ապահովելն ավելի հեշտ կլինի:
Ինչու չի շտապում ՀՀԿ-ն՝ նույնպես պարզ է. ՀՀԿ-ականների ու խորհրդարանից դուրս ներկայիս կառավարությանը դեմ հանդիսացողների տրամաբանությամբ՝ որքան ուշ անցկացվեն ընտրությունները, այնքան մեծ է հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության նկատմամբ վստահությունը կնվազի, հասարակության մոտ էյֆորիան կնվազի, ու նրանց ընկալմամբ՝ այդ պայմաններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը կկորցնի իշխանությունը:
Այստեղ է, որ առաջ է գալիս մի հարց, որի հիմքում ի սկզբանե ՀՀԿ-ի եւ արդեն նաեւ՝ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի համար պետք է ելակետային լիներ: Ենթադրենք, հինգ-վեց ամիս հետո կամ մեկ-երկու տարի հետո են Հայաստանում անցկացվում խորհրդարանական ընտրությունները: Հանգած էյֆորիան երաշխի՞ք է, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կարողանալու են անցնել խորհրդարան՝ ազատ, ժողովրդավարական, առանց ընտրակաշառքի անցկացված ընտրություններում: Այսինքն՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հանդեպ համաժողովրդական բուռն զգացմունքնե՞ր են արթնանալու, եւ հասարակությունը հանկարծ նրանց սկսելու է համարել վստահելի ո՞ւժ: Պատասխանը, ըստ երեւույթին, չարժե նույնիսկ հնչեցնել, որովհետեւ այն առավել քան ակնհայտ է: Առավել կարեւոր էր, որպեսզի այս կուսակցությունները անկեղծորեն իրենց գրասենյակներում քննարկեին, վերլուծեին, պատճառներ գտնեին՝ մեկ հարցի պատասխանելով՝ ինչո՞ւ են այսօր քաղաքական դաշտի լուսանցքում հայտնվելու վտանգի առջեւ կանգնել, ո՞վ է մեղավոր դրանում:
Հայաստանում անհրաժե՞շտ է Փաշինյանի կառավարությանը քննադատող իրապես գաղափարական ընդդիմադիր ուժ: Միանշանակ՝ այո՛: Նույնիսկ հասարակության էյֆորիայի պայմաններում անցկացված խորհրդարանում պարտադիր պետք է այդպիսի ուժ լինի, առանց այդպիսի ուժի պետության զարգացման հեռանկարներն ուղղակի վտանգի տակ կլինեն:
Բայց ձեւավորվե՞լ է այդպիսի ուժ այսօր: Առայժմ՝ ո՛չ: Այդ բա՞ցն են հիմա փորձում լրացնել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն՝ չունենալով հասարակական աջակցությո՞ւն… Նշանակում է՝ նրանց քաղաքական նպատակների իրագործման հնարավորությունները զրոյական են: Գիտակցելով սա՝ այս ուժերը գնում են այնպիսի քայլերի, որոնց եթե գնար կառավարությունը, նրանք անմիջապես բարոյականության կոչեր կհնչեցնեին:
ՀՀԿ-ականները մշտապես հիշեցնում են Փաշինյանի հայտարարած «սիրո ու համերաշխության» հեղափոխության մասին, մատնացույց են անում հասարակության բեւեռացումը՝ նշելով, որ տեղի է ունենում հակառակը, «ատելության մթնոլորտ» է եւ այլն: Եթե ՀՀԿ-ականները, ԲՀԿ-ականները ու ՀՅԴ-ականներն այդքան ուշադիր են, օրինակ, սոցիալական ցանցերում գնահատականներին ու այդքան դյուրագրգիռ, իրենք էլ պետք է փորձեն իրենց քայլերը գնահատել՝ հասարակությանը լարելու առումով: Օրինակ՝ որքանո՞վ էր հարիր օգտվել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվանից հասարակության տրամադրություններից ու ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունները գրեթե ծածուկ խորհրդարան բերել, ապա արտահերթ, գիշերային նիստով այն ընդունել՝ հավանաբար հույս ունենալով, որ հասարակությանը չեն հետաքրքրի խորհրդարանի գործունեության ապահովման տարբեր նրբությունները:
Առհասարակ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նմանատիպ գործողություններով եւ տարբեր հայտարարություններով հասարակությանն անընդհատ լարելու, անընդհատ «ոտքի վրա» պահելու հստակ քաղաքականություն է տարվում ՀՀԿ-ի կողմից: Եթե սա ընդամենը տպավորություն է, եւ ՀՀԿ-ն «քաղաքական դրդապատճառներից» է դրդված նման քայլերի գնում, ուրեմն պետք է պատրաստ լինի նաեւ պատասխան հասարակական ընդվզմանը: Հոկտեմբերի 2-ի երեկոյան Փաշինյանի ուղիղ եթերից հետո խորհրդարանի մոտ 30-40 րոպեում բազմության հավաքվելը ամենաթարմ փաստն էր:
Ցանկացած քաղաքական ուժ ունի իր հաշվարկներն ու նպատակները, դա նորմալ է, տարօրինակ կլիներ, եթե նրանք չունենային հաշվարկներ: Բայց քաղաքական դաշտում պետք է պահպանվեն խաղի կանոններ: Եթե ՀՀԿ-ն չէր ցանկանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, ուրեմն Սերժ Սարգսյանը կարող էր հրաժարական չտալ: Մի՞թե ՀՀԿ-ում կարծում են, որ հասարակությունը հոգնել էր բացառապես Սերժ Սարգսյանից: Կամ գուցե կարծում են, որ եթե Սերժ Սարգսյանը ակտիվ քաղաքականությունում չէ, ՀՀԿ-ի շանսերն օր օրի մեծանո՞ւմ են:
Քաղաքականությունում պարտվելը ամոթ բան չէ: Ավելին՝ իրապես քաղաքական հանդիսացող ուժը պետք է ամուր լինի ոչ միայն իշխանության եղած «քաղցր» օրերին, այլեւ «նեղ» օրերին, այսինքն՝ երբ ընդդիմություն է դառնում գործող իշխանությանը: Բայց գնո՞ւմ է ՀՀԿ-ն այդ ուղով: Կարծես՝ ոչ: Ըստ ամենայնի, նրանք նախընտրում են ոչ թե գաղափարական ամուր ընդդիմադիր ուժ դառնալու ճանապարհը (ցանկալի կլիներ՝ նոր դեմքերով), այլ Փաշինյանի կառավարության հնարավոր սայթաքումների վրա «խաղադրույք» դնելը՝ մոռանալով, որ գոյություն ունի հասարակություն, որը չի ցանկանում տեսնել այդ ուժին իշխանության ղեկին, ավելին՝ ընդամենը մի քանի ամիս առաջ արդեն մերժել է այդ ուժին:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
04.10.2018
Հարցը նրանումա, որ Նիկոլը ամեն ինչ անումա էյֆորիան երկարաձգելու համար, փոխանակ կենտրոնանա երկրում առկա խնդիրները լուծելու վրա. Զբաղվածա վենդետտայով չնայած խոստացելեր որ վենդետտա չի լինելու.
Ծիծաղելիա երբ ասում են Քոչարյանի ու Սաշիկի դեմ վենդետտա չի օրինականության հաստատումա. Չէ հենց վենդետտայա, օրինականության հաստատման դեպքում չպիտի ընտրովի լինի.
Օրինակության հաստատման դեպքում պետքա առաջինը տեր-Պետրոյանը կալանավորվեր 1996-ին սահմանադրական կարգը տապալելու համար իր համախոհների հետ միասին.
Տնտեսական հանցագործությունների մասով պետքա առաջինը Խաչատուր Սուքիասյանի գույքը ստուգվեր, հասկանաք ոնցա 90-կաններին համաժողովրդական սեփականությունը դարձել Գռզոյի անձնական սեփականություն, կամ ասենք ոնց եղավ, որ Վագեն Սարգսյանը ու իր եղբայրները 90-ականներին հսկայական պալատներ կառուցեցին.
Թե չէ հիմա ծիծաղալույա որ 90-ականների ավազակները Գռզոն, Մուշեղ Սաղաթելյան, Շահեն Պետրոսյան էն ժամանակվա հհշական շարմազանովները Արամ Մանուկյան բան իրանց դրել են սրբի տեղ ու արդարություն են պահանջում.
Աջ-ձախ անթիւ ու բազմատեսակ, զանազան ու զարմանազան վարկածներ կան անշուշտ, սակայն անոնցմէ մի քանի հատը, ասենք, աւելի իրականանման (plausible) կը թուին, ընդհանուր վերլուծման ծիրի մը մէջ:
Այս մասնայատուկ նիւթով, թէ՝ խի՞ Քոչարեանը հետապնդել, բայց ոչ ԼՏՊ-ն, գոնէ երկու բացատրութեան կարելիութիւններ կան, որոնք նաեւ կը նուազեցնեն անձնական ոխի կամ վրէժխնդրութեան վերագրումները՝
1) օրինական հետապնդման ճնշումի տակ, նոր իշխանութեան յոյսը այն էր որ Քոչարեանը, եւ իր նման անձեր, բանտէն խուսափելու համար, Պետութեան կը «վերադարձնէին» ինչ-որ հսկայական գումարներ.
ԼՏՊ-ն, այդ գետնի վրայ, նոյն աստիճանը թիրախ չէ…
2) Քոչարեանի դէմ հետապնդումները կը միտին նաեւ չէզոքացնելու, կամ գոնէ տկարացնելու, անոր քաղաքական դաշտ վերադառնալու տրամադրութիւններն ու հնարաւորութիւնները: (Չնայած, մարդասպանական արարքի մը կապակցութեամբ տակաւին դատական գործընթացի մէջ գտնուող անձեր, որոնք ուրեմն դեռ կրնան բանտ երթալ, դատի ըստ էութեան աւարտման հանգրուանին, կուսակցութիւն կազմեցին, եւ ԱԺ ընտրութեան պիտի մասնակցին… սակայն անոնք, գոնէ այս պահին, Փաշինյանութեան դաշնակիցներ են… եւ երբ որ այդ իրավիճակը փոխուի… անոնք դեռ կրնան բանտ երթալ, դատի ըստ էութեան աւարտման հանգրուանին… )
Այս գետնի վրայ եւս, ԼՏՊ-ն հեռու է նոյնքան վտանգաւոր լինելէ որքան Քոչարեանը, այժմու վարչակարգին համար…