Ազգային ժողովն անհրաժեշտ է լուծարել, մենք պետք է ունենանք նոր խորհրդարան՝ որքան շուտ, այնքան լավ: Ամենեւին վստահ չեմ, որ այդ Ազգային ժողովում կլինեն ավելի պարկեշտ մարդիկ կամ, առավել եւս, ավելի պրոֆեսիոնալ կադրեր: Բայց նոր խորհրդարանը` որպես պետական մարմին, վայելելու է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության վստահությունը, համենայնդեպս, իր աշխատանքի առաջին 1-2 տարիների ընթացքում: Իսկ դա Հայաստանին խիստ անհրաժեշտ է: Բացի այդ, կավարտվի այս անորոշ, «ժամանակավոր» իրավիճակը, ինչը թույլ կտա մեր պետությանը լուծել կարեւորագույն ներքին (առաջին հերթին՝ տնտեսական) եւ արտաքին խնդիրներ: Իհարկե, նոր խորհրդարանի առկայությունը բացարձակապես չի երաշխավորում, որ այդ խնդիրները կլուծվեն, բայց ստեղծում է դրանք լուծելու հնարավորություն, որը հիմա չկա:
ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի «դեմարշը» (կանոնակարգ-օրենքում փոփոխություններ նախաձեռնելու տեսքով) ամենեւին տեղին չէր, հաշվարկված չէր եւ որեւէ օգուտ այդ կուսակցություններին չի բերի: Չնայած մարդկայնորեն նրանց «բռնկումը» հասկանալի է. խոստացվում էր ընտրություններ անցկացնել մեկ տարվա ընթացքում, բայց Երեւանի ավագանու ընտրություններից հետո որոշումը կտրուկ փոխվեց, եւ այդ ժամկետը կիսով չափ կրճատվեց: Ինչպես ասում են` գլխապտույտ հաջողություններից:
Իր նպատակներին հասնելու համար կառավարությունը պետք է ուժ ցույց տա: Իսկ իր ուժը քաղաքացիների մեծամասնության անվերապահ աջակցությունն է: Բայց ինչպես ցանկացած ուժ, այն պետք է օգտագործել զգուշությամբ, մանավանդ՝ երբ դա տարերք է, հետեւաբար փոփոխական է, եւ չգիտես, թե երբ որ կողմն է այն թեքվելու: Պատմությունից հայտնի է, որ ատելության, վրեժխնդրության կրքեր բորբոքելն այնպիսի մի զենք է, որը կարող է ամեն վայրկյան շուռ գալ այդ զենքն օգտագործողների դեմ: Չբորբոքելու առաքելությունը դրված է ոչ միայն քաղաքական գործիչների, այլեւ հասարակությանը հայտնի բոլոր մարդկանց վրա: Մենք չենք կարող կանխել փողոցում կամ համացանցում տեղ գտած հերթական հայհոյանքը կամ անեծքը, բայց կարող ենք չհրճվել դրանով:
Առայժմ ես չեմ տեսնում վտանգ, որ վարչապետի հրաժարականից հետո պատգամավորները կառաջադրեն որեւէ այլ թեկնածուի. դա կառաջացնի ցասման այնպիսի ալիք, որն անգամ իշխանությունները գուցե չկարողանան որեւէ կերպ սանձել: Պատգամավորները, կարծում եմ, հասկանում են, որ բացի ամեն ինչից՝ դա նույնքան անիմաստ է, որքան իրենց վերջին «դեմարշը»:
Եվ վերջապես: Այդ «հրաժարականի եւ վարչապետ չընտրելու» գործընթացը պետք է մի քանի օրով հետաձգել: Ավելի ստույգ՝ մինչեւ հոկտեմբերի 13-ը, երբ կավարտվի գագաթնաժողովը: Կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, թե ինչու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Թերևս Ձեր խոսքում զգացվում է երեկվա հյուրերի ազդեցությունը․․․ Ինչու՞ են բոլորը մոռանում, որ մայիս-հունիսից առաջ քանիցս ասվել է հավանաբար տարեվերջ կամ փետրվար․․․ ոչ ոք սա չի հի՛ում, իսկ մայիսը իրենց ձեռնտու է ու անընդհատ դա են կրկնում․․․կամ հենց մայիսից գիտեին որ գնալու են արտահերթ ընտրությունների, թող պատրաստվեին, վերևից հրահանգ չկա՞ր․․․հիմա փրփուրներից են կառչում, լրացուցիչ լարվածություն ստեղծում ժողովրդի մեջ ու վարչապետի համար․․ սադրում, որ նա էլ կտրուկ արտահայտություններ անի․․․ ստորությունը սահման ունի, երկիրը մերն էլ է, մենք էլ ենք մտահոգ դեմագոգիան նրանց չի փրկի․․․
Անուշ ջան, պազրապես տեղեկացնեմ, որ խմբագրականը գրվել է երեկ ցերեկը, իսկ հյուրերն երեկ ուղիղ եթերում ժամը 22-ից հետո էին: Մնացածն, իհարկե, Ձեզ կարծիքն է, իսկ ես հարգում եմ ցանկացած կարծիք:
Երեխան միայն հիվանդանալով ու ապստամբելով այդ հիվանդության սկզբնապատճառների դեմ կարողանում է ճանաչել աշխարհն ու այդ աշխարհի հիվանդությունների դեմ դիմադրողականություն երկարաժամկետ ձեռք բերել: Ժողովրդավարությունը դա ժողովրդի մասնակցությունն է պետության ու ազգի պաշտպանությունում որպես զինվորական մասնագետ՝ զինվորական գրքույկով, ժողովրդի մասնակցությունը քաղաքական դաշտում որպես քաղաքացի՝ քաղաքացու անձնագրով, որպես մասնավոր ձեռնարկատեր՝ արտոնագրով (վարձու աշխատանքը վերացնում ենք ու էլ ոչ մի աշխատանքային գրքույկ): Միայն դժվարությունները հաղթահարելով ենք ճանաչում աշխարհն ու դիմադրում աշխարհի խոչընդոտները ու ստեղծում նոր նպատակներ ու դրանցով պայմանավորված նոր խոչընդոտներ հաղթահարում: Դժվարություններ հաղթահարելը մեծագույն հաճույք է, հատկապես երեխաների ու երիտասարդության միջավայրում, իսկ մեծերը պետք է միշտ նրանց խրախուսեն անընդհատ դժվարություններ հաղթահարելն ու հաղթանակի հաճույքը ու օգնեն նրանց տեղը գալուց:
Այսօրը մեր քաղաքական մանկությունն ու երիտասարդությունն է:
Մենք թէեւ ճգնաժամի պահին միայն զարթնացողներ ենք, սակայն թերեւս օգտակար կը լինէր որ Հայաստանում «հասարակութեանը յայտնի» անձերը անցեալին ալ մի քիչ ջանք անէին, որպէսզի չհասնէինք այս վիճակին:
Թիւրիմացութիւն չլինի, ես այն Սեւերից չեմ որ յանկարծ ուզում են Սպիտակի տեղ անցնիլ: Շապիկը տեւաբար դարձնելը յոգնեցուցիչ գործ է, եւ ամէն մարդու տրուած շնորհք չէ: Խօսքս կը վերաբերի սակայն Խմբագրականի ամենավերջին միտքին:
Երբ որ ծայրահեղական խմբակ մը (էն վախտը, միայն այդքանն էր…), ամիսներ շարունակ յայտարարեց թէ Հայոց Ցեղասպանութեան Հարիւրամեակի ոգեկոչման օրը, Երեւանի փողոցներուն մէջ սկսելու են ապստամբութեան շարժում, Հայաստանում շատ ել մտահոգութիւն յայտողներ չեղան, թէ այդ օրը պատշաճ չէ, այդպիսի բանի մը համար: Նաեւ ոչ ոք քննադատեց այդ շարժման նշանաբանը, որ ինքնին արդէն նախատինք մըն էր Մեծ Եղեռնի նահատակների նկատմամբ, քանզի ուղղակի զանոնք կը շահագործէր, քաղաքական ներազգային նպատակներով: Դեռ չխօսելու համար հայեր հայոց ցեղասպանութեան հեղինակներուն հետ նոյնացնելու ընդհանրացած աւանդոյթին, Հայաստանի մէջ:
Երեւի Ֆրանքոֆոնին աւելի կարեւոր կը նկատուի այդտեղ – վերջապէս, շա՜տ ֆրանսախօս երկիր է, չէ… -, քան թէ Ցեղասպանութեան Հարիւրամեակը, զորս աւելի Սփիւռքի ախպարներին վերապահուած, երբեմն ծիծաղելի մտասեւեռում մըն է: Բայց ինչեւե, անոնք ալ այդպիսի անկարեւոր բաներով թող զբաղուին… Դուք վերջապէս «պետութիւն» կերտելով զբաղուած էք… Եւ երեսուն տարի ետք, ատոր արդիւնքը բացառիկ է, զգլխիչ, ինչպէս որ կը տեսնենք…
Ամէն դէպքում, այժմու դրութեամբ, Հայաստանում թշնամի երկու կողմերն ալ կարող են շահագործել ուզել այդ միջազգային միջոցառումը, ամէն մէկը իր ներքին քաղաքական հաշիւներով: Կարծեմ դեռ «քաղբանտարկեալ»ի մը տղան արդէն այդ ուղղութեամբ ցոյց մը յայտնած է: Սակայն հաւանաբար զինք հանդարտեցնեն հասարակութեանը յայտնի անձեր: Սկսեալ անոնցմէ, որոնք Հարիւրամեակը պիտի խափանէին:
«Չկա մի ժողովուրդ՝ կատարյալ ու կիրթ կամ բարբարոս ու անքաղաքակիրթ, որ հնարավոր չհամարի, թե ապագա իրադարձությունները կարող են ճանաչելի, հասկանալի և կանխատեսելի լինել որոշ մարդկանց կողմից»: (Ցիցերոն)
Ուշադրություն դարձրեք «նոր եւ հին արտոնյալ դասերի» հոգեբանական ու ֆիզիոլոգիական առանձնահատկությունների վրա:
Տեսնու՞մ եք տարբերությունը կամ նմանությունը: