Իմ ներկա ուսանողներին, 50 տարվա իմ շրջանավարտներին, նրանց ծնողներին, իմ կոլեկտիվի ներկա և նախկին անդամներին, իմ ընկերներին, բարեկամներին, և առհասարակ, գիտության և կրթության հարգը ճանաչող իմ հայրենակիցներին
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ
Ձեր մեկնաբանություններով, նամակներով և բոլոր հնարավոր միջոցներով արտահայտեք Ձեր կարծիքը. արդյո՞ք ես արժանի եմ աշխատանքից ազատման տարիքի պատճառով, որը կատարել է համալսարանում բազմաթիվ անօրինականությունների հեղինակ և նախկինում մի քանի գիտակրթական հաստատություններ կործանած Արտուշ Ղուկասյանը: Սույն թվականի սեպտեմբերի 3-ին ինձ ազատել է աշխատանքից՝ առանց իմ իմացության, իսկ հետո երկու աշխատակցուհու «երաշխավորությամբ» ինձ առաջարկվել է ժամավճարային հիմունքով դասավանդել, որը ինձ համար վիրավորական է և, բնականաբար, անընդունելի:
Խնդրում եմ՝ սատա՛ր կանգնեք ինձ և պաշտպանե՛ք իմ և համալսարանի աշխատակիցների 90%-ի պահանջը, այն է՝
ԳՊՀ ՌԵԿՏՈՐ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՓՈՔՐԱԹԻՎ ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԵՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ
Ամեն ինչ սկսվեց այս ելույթից
Գորիսի պետական համալսարանում աշխատում եմ համարյա հիմնադրման օրվանից, և համալսարանի հետ կատարվող յուրաքանչյուր բացասական երևույթ ինձ ցավ է պատճառում: Անտարբեր լինել չեմ կարող: Ավելի քան 34 տարի ղեկավարել եմ օտար լեզուների ամբիոնը, որը եղել է այս կրթական հաստատության ամենաօրինակելի ամբիոններից մեկը: Կուռ ու համերաշխ մի ընտանիք, որի դասախոսները սկզբունքայնության ու նվիրյալության դասեր ստանալու կարիք, թվում է, չունեն: Նրանցից յուրաքանչյուրը ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ, շատ լավ տիրապետում է իր մասնագիտությանը, լավ գիտի իր իրավունքները և պարտականությունները: Սակայն այսօր աներևույթ զորությամբ ամբիոնի համերաշխությունից միայն քաղցր հիշողություն է մնացել: Այն պահպանելու մեր բոլոր ջանքերը ապարդյուն են անցել: Նկատում ենք, որ նույն իրավիճակը` կռիվ, վեճ, անվստահություն, անպաշտպանություն, բազմաթիվ անօրինականություններ տիրում է նաև մյուս ամբիոններում: Անառողջ մթնոլորտ է ողջ համալսարանում: Ո՞րն է պատճառը, ինչո՞ւ ենք կորցրել 50-ամյա մեր գեղեցիկ ավանդույթները` մեծի սիրով, փոքրի հարգանքով, միմյանց լսելու և վստահելու կարողությամբ: Խնդրում եմ` համալսարանը կործանման մի՛ տարեք, սիրելի՛ երիտասարդներ, գործընկերներ, հայրենակիցներ, համախմբվե՛ք միասնական խելամիտ որոշման շուրջ, եղե՛ք վճռական և տե՛ր կանգնեք մեր ստեղծածին:
Հասմիկ Թունյան,
Գորիսի Պետական Համալսարանի ֆրանսերենի դասախոս, դոցենտ