Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպանության գործը դատարան հասավ թերություններով

Հոկտեմբեր 04,2018 14:00

2017թ. հուլիսի 30-ին հարուցվել է քրեական գործ՝
Դավիթ Առաքելյանին ծեծելու եւ սպանելու համար

Մեղադրական եզրակացության համաձայն. «2017թ. հուլիսի 30-ին Սեւանա լճի «Միրաժ» կոչվող հանգստյան գոտու հարակից տարածքում հանգրվանել են Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ Դավիթ Առաքելյանը եւ նրա մտերիմները: Նույն օրը՝ ժամը 19-ի սահմաններում, Դավիթ Առաքելյանը, Սեւան քաղաքի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանին պատկանող զբոսանավով, գործով չպարզված անձանց հետ միասին շրջագայել են Սեւանա լճում, որի ընթացքում Դավիթ Առաքելյանը վիճաբանության մեջ է մտել Աշոտ Հովհաննիսյանի հետ, իսկ վերջինս հարկադրված դադարեցրել է շրջագայությունը եւ վերադարձել է լողափ, որտեղ Աշոտ Հովհաննիսյանը, նրա որդիներ Էդգարը, Մամիկոնը, Դավիթ Առաքելյանն ու նրա մտերիմները նշված հարցը պարզաբանելու ընթացքում վիճաբանել են իրար հետ, ինչը վերաճել է քաշքշոցի եւ ծեծկռտուքի: Այդ ժամանակ Աշոտ Հովհաննիսյանը հանկարծակի հայտնվել է գետնին ու կորցրել գիտակցությունը: Աշոտ Հովհաննիսյանին քիչ անց տեղափոխել են «Սեւանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն, որտեղ էլ վերջինս գիտակցության չգալով, սուր կորոնար անբավարարությունից, չափավոր արտահայտված ընդհանուր աթերոսկլերոզի, կորոնարոկարդիոսկլերոզի, հետինֆարկտային խոշոր օջախային կարդիոսկլերոզի հետեւանքով մահացել է: Էդգար եւ Մամիկոն Հովհաննիսյանները տեղեկանալով իրենց հոր մահվան մասին, եւ ենթադրելով, որ իրենց հայրը մահացել է ծեծկռտուքի հետեւանքով եւ դրանում մեղադրելով Դավիթ Առաքելյանին, որոշել են հայտնաբերել նրան եւ ծեծելու եղանակով վրեժխնդիր լինել նրանից: Որից հետո Էդգար Հովհաննիսյանն իր վարած «Օպել-Վեկտրա» ավտոմեքենայով Մամիկոն Հովհաննիսյանի հետ գնացել են հանգստյան գոտու տարածքից հեռացած Դավիթ Առաքելյանի հետեւից: Երեւան-Իջեւան ավտոճանապարհով ընթանալիս, կայանված վիճակում ճանապարհին գտնվող «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի հետեւի նստատեղում նկատելով Դավիթին, բռունցքներով նրան մի քանի անգամ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածներին, առողջությանը պատճառելով թեթեւ վնասվածք չպարունակող մարմնական վնասվածք, ինչի արդյունքում վերջինս վայր է ընկել գետնին՝ ճանապարհի երթեւեկելի մասում, մեքենաների մոտ: Էդգար Հովհաննիսյանն իր ավտոմեքենայի սրահից վերցնելով իրեն պատկանող բազմալիցքավորվող ողորկափող որսորդական հրացանը…մոտեցել է գետնին ընկած Դավիթ Առաքելյանին, հրազենն ուղղել է նրա գլխի ուղղությամբ, մի անգամ կրակել է, որի հետեւանքով Դավիթ Առաքելյանը ստացել է գանգուղեղային եւ ողնուղեղային համակցված հրազենային կույր վիրավորում, որի հետեւանքով տեղում մահացել է»:

Ըստ տուժող Առաքելյանների ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Մալխասյանի՝ Գեղարքունիքի մարզի դատախազությանն ուղղված բողոքի. «Իրականում Ա.Հովհաննիսյանի մահվան պատճառ է դարձել սրտի անբավարարությունը, նրան որեւէ մեկը չի հարվածել, առավել եւս՝ ծեծի չի ենթարկել»:
Տուժողի ներկայացուցիչը վերլուծելով մեղադրանքը եւ համադրելով քրեական գործի փաստական տվյալների հետ, կարծում է, որ մեղադրանքում առկա ձեւակերպումները՝ Էդգար եւ Մամիկոն եղբայրների կողմից տուժողին հայտնաբերելու նպատակի, ինչպես նաեւ նրան սպանելու, ավտոմեքենայից իջեցնելու, հրացանը վերցնելու, սահմանազանցում թույլ տալու հանգամանքների մասով հիմնավորում, փաստական տվյալներ գործում առկա չեն. «Մեղադրանքը ձեւակերպելիս քննիչը չի հստակեցրել, թե այդ հանգամանքները ինչպիսի տվյալներով ու ապացույցներով են հավաստվում, ուստի ակնհայտ է, որ մեղադրանքի ձեւակերպումները նպատակ են հետապնդում առավել խիստ պատասխանատվությունից ազատել Հովհաննիսյան եղբայրներին»:
Տուժողի ներկայացուցչի դիտարկմամբ, քննությամբ որեւէ գործողություն չի կատարվել պարզելու մեքենայի մեջ հրազենի դրվելու հանգամանքները: Փաստաբան Գ. Մալխասյանը, վկայակոչելով Էդգար Հովհաննիսյանի ցուցմունքը, թե լողափին տեսնելով հորը ընկած, գնացել է բժիշկ բերելու, գրում է. «Ըստ էության, Էդգար Հովհաննիսյանը կարող էր մեքենայով գնար հրազենը բերելու, որպիսի հանգամանքը պարզելու ուղղությամբ որեւէ քննություն չի կատարվել»:

Մամիկոն Հովհաննիսյանը ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում էր տվել այն մասին, որ Դավիթը զբոսանավում խուլիգանություն է կատարել, լողափում հարվածել է հորը, որից հետո նա վայր է ընկել, կորցրել է գիտակցությունը:

Ի դեպ, ըստ մեղադրանքի կողմի. «Գործի քննության ընթացքում հիմնավորվել է, որ զբոսանավում Դավիթ Առաքելյանը խուլիգանություն չի կատարել, նրա հետ վիճաբանել է Աշոը Հովհաննիսյանը, որն էլ քաշել, պատռել էր Դավիթ Առաքելյանի հագուստը: Գործով միանշանակ հերքվել է Դավիթ Առաքելյանի կողմից լողափում Աշոտ Հովհաննիսյանին հարվածելու ու դրա արդյունքում վերջինիս կողմից գետնին ընկնելու, գիտակցությունը կորցնելու, դրա հետեւանքով մահը վրա հասնելու հանգամանքը»:

Տուժող կողմը վերահսկողություն իրականացնող դատախազության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հաղորդում տալիս, անձը զգուշացված է եղել ճիշտն ասելու, տեղեկացնելու, մինչդեռ այս հաղորդումը իրականությանը չի համապատասխանում:

Փաստաբան-ներկայացուցիչը խնդրել էր, որպեսզի նախաքննությունն իրականացնող մարմինը մեղադրյալ եղբայրների արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տա, խստացնի մեղադրանքը, եւ մեղադրանք առաջադրի Քրեական օրենսգրքի՝ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ Դավիթ Առաքելյանին ապօրինի կյանքից զրկելու համար, իսկ Մամիկոն Հովհաննիսյանին՝ սուտ մատնության համար ներգրավել որպես մեղադրյալ:

Հունվարի 18-ից գործն այսպիսի վիճակով ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սեւանի նստավայր:
«Իրականում սխալ որակումներով գործը մտավ դատարան»,- «Առավոտին» ասում է ներկայացուցիչ-փաստաբանը՝ Գ. Մալխասյանը:
Դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ մինչ օրս տեղի է ունեցել յոթ նիստ:

Է.Հովհաննիսյանը կալանավորված է, գտնվում է ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, իսկ Մամիկոնի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չբացակայելու մասին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

03.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031