Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարդ-նվագախմբի» հուշերը՝ 100 տոկոսով հայ, 100 տոկոսով ֆրանսիացի շանսոնյեի մասին

Հոկտեմբեր 04,2018 13:30

Ամերիկաբնակ դաշնակահար, կոմպոզիտոր, արեւմտյան մամուլի որակմամբ՝ մարդ-նվագախումբ Արմեն Ահարոնյանը կրկին հայրենիքում է: «Առավոտը» ճանաչված երաժշտի հետ ծավալուն հարցազրույց է ունեցել, որը տպագրվել է 19.06.2018թ. համարում: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում հաստատվելուց միայն 36 տարի հետո՝ 2016-ին, արվեստագետը այցելեց հայրենիք եւ ունեցավ չնախատեսված 8 համերգ Երեւանում, Գյումրիում եւ Արցախում: Համագործակցելով հայ եւ օտարազգի անվանի երաժիշտների հետ, թողարկել է շուրջ 1600 CD, որոնց երաժշտական ձեւավորման եւ գործիքավորման հեղինակն է նա: Իսկ միայն այս տարվա ամռանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած մենահամերգին հայաստանցի գործընկերների մասնակցությամբ տեղի ունեցավ Ահարոնյանի հեղինակային առաջին CD-ի շնորհանդեսը, որում ներառված են «մարդ-նվագախմբի» մատուցմամբ Կոմիտասի, Օրբելյանի, Ազնավուրի, Այվազյանի, Գերշվինի եւ այլ հանրահայտ հեղինակների ստեղծագործություններ: Հիշեցնենք, որ Արմեն Ահարոնյանը 1980-ականների սկզբին Շառլ Ազնավուրի զարմիկի միջոցով ծանոթացել է մեծանուն շանսոնյեի հետ, համագործակցել Շառլ Ազնավուրի, նրա քրոջ՝ Աիդայի եւ դստեր՝ Սեդայի հետ, 1983թ. թողարկել «Սայաթ-Նովա» ալբոմը: Տարիներ անց ալբոմը վերաթողարկվել է տասնյակ հազարավոր օրինակով:

Արմեն Ահարոնյանին այս անգամ էլ հանդիպեցինք «Արամ Խաչատրյան» համերգասրահում, բայց արդեն Շառլ Ազնավուրի մեծադիր նկարի առջեւ տխուր կանգնած… Անգամ հարկ չեղավ հարց ուղղել. արվեստագետը «բացեց» ազնավուրյան հիշողությունները. «Առաջին հանդիպումս շանսոնյեի հետ լոսանջելեսյան իր տանն էր, 1981թ., որը գտնվում էր Բեւեռլի հիլզի հարեւանությամբ՝ Բրենդվուտ քաղաքում: Հենց այդտեղ ծանոթացա նաեւ քրոջ՝ Աիդայի եւ դստեր՝ Սեդայի հետ: Սկսվեց հանդիպումների շարք, նպատակը «Սայաթ-Նովա» ալբոմի թողարկումն էր: Փորձերի ընթացքում բնականաբար տարբեր բնույթի խոսակցություններ էին ծավալվում, օրինակ՝ շանսոնյեն մի օր ասաց, որ հենց իր 60-ամյակը լրանա, թողնելու է ծխելն ու խմելը, հետեւելու է իր առողջությանը… Մեկ-երկու տարի անց, երբ ներկա էի նրա 60-ամյա հոբելյանին, զգուշորեն հարցրի՝ այսուհետ հետեւելո՞ւ եք ձեր առողջությանը: Ասաց՝ մինչեւ 60-ս ամեն ինչ ըրած եմ, հիմա ժամն է ինձ հետեւելու, օրինակ՝ 6-էն ետքը էլ ոչինչ չեմ ուտեր, միայն մեկ գավաթ մածուն… Ազնավուրների հետ շատ համերգներ եմ ունեցել: Իրաքի հերոս, մեր հայրենակից Սարգիս Սողանալյանի «Բոինգով» Ազնավուր ընտանիքի հետ թռչում էինք Նյու Յորք, որի հարեւանությամբ գտնվող Նյու Ջերսիի բացօթյա, շուրջ 15 հազար հանդիսականի համար նախատեսված դահլիճում համերգ էինք ունենալու: Ազնավուրը սիրում էր նարդի խաղալ: Օդանավում տարերքի մեջ էի ընկել ու 4:0 հաշվով հաղթում էի, մեկ էլ սթափվեցի՝ տեսնելով նրա ապրումները… Հետո պարտվեցի: Իհարկե, շանսոնյեի փեսան՝ Կառվարենցը, որ հետեւում էր խաղին, հայացքով «շնորհակալություն» հայտնեց ինձ: Չգիտեմ ինչ ասեմ, Աստված մի արասցե՝ նման արհավիրքը կրկնվի (նկատի ունի Սպիտակի երկրաշարժը), շանսոնյեն իր տեղը չէր գտնում այդ օրերին… Գիտեք, որ վերջերս միայն Ազնավուրին շնորհվեց դարի երգիչ տիտղոսը: Ճիշտն ասած՝ եղել են նաեւ այլ մեծություններ, բայց Ազնավուրն արժանացավ այդ պարգեւին, որովհետեւ ի տարբերություն մյուս անվանիների՝ նա երգեց շուրջ 15 լեզուներով: Ափսոս, շա՜տ ափսոս… Հավանաբար գիտեք՝ հաճախ էր առիթի դեպքում ասում՝ 100 տոկոսով ֆրանսիացի եմ, 100 տոկոսով հայ: Ախր, մեծ մարդասեր էր, նաեւ հայրենասեր… Ինչպես ինքն էր սիրում մարդկանց, մարդիկ էլ իրեն էին սիրում, եւ զարմանալի չէ, որ տարբեր ազգեր շանսոնյեին համարում էին իրենցը»:

Վերջերս Արմեն Ահարոնյանը Լեւոն Մալխասյանի, Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզնկյանի, երգչուհի Աննա Վարդազարյանի հետ հյուրընկալվել էր Ստեփանակերտում, որտեղ տեղի պետական ջազ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Լալայան) ունեցել են մեկ համերգ՝ նվիրված Մարտին Վարդազարյանի ծննդյան 80-ամյակին:
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում հոկտեմբերի 5-ին կկայանա ռեժիսոր Կարեն Եփրեմյանի «Արմեն Ահարոնյան» երաժշտա- վավերագրական ֆիլմի առաջին դիտումը: Այդ օրը «մարդ-նվագախումբը» կներկայացնի նաեւ հայ եւ այլազգի ճանաչված հեղինակների գործեր, նաեւ Ազնավուր:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

03.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031