Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստը՝ մաշկի վրա

Հոկտեմբեր 04,2018 13:00

«Շատերի համար տատուն պարզապես գումար աշխատելու լավ միջոց է, բայց ինձ համար այն արվեստ է, ամենապատասխանատու արվեստներից մեկը: Իմ աշխատանքը նույն նկարչի աշխատանքն է, ուղղակի այս դեպքում աշխատում եմ ոչ թե կտավի կամ թղթի վրա, այլ մաշկի, որի վրա փորձում եմ ստեղծագործել՝ արտահայտելով մտքերս ու երեւակայությունս»,- պատմում է դաջվածքների վարպետ Գոռ Խաչատրյանը։

Գոռի համար իր աշխատանքը չափազանց պատասխանատու է, քանի որ արված դաջվածքը ապրելու է մարդու հետ ողջ կյանքի ընթացքում։ Սխալվելն անուղղելի է. եթե կտավը կարելի է փոփոխել, մաշկի դեպքում դա անհնար է:

Դաջվածքը մարդու մարմնի մանիպուլացման եղանակներից մեկն է, որը ներառում է սպիների, կտրվածքների եւ պատկերազարդելու միջոցներ։ Դաջվածքը պատկանում է ամենահին ավանդույթների շարքին։ Չնայած բազմադարյան քննադատությանը, այն չի վերացել, այլ ժամանակի ընթացքում ենթարկվել է լուրջ փոփոխությունների եւ հարմարեցվել է հասարակության բոլոր շերտերի նախասիրություններին: Ներկայումս դաջվածք անող մասնագետը ազատ է դաջվածքի ընտրության թեմատիկայում եւ սյուժեում, բացառությամբ այն դեպքում, երբ դաջվածքը կատարվում է հանցագործների մարմնին։

Հայաստանում դեռ 20 տարի առաջ դաջվածքները կարելի էր հանդիպել միայն բանտարկյալների եւ զինծառայողների վրա, սակայն ներկայումս կարելի է հանդիպել բազմաթիվ մարդկանց, ովքեր սիրահարվել են դաջվածքների արվեստին:

Գոռը հիշում է իր առաջին փորձարկումը, որը արել էր բանակում՝ փորձելով ուղղել սխալ արված դաջվածքը։ Եվ ի զարմանս նրա՝ ամեն ինչ լավ էր ստացվել։ Հետո հոբբին դառնում է աշխատանք, եւ արդեն բավական ժամանակ է՝ նա ապրում է այդ արվեստով։

«Փոքր ժամանակ էլ սիրում էի նկարել, հետաքրքիր էսքիզներ էի ստանում։ Բայց դաջվածքների աշխարհը դեռ բացահայտված չէր ինձ համար, քանի որ Հայաստանում մեծ տարածում չուներ»։
Գոռը վստահեցնում է, որ լավ արդյունքը մյուս կողմից կախված է նաեւ տվյալ անձից, ում մաշկի վրա աշխատում է։ Նրա տեսակը, էներգետիկ դաշտը մեծ նշանակություն ունի։
«Երբեմն լինում են դեպքեր, երբ որեւէ էսքիզ շատ եմ հավանում եւ առանձնացնում, բայց որոշ ժամանակ անց գալիս է նորը: Կան էսքիզներ, որոնց վրա ավելի երկար եմ աշխատում ու անգամ ինքս զարմանում արդյունքի վրա»,- ժպտալով ասում է Գոռը։ Հետո հիշում է մի դեպք, երբ տարիներ առաջ հաճախորդի հետ հեռախոսով էր կապ հաստատել։ Վերջինս շատ պատկերավոր նկարագրել էր իր ուզած էսքիզի տեսքը, բայց հանդիպումը բացառելու համար տարատեսակ պատճառներ էր բերում։

«Որոշեցի ես էլ խաղ խաղալ. էսքիզի վրա այնպես թաքցրի անվանս տառերը, որ նկատելը գրեթե անհնար էր։ Միայն երկար եւ ուշադիր նայելով կարելի էր հասկանալ՝ ով է հեղինակը։ Էսքիզը էլեկտրոնային տարբերակով ուղարկեցի նրան եւ այդ օրվանից այլեւս նրանից տեղեկություն չունեցա։ Որոշ ժամանակ անց, սակայն, տեսա նրա՝ այդ նույն դաջվածքով նկարը համացանցում։ Նա նույնիսկ չէր էլ նկատել, որ այդտեղ գրված են իմ անվանատառերը»,- պատմում է Գոռ Խաչատրյանը։

Չնայած Հայաստանում դեռ այդքան ընդունված չէ կանանց դաջվածքները, բայց Գոռը կարծում է, որ տատուն սեռ ու տարիք չի ճանաչում։ Արվեստից հասկացողը գնահատում է դա։ Ինչպես ինքն է ասում՝ մարդ պետք է կայացած լինի եւ հստակ իմանա, որ հասարակությունը ոչ մի կապ չունի այստեղ։ Անհատը պետք է ղեկավարի իր մարմինը, ոչ թե հասարակությունը:

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

03.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031