Լրահոս
Օրվա լրահոսը

Աճող ինքնասպանություններն ու մեր պատասխանատվությունը

Հոկտեմբեր 04,2018 12:30

Անցնող շաբաթ շատ լուրեր լսեցինք ինքնասպանությունների մասին: Հատկապես մի տեղ երեխա էր ինքնասպանություն գործել, որը ոմանք վերագրում են հեռախոսներով տարածվող մի նողկալի սատանիստական խաղի:

Ամբողջ հարցն այն է, որ այս խեղճ մարդիկ այդ պահին հույս չեն տեսնում, ելք չեն տեսնում: Դե որտեղի՞ց տեսնեն, երբ հույսի ու լավ բաների մասին խոսքը չի լսվում, ձայնը տեղ չի հասնում:
Քննեք ձեր սրտերը ու տեսեք՝ դուք ինչ եք տարածում մարդկանց:

Ոմանք ոչինչ, ոմանք էլ իրենց ֆոտոսեսիաները (ներառյալ եկեղեցականներն ու աղանդավորները), ոմանք շաբաթը մի քանի անգամ նկար են դնում, թե որտեղ կերան ու ինչ կերան, ոմանք բամբասանք, ոմանք փառք, ոմանք սելֆի, ոմանք էլ ատելություն: Ոմանք էլ պարզապես սիրում են մի հայտնի մարդու կողքը կանգնել ու նկարվել, որ ցույց տան ու պարծենան, թե տեսեք ում հետ եմ նկարվել:

Ու սենց մարդկանց միտքը լցվում է զիբիլով, եւ Ֆեյսբուքում, եւ առօրյա խոսակցություններում, եւ հեռուստատեսությամբ, եւ մամուլում: Անձնապաշտություն, սեփական անձի բարձրացում: Քրիստոնյաներ, գունե դուք սթափվեք:

Այս ամենի համար մենք բոլորս պատասխանատու ենք լինելու: Շատ կուզեի իմանալ, այն մարդիկ, ովքեր ինքնասպանություն են գործում, իրենց ընկերներն ինչ են գրում ու կիսում Ֆեյսբուքում: Եթե դուք շարունակեք միայն անձնակենտրոն աղբ տարածել, ապա հնարավոր է, որ հաջորդ շաբաթ ինքնասպանություն գործի ձեր շրջապատից մի մարդ, ում դարդի մասին դուք կամ չգիտեք, կամ էլ բավական չեք սփոփել հույսով:

Մենք պետք է լավ հասկանանք, որ բառերն ու խոսքերը մեծ զորություն ունեն, մեծ ազդեցություն ունեն ու ամեն բառ, որ մենք խոսում ու կիսում ենք, ձեւավորում է մեր կողքի մարդու միտքն ու ներաշխարհը: Դուք կամ մարդկանց հույս եք տալիս, կամ զրկում հույսից: Խնդրում եմ, տասն անգամ չափեք ու նոր կտրեք, թե դուք ինչի մասին եք ամբողջ օրը գրում ու ինչ եք կիսում ձեր ընկերների հետ:

Ինձ անձնապես չի հետաքրքրում ոչ ձեր սելֆիները, ոչ ձեր ուտելիքները, ոչ էլ ձեր ունեցվածքը: «Մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մէջ չէ» (Ղկ 12:15):
Խնդրում եմ, եթե դուք էլ մտահոգ եք այս բաների մասին, օգնեք տարածել, կիսեք ձեր էջերին, պատմեք մարդկանց այս բաների մասին, փոխեք խոսակցությունների թեմաները դեպի ավելի լավ, բարի ու լուսավոր բաները: Հույսով լցրեք մարդկանց սրտերը: Միգուցե, ձեր միջոցով ավելի շատ մարդիկ լցվեն հույսով, ու մի կյանք խնայվի հուսահատությունից դեպի լույս:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

03.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031