Նիկոլ Փաշինյանի հազարավոր համախոհների՝ խորհրդարանի պատերի տակ հավաքվելը հոկտեմբերի 3-ի գիշերը չէր կարող չլինել. ցույցերի վերսկսումը ժամանակի հարց էր, ռուսական «Կոմերսանտ»-ում «Սառնարան Փաշինյանի համար» խորագրով հոդվածում գրում է թերթի հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովը:
Մայիսյան «թավշյա հեղափոխությունը» իրականում հեղափոխություն չդարձավ: Հրապարակից նստելով կառավարության ղեկավարի աթոռին՝ Նիկոլ Փաշինյանը դարձավ գեներալ առանց բանակի: Նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը պահպանեց հնարավորությունն ազդելու քաղաքական իրավիճակի վրա: Եվ հոկտեմբերի 2-ին օգտվեց այդ հնարավորությունից՝ նախաձեռնելով օրենքի ընդունում, որը, ըստ էության, արգելափակում է խորհրդարանի արձակումը:
Ժողովրդականություն չվայելով և վարչական ռեսուրսից զրկված հանրապետականներն արդարացիորեն մտավախություն ունեն, որ արտահերթ ընտրություններին իրենք խորհրդարանում չեն հայտնվի: Սակայն իրենց համար անընդունելի այդ սցենարը կանխելու կամ հետաձգելու համար չափազանց անհարմար պահ էր ընտրված: Երևանի ավագանու սեպտեմբերյան ընտրությունները ցույց տվեցին, որ Փաշինյանի ժողովրդականությունը միտք էլ չունի նվազելու. նրա «Իմ քայլը» դաշինքը ստացավ ձայների 81,05 տոկոսը՝ մյուսներին թողնելով իրենից մեծ հեռավորության վրա: Արդյունքում Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետ դարձավ վարչապետի աջակցությունը վայելով կատակերգու Հայկ Մարությանը: Նույն հաջողությամբ Երևանի քաղաքապետ կարող էր դառնալ աթոռակ, եթե դրա օգտին քարոզչություն կատարեր Նիկոլ Փաշինյանը: Այդպիսին է այսօրվա հայկական իրականությունը. մարդիկ փոփոխություններ են ուզում, և միակը, ով ասոցացվում է այդ փոփոխությունների հետ, Փաշինյանն է:
Արդյունքում Հանրապետական կուսակցությունը և նրա աջակիցները «Դաշնակցությունից» և «Բարգավաճ Հայաստանից» քվեարկեցին վիճելի օրինագծի օգտին, ստացան խորհրդարանի մոտ հավաքված բազմություն և բազմաթիվ տհաճ զգացողություններ, գրում է Սոլովյովը:
Տաղանդավոր հռետոր Փաշինյանի համար փողոցը միակ հասանելի և դեռ անխափան ռեսուրսն է: Եվ նա չի թաքցնում, որ կօգտվի դրանից մինչև հաղթանակ: Այսինքն մինչև լիարժեք իշխանություն ստանալը: Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե նա ձեռքի տակ ունենա իրեն հավատարիմ խորհրդարան:
Վարչապետի աթոռին 5 ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի արել ոչինչ, որը հնարավոր լինի անվանել բարեփոխում, կարծում է հոդվածագիրը: Այն թեթևությունը, որով նա ազատվում է նախարարներից կամ խորհրդականներից, վկայում է այն մասին, որ «Փաշինյանի թիմը» դեռ չի ձևավորվել: Նա ասում է, որ պայքարում է կոռուպցիայի դեմ: Բայց գործեր հարուցվում են առանձին նախկին և գործող պաշտոնյաների դեմ: Եվ չնայած նրանցից ոմանք ժամանակին բարձր պաշտոններ են զբաղեցրել, դա պայքար է ոչ թե կոռուպցիայի, այլ կոռուպցիոներների դեմ (որոնց մեղքը, ի դեպ, դեռ պետք է հաստատել), ինչը նույն բանը չէ:
Արտաքին քաղաքականության մեջ Փաշինյանի սխալները, առաջին հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ձերբակալության հետ կապված սկանդալային պատմությունը, զգուշացրին (եթե ոչ տրամադրեցին նրա դեմ) Մոսկվային, որից կախված է Հայաստանի անվտանգությունը և զգալի մասով նաև տնտեսությունը: Նա փորձեց ամեն ինչ հարթել: Բայց այնպիսի երկարակյաց նախագահների համար, ինչպիսիք են Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևը և Ալեքսանդր Լուկաշենկոն, Հայաստանի վարչապետը, որն իշխանությունը ստացել է բազմահազարանոց բազմությունից, այդպես էլ յուրային չդարձավ: Այդ մարդիկ «փ» «ո» «ղ» «ո» «ց» տառերից գրեթե միշտ կազմում են «Արևմուտք» բառը: Իսկ նրանց վերաբերմունքն Արևմուտքի նկատմամբ հայտնի է:
Փողոցը, որին Փաշինյանը փոփոխությունների հույս է տվել, նրան շռայլ կանխավճար է տվել՝ բարեհոգաբար ներում է նրա սխալները և փոխարենը ոչինչ չի պահանջում: Այն բավարարվում է իր կուռքի հետ սելֆիներ անելով, էկոնոմ-կարգով նրա ցուցադրական թռիչքներով և հայտարարություններով այն մասին, որ երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Բայց վարչապետ-հեղափոխականի համար կարևոր է հիշել. անպայման կգա պահը, երբ մարդիկ կդադարեն դուրս գալ նրա կոչին ընդառաջ, իսկ Facebook-ում Նիկոլ Փաշինյանի էջը նայելու փոխարեն կնայեն սառնարանի մեջ: Եվ թե ինչ նրանք կգտնեն ներսում՝ կսահմանի նրա քաղաքական ապագան, եզրափակում է Սոլովյովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ