Aravot.am-ի տեղեկություններով սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են 15 %-ով։ Քանի որ մեր ունեցած տեղեկություններով, Երեւանի պետական համալսարանում քննարկվում է աշխատակիցների աշխատավարձերը եւս մեկ անգամ բարձրացնելու հարցը, Aravot.am-ը ԵՊՀ-ից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ըստ այդ քննարկումների՝ աշխատավարձերի բարձրացման քանի՞ տոկոսի մասին կարող է խոսք լինել, եւ ե՞րբ է նախատեսվում բարձրացումը։
ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը փոխանցեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետեւյալ պարզաբանումը. «Սեպտեմբերի 1-ին կարողացել ենք ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը 15 %-ով բարձրացնել շնորհիվ նրա, որ դեռեւս 6 տարի առաջ սկսեցինք ստեղծել անվտանգության բարձիկ՝ իմանալով, որ գալու են ժամանակներ, երբ ընդունվողների թիվը նվազելու է, եւ ԵՊՀ-ն ունենալու է ֆինանսական կայունության խնդիր։
Տնտեսման մյուս հնարավորությունն ընձեռեց Հայաստանի Երիտասարդական հիմնադրամին գումարներ չփոխանցելը, ինչի շնորհիվ մենք կարողացանք ԵՊՀ աշխատակիցներին աշխատավարձի 50 տոկոսի չափով պարգեւավճարներ տալ։
Բնականաբար, մեր քաղաքականության հիմքում ընկած է սոցիալական ապահովության խնդիրը. մենք միշտ այս կամ այն կերպ փորձել ենք բարձրացնել մեր աշխատակիցների եկամուտները՝ հիմնական աշխատավարձերի, հավելավճարների, լրավճարների և պարգևավճարների միջոցով, և հիմա էլ հետամուտ ենք այդ քաղաքականությանն ու ամենափոքր հնարավորության դեպքում նորից կբարձրացնենք աշխատավարձերը։ Պարզապես անհրաժեշտ է, որ վերջնականապես վստահ լինենք, որ լրացուցիչ ծախսերը չեն ազդի ֆինանսական կայուն վիճակի վրա, և ԵՊՀ-ն կկարողանա պահպանել իր ներկայիս ֆինանսական կայունությունը»։
Ռեկտորը նշել է, որ 2019թ. ոչ միայն կկարողանան ստեղծել այդ հնարավորությունը, այլեւ նախորդ տարիների նման այս տարեվերջին ԵՊՀ աշխատակիցները կստանան այսպես կոչված «13-րդ աշխատավարձը»՝ որպես պարգեւավճար։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ