Հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների ավագ մարզիչներ Արմեն Բաբալարյանն ու Ավետիք Վարդանյանն ամփոփեցին աշխարհի առաջնությունում իրենց սաների մասնակցությունը: Նրանք, ընդհանուր առմամբ բավարարված են արդյունքներով, սակայն նշեցին, որ կարելի էր ավելին անել եւ մի քանիսն իրենց, այնուամենայնիվ, չարդարացրին:
Երկու մարզիչներն էլ առանձին-առանձին խոսեցին ըմբիշների վարած գոտեմարտերի, սխալների, բացթողումների մասին, անդրադարձան նաեւ որոշ դեպքերում գոտեմարտի ելքի վրա մրցավարների ազդեցությանը:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Արմեն Բաբալարյանը տեղեկացրեց, որ մի քանի երիտասարդ ըմբիշներ տարիքի հետ կապված տեղափոխվելու են մեծահասակների հավաքական, սակայն նրանք առաջիկա աշխարհի առաջնությանը չեն մասնակցի: Իր հերթին Ավետիք Վարդանյանը նշեց, որ իր ըմբիշները այս եւ եկող տարի մնալու են երիտասարդական հավաքականի կազմում:
Երկու մասնագետներն էլ ընդգծեցին, որ մինչեւ տարեվերջ կմասնակցեն մրցաշարերի (ազատ ոճայինները՝ մեծահասակների Հայաստանի առաջնությանը), որից հետո բոլոր հարցերի պատասխանները կլինեն:
Aravot.am-ի հարցերին, թե ինչո՞ւ երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Մալխաս Ամոյանը ներկա չէ, թեեւ մամուլի հաղորդագրությունում նշված էր նաեւ նրա անունը, եւ երիտասարդ ըմբիշների օրգանիզմն աճում է եւ այդ պատճառով նրանց քաշային փոփոխություններ նախատեսո՞ւմ են, Արմեն Բաբալարյանն ասաց, որ Մալխաս Ամոյանը մեկնել է Գերմանիա, որտեղ մասնակցելու է այդ երկրի ակումբային առաջնությանը: Իսկ Ավետիք Վարդանյանն ասաց, որ հետագայում ըմբիշների քաշային կարգերի փոփոխություն անպայման կլինի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ