Քաղաքական ուժերի հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ ընթացող բանակցությունների ընդհատման մասին խոսակցություններ չեն եղել, բայց քանի դեռ հստակ ազդակներ չկան, որ բանակցող կողմերն իրար եւ գործընկերներն իրավիճակը ճիշտ են հասկանում, այդ խոսակցության ռացիոնալության վերաբերյալ հարցեր կարող են առաջանալ: Այդ մասին, խորհրդարանում, կառավարության հետ հարցուպատասխանից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր պարոն Աշոտյանը ակնարկում էր, որ կարող է մենք այնքան էլ ճիշտ չենք հասկացել իրար. Այս դեպքում հարց է ծագում՝ եթե մենք խոսում ենք եւ իրար ճիշտ չենք հասկանում, ի՞նչ իմաստ ունի խոսակցությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ իշխող ուժն առաջ է գնալու իր ծրագրով, քանի որ իրենց համար ակնհայտ է` արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը համաժողովրդական պահանջ է: «Ես դժվար եմ պատկերացնում այն մարդուն եւ մարդկանց, ովքեր պատրաստվում են դիմադրել դրան»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի մեկնաբանմամբ, եթե կան ուժեր, որոնց օրակարգում չկա դեկտեմբերին ընտրությունների մասնակցելը, իրենք չեն մասնակցի:
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է վարչապետը, որ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն իր հրաժարականից հետո վարչապետի իրենց թեկնածուին առաջադրեն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն իր թեկնածուին առաջադրել էր եւ մի բան էլ ընտրել էր, դրանից ի՞նչ փոխվեց: Հիմա ավելի լավ իրավիճակ է, քան ունեինք ապրիլ-մայիսին»: Իշխող ուժի գործողությունների սցենարը հրապարակված է. քանի դեռ այն չեղյալ արված չէ`ուժի մեջ է. «Իսկ ո՞վ է ասել, որ ես այդ սցենարը իրենց հետ համաձայնեցրել եմ: Երեկ ես իրենց տեղեկացրել եմ ՀՀ-ում հաստատված նոր քաղաքական իրավիճակի մասին եւ ասել եմ, թե ինչ ենք պատրաստվում անել: Նրանք էլ ասել են, որ այս իրավիճակում իրենք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել, եւ ասել են շատ հստակ. եթե իրենք ուզում են վարչապետի թեկնածու առաջադրեն, թող փորձեն առաջադրեն»:
Լրագրողներից մեկը նկատեց` մայիսին ինքն էր ասում, որ կուսակցություններին պետք է ժամանակ տալ` ընտրություններին պատրաստվելու եւ էյֆորիան անցնելու համար: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ, որ առաջիկա 15 տարում հետհեղափոխական էյֆորիան չի անցնելու, ինչը չի նշանակում, որ 15 տարի Հայաստանում ընտրություններ չեն լինելու»:
Հարցին` ի՞նչ է լինելու, եթե մայիս-հունիսին լինեն արտահերթ ընտրությունները, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց`երեկ տեսանք կառավարության-ԱԺ համագործակցությունը. ԱԺ-ն որոշել էր կառավարությունից թաքուն փոփոխություն անել, հրատապության ռեժիմով: Իրենք զգուշացրել են` չգնալ այդ ճանապարհով, որովհետեւ վերջում լինելու էր այն, ինչ եղավ: Մտավախություններ կա՞ն, որ մայիսին օրենսդիրը անվստահություն կհայտներ Նիկոլ Փաշինյանին`դիտարկմանն էլ, վարչապետը պատասխանեց. «Երկրում հաստատված է ճգնաժամ, ես չեմ կարող հասկանալ այն մարդկանց, որոնք ասում են՝ մի՛ լուծեք այդ ճգնաժամը: Ո՛չ, մենք պատրաստվում ենք լուծել այդ ճգնաժամը եւ կլուծենք»:
Նիկոլ Փաշինյանը մտավախություններ չունի, որ հաջորդ խորհրդարանում ընդդիմություն չի լինի. նույնիսկ, եթե որեւէ մեկ ուժ 0.3% ձայն հավաքի, 30% ներկայացված է լինելու ԱԺ-ում. «Ժողովուրդը, կարծում եմ, կկատարի իր ընտրությունը եւ եղած սահմանադրական երաշխիքներով մենք կունենանք պատշաճ խորհրդարան»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց`ՀՀ քաղաքացիները լիարժեք պատրաստ են եւ պլան «ա»-ին, եւ պլան «բ»-ին, անգամ պլան «գ»-ին, իսկ ԱԺ-ում ներկայացված մյուս ուժերն, ըստ իրեն, «նորից սխալվեցին»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ երեկ պաշտոններից հրաժարված եւ պաշտոնանկ արված ՀՅԴ-ական եւ ԲՀԿ-ական նախարարներին փոխարինողների հարցով: Կառավարության անդամների նոր թեկնածուների հարցը դեռ քննարկվում է: Վարչապետը հավաստիացրեց` հետագա կադրային քաղաքականության մեջ կուսակցական պատկանելիությունն առաջնային չի լինելու: Իսկ հարցին՝ ՀՀ նախագահը կարո՞ղ է չստորագրել նախարարների ազատման հրամանները, վարչապետը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ՀՀ նախագահը որեւէ բան անի ՀՀ քաղաքացիների դեմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Անհասկնալի այն է թէ, այս մօտեցումով, ի՞նչ իմաստ ունի, ի՞նչ արժէք ունի, ի՞նչ իրաւացիութիւն ունի այդպիսի «քուէարկութիւն» մը! Պարզ է թէ՝ ոչ մէկ: Հարկադրանքի տակ, կամքի դէմ, վախի տակ «քուէարկութիւն», ի՞նչ ըսել է… Եթէ նախորդ վարչակարգի տակ ընտրութիւնները ի զօրու չեն, ա՞յս տեսակը լինելու է ի զօրու ?! Համայն մոլորակում որո՞ւ համար, բացի իր բնիկ lemming-ներից:
Եթէ նորէն այս ձեւով իբրեւ թէ «ընտրուի», նորէն ոչ-լեգիտիմ է լինելու:
Ոեւէ մէկը կարո՞ղ է իրեն բացատրել ասիկա: ասում են խելացի մարդ, թերեւս այսքանը կը հասկանայ: Միայն թէ երբ որ լսում է, հըլէ նախ գլուխէն թող հանէ այդ գլխարկը : Թերեւս կ’օգնէ որ ականջները բացուին: