Լրահոս
Օրվա լրահոսը

«Գևորգի վրա կապտուկներ կան, նրան ծեծել ու սպանել են». պնդում են 2 օր առաջ Արցախում զոհված զինծառայողի հարազատները

Հոկտեմբեր 03,2018 18:19

Հոկտեմբերի 1-ին Մարտունիի վաշտերից մեկում զոհված զինծառայող Գևորգ Հարոյանի մայրը՝ Արմինե Հարոյանը, պնդում է, որ իր որդուն դաժանաբար սպանել են. նրա դիակի վրա՝ աչքի, ականջի հատվածում կապտուկներ կան, ծեծել են, նոր սպանել։ Մայրը որդուն տեսության էր գնացել դեպքից ընդամենը մեկ օր առաջ ու նրա աչքի, գլխի հատվածում կապտուկներ էր նկատել։

«Գնացի տեսության, երեխայիս աչքը կապտած էր, հին շորերով, առանց մայկայի, երբ զինվորական շոր առա, տարա, ու երբ երեխաս շորերը փոխում էր, տեսա, որ գլխի վերևում շռամ կար։ Ասի՝ Գևորգ ջան, լավ, աչքդ ասենք մի տեղ խփել ես, բա գլխիդ ի՞նչ է եղել, ասաց՝ մամա ջան, խրամատների մեջ եմ մտնում, այստեղ դիպլոմը որևէ նշանակություն չունի, ինչ ասես անում եմ։  Ասի՝ Գևորգ ջան, սուտ մի ասա, աչքիդ կապտուկը ծեծի հետևանք է, սա խրամատների բան չէ։ Այդպես էլ չասեց՝ ինչ է եղել,  մենակ ասեց՝ մամա ջան, ոչ մի բանից չեմ դժգոհում, սնունդը լավ է,, ոչ մի բանից չեմ բողոքում, մենակ մի խնդրանք ունեմ քեզ՝ ինձ էս վաշտից հանեք։ Հարցրեցի ինչի՞ համար, ասեց՝ չեմ ուզում էս վաշտը, տարեք իմ առաջվա վաշտը։ Ու ասեց սրանց հախից մենակ գեներալը՝ Սամվել Կարապետյանը կարա գա։ Ես Արցախից եմ, մորս հարցրեց՝ տատ, ճանաչո՞ւմ ես գեներալին, մայրս ասաց, որ գեներալը իր համագյուղացին է։ Տատիկը որոշել էր գնալ, խնդրել, որ Գևորին ոչ մեկը չնեղացնի»։

Մայրը պատմում է, որ  տղային բանակ են զորակոչել հուլիսի 28-ին, օգոստոսի 9-ին եղել է երդմնակալության արարողությունը, որից հետո նրան տեղափոխել էին նոր վաշտ։ Մայրը մի քանի անգամ գնացել է տեսակցության որդուն, սակայն նրա մոտ տխրություն է նկատել։

«Ես իրեն տեսակցության պիտի գնայի ամսի 4-ին, ասացի՝ Գևորգ ջան, աշխատավարձ ստանամ, կգամ, բայց տղաս ասաց՝ մամա ջան, արի էլի։ Էդպես որ ասեց, էլ աչքիս ոչ մի բան չերևաց։ Գիշերով տաքսի պատվիրեցի, գնացի։ Մորս էլ Ստեփանակերտից հետս վերցրեցի, գնացինք տեսության։ Հասանք տեղ, հարցնում են՝ Գևորգ,  բա ինչի՞ չես գալիս ձերոնց տեսնելու, երեխաս ոնց որ վախեցած լիներ, էնպես , հյուծված էր, մեկ էլ տեսա վրան կապտուկներ, հին շորերով, բա ես էդպե՞ս եմ պահել իմ երեխին։ Իմ երեխան ինքնասպան լինող  տղա չէր, աբսուրդ է դա, ես խնդրում եմ, էդ բիծը հանել նրա վրայից, չի կարող լինել նման բան, երկու մետրից են նրան խփել, ո՞նց կարող է նման բան լինել»,- ասում է մայրը։

Հաջորդ օրը տեսակցության էր գնալու մեծ եղբայրը, բայց չի հասցրել, դեպքն ավելի շուտ է տեղի ունեցել։

«Հաջորդ օրը  զինկոմից խաբար արեցին, թե Գևորգի թոքը վիրահատում են, գնացինք, հասանք Մարտունիի հոսպիտալ, պարզվեց, որ տղաս քանի ժամ է՝ այլևս չկար, Գևորգիս սպանել են և պատասխան պիտի տան»,- ասում է մայրը։

Տատիկը՝տիկին Նինան, որը նույնպես մեկ օր առաջ տեսության էր գնացել Գևորգին, պատմում է, որ թոռը շատ նիհարած ու տխուր է եղել։ «Եկավ առանց մայկայի, ոնց որ որբ լիներ, ինքն էլ բոյով տղա է, ասի՝ Գևորգ ջան, էդքան չարչարո՞ւմ են, որ էդպես նիհարել ես։ Ասաց՝ տատի,  ինչ ասում են, անում ենք, էստեղ բարձրագույն կրթությունը նշանակություն չունի, էստեղ բանտ է՝ բաց երկնքի տակ։ Ասեց՝ չեմ ուզում էստեղ ծառայել, ուզում եմ վաշտը փոխեք; Բայց ի՞նչ էր եղել, չասաց, սիրտը չէր բացում, ասում էր՝ տատիկ, էլ հարցեր մի տուր։ Մի անգամ տվել է  իրենց հսկող սպայի՝ «լենինականցի Լուկաշի» անունը, որը իրեն նսեմացրել է, անգամ հաց ուտելու ժամանակ 80 հոգու անընդհատ հրամայել է՝ վեր կաց, նստի, վեր կաց, նստի։ Բավական նյարդայնացրել, չարչարել է Գևորգին։ Երևի Գևորգը ընկերների մոտ ինչ-որ բան է խոսել, մեկը գանգել, խաբար է տվել Լուկաշին, դրա համար էլ ծեծել են Գևորգին, կապտուկներ կային վրան, աչքին, գլխին։ Սուտ է, որ ասում են Գևորգն ինքնասպան է եղել, չի կարող նման բան լինել, երկու մետրից կրակել թոքերին ու սպանել են»,-ասում է տատիկը։

Գևորգն ավարտել է ճարտարապետական համալսարանի Գյումրու մասնաճյուղը,, բակալավրի կոչում ստանալով՝ որոշել է անպայման ծառայել։ «Ասաց, մամա ջան, որ ավելի լավ է բանակ գնամ,  հետագայում միգուցե պետական գործի անցնեմ, մագիստրատուրա երբ էլ ասես կսովորեմ»,-պատմում է մայրը։

Տղան որոշակի առողջական խնդիրներ է ունեցել՝ ի ծնե ողնաշարի խնդիր է ունեցել: «Ասեց, որ դեկտեմբերի սկզբին արձակուրդ եմ գալու, որից հետո մեզ դիրքեր կհանեն, հարցրեցի, թե կարո՞ղ է հիվանդության թղթերը պետք գան, դիրքեր չհանեն, ասեց՝ չէ, մամա ջան, ես շատ եմ ուզում դիրքեր բարձրանալ, թող հանեն։ Երեխան մի քիչ հետ է ընկել, 21 տարեկան տղա է, իրեն դժվար էր։ Մեծացրել, դաստիարակել, աչքիս լույսի պես պահել եմ, որ տանեն, սպանեն հա՞։ Բոլոր մայրերին ասում եմ՝ ձեր տղաներին մի ճամփեք բանակ, որ ոչ մեկը չտեսնի այս վիշտը, որը հիմա ես եմ տեսնում»։

Գևորգը, բարեկամների ու ընկերների բնութագրմամբ, դաստիարակված էր ու համեստ, երբեք կոնֆլիկտներ չէր ստեղծում։ Նրա հայրը՝ Սուրեն Հարոյանը, բժիշկ է, մայրը՝ Արմինե Հարոյանը, մանկապարտեզի դաստիարակչուհի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031