Լրահոս
Օրվա լրահոսը

1106 քաղաքացիներից քանի տոկոսն է կարծում, որ Հայաստանում հակահեղափոխություն կլինի. պարզել է «Gallup international»-ը

Հոկտեմբեր 03,2018 18:33

Ինչպես եք գնահատում մեր երկրի ներկա տնտեսական վիճակը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման 100-օրվա գնահատականը ստանալու համար այսպիսի հարցում է անցկացրել «Gallup international»-ը ՀՀ քաղաքացիների շրջանում:

Վերոնշյալ հարցին քաղաքացիների 1,7 տոկոսն է պատասխանել շատ լավ, 9,5 տոկոսը նշել է՝ լավ: Հարցված քաղաքացիների 46,7 տոկոսը պատասխանելով նույն հարցին հայտնել է՝ միջին: Ներկա տնտեսական վիճակը վատ է գնահատել 28 տոկոսը: Իսկ 10,7 տոկոսը՝ շատ վատ: Հարցին դժվարացել է պատասխանել քաղաքացիների 3,4 տոկոսը:

Հարցմանը մասնակցել է 1106 քաղաքացի՝ դեմ առ դեմ հարցումների մեթոդով: Հարցումն իրականացվել է 2018 թվականի սեպտեմբերին:

Նույն հարցին, 2017 թվականի նոյեմբերին մեկ տոկոսն է պատասխանել, որ շատ լավ է գնահատում երկրի տնտեսական վիճակը: Փոխարենը 35 տոկոսն է շատ վատ գնահատել, այս տարվա 10,7 տոկոսի փոխարեն:

Ինչպես եք գնահատում ձեր ընտանիքի նյութական ապահովվածությունը ներկայումս հարցված քաղաքացիների 2,6 տոկոսը նշել է՝ շատ լավ: 61,4 տոկոսը՝ միջին: Շատ վատ՝ 6,3 տոկոսը:

Նույն հարցին անցյալ տարվա հարցվածները գրեթե նույն կերպ են պատասխանել՝ շատ լավ՝ քաղաքացիների 2,1 տոկոսն է նշել, 12,8 տոկոսը՝ վատ, իսկ քաղաքացիների 6,9 տոկոսը ընտանիքի նյութական ապահովածությունը գնահատել է շատ վատ:

«Gallup international»-ի մասնագետները նաեւ հետաքրքրվել են, թե Հայաստանն արդեն 4 ամիս է գտնվում է հեղափոխության իրականացման գործընթացում, որքանով արդարացան սպասումները հեղափոխությունից՝ այս պահի դրությամբ: Հարցվածների 14,4 տոկոսը պատասխանել են, որ ամբողջությամբ արդարացել են, 64,2 տոկոսը նշել, որ որոշ չափով են արդարացել: «Որոշ չափով չարդարացան»,-պատասխանել էր քաղաքացիների 7.6 տոկոսը: Ընդհանրապես չարդարացան՝ 10,9 տոկոսը: Հարցվածների 3 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցերից մեկն էլ վարչապետի պաշտոնավարման 100 օրվա աշխատանքը գնահատելու վերաբերյալ է: Լիովին դրական պատասխանել է քաղաքացիների 45,4 տոկոսը, 46,2 տոկոսը՝ ավելի շուտ դրական: 2,1 տոկոսը դժվարացել է պատասխանել: 3,9 տոկոսը ավելի շուտ բացասական է գնահատել:Ընդհանրապես բացասական՝ 2,4 տոկոսը:

Հարցին, թե ինչպես եք գնահատում Նիկոլ Փաշինյանի կողմից ձեւավորած նոր կառավարության գործունեությունը վերջին 3 ամիսների ընթացքում, հարցվածների 33 տոկոսը նշել է՝ լիովին դրական: 51 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 6,9 տոկոսը ավելի շուտ բացասական, 4,6 տոկոսը ընդհանրապես բացասական: Այս հարցին դժվարացել է պատասխանել քաղաքացիների 4,4 տոկոսը:

Քաղաքացիներին հարցրել են նաեւ, թե ի՞նչ տնտեսական սպասումներ ունեն ՀՀ կառավարությունից առաջիկա մեկ տարվա ընթացքում: Հարցման ենթարկված քաղաքացիների 37,1 տոկոսը պատասխանել է, որ կառավարությունը կբարձրացնի թոշակները, աշխատավարձերը, կնվազեցնի հարկերը: 28,8 տոկոսը տեսակետ է հայտնել, որ կառավարությունը բոլոր տնտեսվարողների կբերի օրենքի դաշտ, 6,2 տոկոսը համոզմունք է հայտնել, որ կառավարությանը չի հաջողվի ոչ մի տեսանելի հաջողություն գրանցել այդ ընթացքում:

Հարցվածները պատասխանել են նաեւ այն հարցին, թե որքանով են վստահում Նիկոլ Փաշինյանին: Հարցվածների 3,5 տոկոսը նշել է, որ ընդհանրապես չի վստահում, 31,8 տոկոսը նշել, որ ավելի շուտ վստահում է, 60,2 տոկոսն ասել է, որ լիովին վստահում է: Ավելի շուտ չի վստահում հարցվածների 3 տոկոսը:

Հարցին, թե ինչ եք կարծում, արդյոք առաջիկայում ՀՀ-ում հնարավո՞ր է հակահեղափոխություն, 24,6 տոկոսը պատասխանել է՝ ավելի շուտ ոչ, 3,8 տոկոսը նշել է՝ միանշանակ այո,49,5 տոկոսը այս հարցին ի պատասխան ասել է՝ միանշանակ ոչ, ավելի շուտ այո՝ 16,2 տոկոսը:

1-ից 5 բալային սանդղակով գնահատելով պետական գերատեսչությունների ղեկավարների աշխատանքը, հարցված քաղաքացիների պատասխաններն ամփոփելով պարզ է դարձել, որ ամենաբարձր վարկանիշն ունի ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը, որը 4,56 բալ է ստացել, ապա Վալերի Օսիպյան՝ 4,35: Նրանց հաջորդում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ 4.39 բալով: Մանե Թանդիլյանը 4.10 բալ է հավաքել: Արտակ Զեյնալյանը՝ 4.9: Մնացած ղեկավարները 4 բալից ցածր են հավաքել. արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը 3.96, Սուրեն Պապիկյանը՝ 3,70: Տնտեսական զարգացման եւ ներդրումների արդեն նախկին նախարար Արծվիկ Մինասյանը՝ 3,56, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը 3.92 բալ է հավաքել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031