Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, որպես վարչապետի ու որպես տղամարդու խնդրեց Նիկոլ Փաշինյանին, որ եթե օրենքով է սպառնում Միհրան Պողոսյանին, ապա թող զբաղվի ՀՅԴ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի նկատմամբ տեղի ունեցածով. «Կարծում եմ, որ եթե խոսում ենք արդարության մասին եւ արդարության գերակայության մասին, ապա այն պետք է լինի բոլորի համար: Ես ակնկալում եմ, որ կառավարությունը, ուժայինները, որոնք ձեզ լսում են ցանկացած հարթակից, ստանան ձեզանից հանձնարարական պարզելու մեր գործընկերոջ հանդեպ տեղի ունեցածի հանգամանքները, մեղավոր անձանց, հայտնաբերեն ավտոմեքենաներ վնասած քաղաքացիներին, բազմաթիվ ավտոմեքենաներ են երեկ վնասվել, եթե ձեզ չեն զեկուցել, իմացեք: Ես խնդրում եմ երեկվա արտառոց իրավիճակի հետ կապված հանգամանքների պարզաբանումներն անել անկախ քաղաքական ճամբարի պատկանելությունից՝ վեր կանգնելով քաղաքականությունից»:
Փաշինյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ Ռուզաննա Առաքելյանի հետ կապված միջադեպից ու խոստացավ անպայման հետաքրքրվել. «Երեկվա հետ կապված եթե խնդիրներ կան, իրավապահ մարմինները կզբաղվեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ