Այն, որ երեկ տասնյակ հազարավոր մարդիկ շատ կարճ ժամանակում միավորվեցին եւ դուրս եկան փողոց, ըստ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ ուղիղ ապացույցն է այն բանի, որ հակահեղափոխականները երկար պայքարել չեն կարող: Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանը հայտարարեց. «Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ, որը հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է հանգուցալուծվի»:
Լրագրողները նկատեցին, որ հանրապետականներն անընդհատ հիշեցնում են, որ քաղաքական ճգնաժամ երկրում կար նաեւ կառավարության ծրագրի ընդունման ժամանակ, մինչդեռ այդ ժամանակ արտահերթ ընտրություններ չանցկացվեցին: Արայիկ Հարությունյանը վերահաստատեց իրենց մոտեցումն այն մասին, որ իրենք չեն ցանկացել համատարած էյֆորիայի պայմաններում ընտրություններ կազմակերպել եւ արտահերթ ընտրությունների անցկացումը ձգձգել են քաղաքական ուժերին հավասար մեկնարկային պայմաններ տալու համար. «Բայց քաղաքական ուժերը կամ հիմնական քաղաքական ուժերը այս ընտրություններին նախապատրաստվելու փոխարեն սատանի մայլեն քյանդրբազություն էին անում»:
Լրագրողներից մեկը հարցրեց՝ նախարարը հակահեղափոխության հաղթանակի հնարավորություն տեսնո՞ւմ է: Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Երեկ դուք դրա հնարավորության բացակայությունը տեսաք»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ՝ արդյոք իշխող կուսակցությունում քննարկվել է երեկ պաշտոններից հրաժարված դաշնակցական եւ պաշտոնանկ արված ԲՀԿ-ական նախարարների փոխարեն նոր նշանակումների հարցը: Նախարարն ասաց, որ թեթեւ քննարկումներ են եղել, որոշումներ դեռ չկան: Դիտարկմանը՝ նոր նշանակվողները կլինեն անպայման «Քաղաքացիական պայմանագրից», մնաց անպատասխան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ