«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց. «Երեկ ուշ երեկոյան, երբ քաղաքացիները ԱԺ-ի բակից լսելով ձեր խոսքը, հանդարտ հեռանում էին Դեմիրճյան փողոցով, ականատես եղան, թե ինչպես են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով առավել հայտի է Քեթրինի Միհրան անունով, եւ իր հետ գտնվող մարդիկ հայհոյանքներ հնչեցնում քաղաքացիների հասցեին: Կա տեսանյութ: Ես կխնդրեի պարզաբանել՝ արդյոք տեղյա՞կ եք այդ միջադեպի վերաբերյալ եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիներին հայհոյող, հասարակական կարգը խախտող անձանց նկատմամբ»:
Փաշինյանը պատասխանեց. «Այդ միջադեպը, որի մասին պատմում եք, վկայում է այն մասին, որ ուժային կառույցները մասնավորապես որոշ դեպքերում լավ չեն կատարել տիկին Կյուրեղյանի նշած հանրահավաքում իմ հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխների եւ նրանց թիկնապահների պետք է պառկեցնել ասֆալտին: Այ եթե պատշաճ ձեւով էդ հրահանգը կատարած լինեին, կարծում եմ, երեկվա այդ միջադեպը չէր լինի: Ես համոզված եմ, որ նրանք բաց թողնվածն անպայման կլրացնեն»:
Փաշինյանն ասաց, որ երեկվա հանդիպմանը եղել է նաեւ Միհրան Պողոսյանը:
Նա ասաց, որ երեկ, երբ մտել է ԱԺ նախագահի աշխատասենյակ, ՀՀԿ-ի եւ ոչ միայն ՀՀԿ-ի պատգամավորները բավականին հուզված են եղել հասկանալի պատճառներով. «Ես ինքս իմ կողմից ամեն ինչ արեցի, որ լարվածությունը նվազի, նույնիսկ կատակներ արեցի: Բազմիցս ասել եմ եւ հիմա էլ եմ ասում, որ մեր ժպիտները եւ քաղաքավարությունը որեւէ մեկը հանկարծ չփորձի մեկնաբանել՝ որպես թուլություն: Երեկ, երբ խոսք էր գնում այն մասին, թե մասնավորապես ի՞նչ եմ ակնկալում ՀՀԿ պատգամավորների կողմից, ասեցի՝ տեսեք, դուք շատ բողոքում եք այն մասին, որ սոցցանցերում, հրապարակային այլ տեղերում մարդիկ հայհոյում են ձեզ, վիրավորական բառապաշար են օգտագործում, դուք ասում եք, որ սա ատելության քարոզչություն է: Ես ասացի՝ ակնկալում եմ, որ դուք մեզ աջակցեք, որպեսզի այդ երեւույթը կարողանանք հաղթահարել, բայց ես չգիտեմ՝ քննությունը կպարզի դա՝ Միհրան Պողոսյանի թիկնապահներն են եղել, թե ոչ, բայց Միհրան Պողոսյանը երեկ նույնպես այնտեղ ներկա է եղել եւ եթե այդպես է, եթե պարզվի, որ նա այդպիսի պահվածք է ցուցաբերել, դա նշանակում է, որ նա լավ չի հասկացել այն, ինչ կատարվում է այդ սենյակում եւ լավ չի հասկանում այն, ինչ կատարվում է ՀՀ-ում»:
Փաշինյանն ասաց, որ երեկ զգացել է՝ առավել մեծ ջանքեր են պահանջվում իրենից, որ մեր հայրենակիցներին հասանելի դարձնի իր խնդրանքները, որ պատգամավորների, հատկապես ՀՀԿ պատգամավորների նկատմամբ ցուցաբերեն հանդուրժողական վերաբերմունք. «Եթե պարզվի, որ որեւէ ՀՀԿ, ոչ ՀՀԿ-ական, կապ չունի, որեւէ պատգամավոր կամ որեւէ պատգամավորի այսպես կոչված ուղեկցող անձինք այդպիսի պահվածք են ցուցաբերում, նրանք կստանան շատ խիստ հակահարված օրենքի կողմից եւ ես հույս ունեմ, որ օրենքը այնքան զորեղ կգտնվի, որ քաղաքացիներն իրենց բավարարված կզգան դրանից եւ չի ստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանը եւ նրա նմանները Երեւան քաղաքի փողոցներում քայլելու պրոբլեմ ունեն: Ես ուզում եմ զգուշացնել բոլոր նրանց, ովքեր այդպիսի արարքների հեղինակներ են, նրանք շատ հաստատուն քայլերով գնում են այդ ուղղությամբ: Զգուշացնում եմ, որ կարող է մեր ուժերը չբավարարեն, որ Երեւանում այդ մարդկանց հանգիստ քայլելու իրավունքը պատշաճ ձեւով կարողանան կազմակերպել: Այնպես որ, իրավապահները պետք է շատ կտրուկ գործեն եւ իմ տեղեկություններով, այդ գործով իսկ կան բերման ենթարկվածներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ