Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հարց ուղղեց վարչապետին ԱԺ ընտրությունների մասին. «Արդյո՞ք կա որեւիցե հստակեցում այդ հարցում, լինելո՞ւ են բանակցություններ, որեւէ փաստաթուղթ եւ ի՞նչ փուլում ենք գտնվում, ի՞նչ ենք մենք տեսնում այդ հարցում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Երեկ ԱԺ նախագահի աշխատասենյակում հանդիպման ընթացքում եղել է հետեւյալ տրամաբանությունը: Ես ասել եմ, որ դեկտեմբերին ՀՀ-ում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ ասել եմ մեխանիզմի մասին եւ ՀՀԿ, «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների ներկայացուցիչներն ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում իրենք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել: Մեր գործընկերները հստակ արձանագրել են այն քաղաքական իրավիճակը, որն այսօր առկա է երկրում եւ կարծում եմ, խելամտությունը ստիպում է, որ երկրորդ մայիսի 1 անելու գայթակղությանը տրվելը իսկապես անտեղի եւ ավելորդ կլինի»:
Նա ասաց, որ մամուլում որոշ հրապարակումներ կան, որոնց տրամաբանությունը նույնական չէ իր նշած բովանդակության հետ. «Անկեղծ ասած, ես դա մեծ խնդիր չեմ համարում համենայնդեպս ՀՀ քաղաքացիների եւ մեր կառավարության համար: Խնդիրներ առաջանում են եւ կառաջանան նման հայտարարություններ անողների համար, որովհետեւ 2018-ի մայիսի 1-ին ես այս ամբիոնից էլ ազդարարեցի քաղաքական որոշ ուժերի ինքնասպանություն գործելու փաստի մասին եւ կարող եմ ասել, որ ցավալիորեն ինքնասպանությունների շարքը շարունակվում է»:
Ալեն Սիմոնյանը ճշտեց՝ միայն ՀՀԿ-ն ու «Ծառուկյան դաշի՞նքն» է ասել, որ թեկնածու չեն առաջադրի՝ Փաշինյանը պատասխանեց. «Դաշնակցությունն էլ ասվածի հետ համաձայնեց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ