Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այն նախարարների փոխարեն, որոնք պաշտոնանկ են արվել, եկել էին նրանց պաշտոնակատարները՝ նախարարների տեղակալները:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը վարչապետին հարց ուղղեց՝ ձեւակերպելով այսպես՝ մաթեմատիկական տրամաբանության մեջ հայտնի են պարադոքսներ, որոնց համար վերլուծելիությունը, թե անլուծելիությունը հնարավոր չէ ապացուցել, տարածված պարադոքս խնդիրներից է ստախոսի խնդիրը, վարսավիրի խնդիրը: Նա սկսեց պատմել վարսավիրի խնդրի մասին. «Գյուղում ապրում է մի վարսավիր, ով սափրում է այդ գյուղում այն գյուղացիներին, ովքեր իրենք իրենց չեն սափրում: Հիմա հարց՝ այդ վարսավիրը ինքն իրեն սափրո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե վարսավիրն ինքն իրեն սափրում է, ապա ըստ կանոնի, ինքն իրեն չպետք է սափրի: Եթե վարսավիրը ինքն իրեն չի սափրում, ապա ըստ կանոնի, ինքն իրեն պետք է սափրի: Ստացվում է հակասություն: Նման հակասությամբ խնդիր ձեւակերպեցի ինքս ինձ համար Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին, երբ Դավիթաշեն վարչական տարածքում ելույթ էր ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ Նիկոլ Փաշինյանը: Եթե վարչապետ էր նա այնտեղ ելույթ ունենում, ապա ինչո՞ւ դա չի դիտվում՝ որպես պաշտոնի չարաշահում, իսկ եթե նա ելույթ էր ունենում՝ որպես ՔՊ կուսակցության նախագահ, ապա ինչպե՞ս էր նա այդ հարթակից հրահանգ իջեցնում՝ ես այստեղից ԱԱԾ-ին ոստիկանությանը հրահանգ ունեմ՝ իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ…Հիմա հարց պարոն Նիկոլ Փաշինյան, այդ պահին դուք հարթակում վարչապե՞տ Նիկոլ Փաշինյանն էիք, թե՞ ՔՊ կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը»:
Վարչապետը պատասխանեց. «Ձեր այս անգամ ոչ լոռեցու միամիտ հարցին պատասխանեմ միամիտ կերպով՝ ես պարզապես Նիկոլ Փաշինյանն եմ»:
Կյուրեղյանը հարցրեց՝ վերջերս հանրության մի մասի մոտ կարծիք կա, որ դուք շատ արագ կերպարանափոխվում եք վարչապետից մինչեւ հանրահավաքի ղեկավար ու բնականաբար, շատերը ձեր կերպարի մեջ կուզեին տեսնել ավելի շատ վարչապետին, քան հանրահավաքի ղեկավարի, դուք ինքներդ ձեր մեջ քանի՞ տոկոս եք համարում վարչապետ, քանի տոկոս հանրահավաքի ղեկավար, միայն թե չասեք հավասար, կամ վարչապետ ավելի, որովհետեւ դա մեղմ ասած անազնիվ կլինի:
Փաշինյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ավելի արագ են կերպարանափոխվում եւ ավելի մեծ ամպլիտուդներով, իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ես սովորաբար իմ դիրքորոշումներում, անելիքներում եւ ասելիքներում սիրում եմ լինել համարժեք: Տվյալ դեպքում ես ձեր հարցին պատասխանեցի: Ես հիմա էլ եմ Նիկոլ Փաշինյանը եւ այն, ինչ այստեղից ասում եմ, կարող եմ ասել նաեւ հանրահավաքում՝ գուցե մի քիչ ավելի բարձր, որ վերջին շարքում լսելի լինի, իսկ քանի որ ԱԺ շարքերը նոսր են եւ գնալով նոսրանում են, այդ հանգամանքը ինձ հնարավորություն է տալիս նաեւ այսպես պատասխանել ձեր հարցին»:
Ինչ վերաբերում է իր՝ Դավիթաշենի ելույթին, Փաշինյանն ասաց, որ ինչը խոսել է որպես վարչապետ, չի վերաբերվել նախընտրական քարոզչությանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ