«Մեր նպատակն է նոր քաղաքական միջավայրում նոր մոտեցում ցուցաբերել, թե ինչ է կուսակցություն երևույթը»,- այսօր՝ «Ազգային առաջընթաց կուսակցության» հիմնադիր համագումարին հայտարարեց կուսակցության համահիմնադիր Հայկ Գրիգորյանը:
Համագումարի ընթացքում հաստատվեց կուսակցության ծրագիրը, կանոնադրությունը, ձևավորվեց վարչության կազմը:
Վարչության անդամներն են Աշոտ Բայաթյանը, Ներսես Գևորգյանը, Հայկ Գրիգորյանը, Արամ Մանուկյանը, Հայկ Հովհաննիսյանը, Սամվել Մելիքյանը, Ռաֆայել Գրիգորյանը:
Հայկ Գրիգորյանը հայտարարեց՝ նախկինում կուսակցություն երևույթը եղել է իշխանությանը ազդելու, ժողովրդին չծառայելու, կուսակցական խմբակային համատեղ ծրագրեր իրականացնելու, իշխանությունը բաշխելու նպատակ. «Մեր կուսակցության հիմնադրման նպատակն է այն, որ նոր մշակույթ ձևավորենք, և մեր կուսակցությունը ձևավորում ենք ոչ թե այդ նպատակով, այլ որ ժողովրդի քաղաքական կամքը կարողանանք հասցնել Ազգային ժողով»:
Հայկ Գրիգորյանը վստահեցրեց՝ ունենք ծրագիր, որտեղ կիրականացվի մասնագիտական որակյալ բանավեճ մեծամասնություն ունեցող ուժի հետ և դրա արդյունքում կձևավորվի երկրի համար առավել որակյալ պետական ծրագիր:
Aravot.am-ի հստակեցմանը՝ մասնակցելո՞ւ են խորհրդարանական արտահերթ ընտրություններին, Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Այո, մասնակցելու ենք»:
Հայկ Գրիգորյանի ձևակերպմամբ՝ կուսակցությունը ձախակողմյան է, շատ ուժեղ շեշտը դնում է սոցիալական, ՏՏ, կրթական բարեփոխումների վրա. «Ազգային բառը կուսակցության անվանման մեջ կա, բայց կուսակցությունն ազգայնական չէ: Ուղղակի ազգային նկատի ունենք, որ մենք լիբերալ մոտեցում ունենք հարցերին, բայց ազգային հարցերը հաշվի ենք առնում»:
Նշենք՝ կուսակցությունը նախագահ չունի, ունի խորհուրդ՝ 21 հոգի, վարչություն՝ 7 հոգի: Հայկ Գրիգորյանը վստահեցրեց՝ չեն ունենալու նախագահ, ստեղծել են հանձնաժողով, որը դատարանի գործառույթ է կատարելու, եթե վեճեր առաջանան ներկուսակցական մարմինների մեջ, այդ հանձնաժողովը պիտի հետևի՝ արդյոք հետևում են օրենքին, կանոնադրությանը և ծրագրերին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ