Վանում հայկական գերեզմանոցի վրա 2017թ․ կառուցված զուգարանները, ավտոկայանն ու հանդերձարանները միչև օրս չեն ապամոնտաժվել։
2017թ․ վերջին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը խոստացել էր, որ այդ շինությունները 60 օրվա ընթացքում կապամոնտաժվեն։ Սակայն անցել է արդեն գրեթե 1 տարի, իսկ խոստումն այդպես էլ դեռ խոստում է մնացել։
Հայկական գերեզմանոցը անարգող շինությունները կառուցվել էին Վան նահանգի Արտամեդի (Էդրեմիթ) քաղաքապետարանում որպես հոգաբարձու նշանակված Աթըֆ Չիչեքլիի նախաձեռնությամբ։
Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը հարցը բերել էր մեջլիսի օրակարգ, ինչից հետո մշակույթի նախարար Քուրթուլմուշը հայտարարել էր, որ կառույցները պետք է ապամոնտաժվեն։ Սակայն Արտամեդի քաղաքապետարանը հրաժարվել էր ենթարկվել նախարարության հրահանգին՝ պնդելով, թե այդ տարածքում ոչ մի հայկական գերեզմանոց էլ չկա։
Հավելենք, որ նշված վայրում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատան տարածքում կառուցապատումների պատճառով բազմաթիվ մարդկային ոսկորներ են դուրս եկել հողից և այս ու այն կողմ ընկել: Գերեզմանոցն ու հարակից պատմական բլուրը չեն խուսափել նաև գանձախույզների ուշադրությունից. վերջիններս անխնա հորատել ու ավերել են տեղանքը:
Աղբյուր` demokrathaber.org