ՄԻԵԴ-ում հերթական «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործն է ավարտվել դատապարտյալի հաղթանակով, սակայն «հետ ուղարկված» մասով հայաստանյան դատական գործընթացները դատարկ դահլիճում են:
Ալիկ Մաթեւոսյանն ամբաստանյալի կարգավիճակով ուղեկցվեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, ուր դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ լսվեց նրա խափանման միջոցի հարցը: Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Ալիկ Մաթեւոսյանը, ըստ նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանի (լուսանկարում), 12,5 տարի է՝ ազատազրկված է, դատարանի հարցին, թե երբվանի՞ց է նրա պատժի սկիզբը, ամբաստանյալն ասաց՝ 2006 թվականի մայիսի 1-ից, մինչդեռ ըստ գործի նյութերի, նույն թվականի մայիսի 18-ից է: Նա մեղադրվել է եւ դատապարտվել է երկարատեւ ազատազրկման համածառայակից Աղվան Հարությունյանի սպանության համար: Նա իր մեղքը չընդունեց եւ այսօր:
Պաշտպանական կողմը խնդրեց, որպեսզի նրան ազատեն մեկ միլիոն գրավի դիմաց, առաջարկեց մեկ այլ տարբերակ էլ՝ստորագրություն չբացակայելու մասին:
«Հասկանում եմ, որ գրավի չափը վերջին շրջանում հինգ հարյուր հազար դրամից է սկսվում, անգամ երկու միլիարդ էլ է կիրառվել, իմ պաշտպանյալն անազատության մեջ մնալով՝ չունի նման գումար, բայց դատարանում գտնվող նրա հարազատները, համոզված եմ՝ կօգնեն, որպեսզի մեկ միլիոն դրամ հավաքվի նրա համար»,-ասաց Հ.Բաղդասարյանը:
Նիստի մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ