Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի կոռուպցիոն մեխանիզմ է գործել անշարժ գույքի կադաստրում

Հոկտեմբեր 03,2018 15:21

Անշարժ գույքի կադաստրի ոլորտում 12 բացահայտումներ են եղել, որոնք ուղարկվել են տարբեր իրավապահ մարմիններին, բացահայտումների գործընթացը շարունակվում է: Այսօր իր պաշտոնավարման 50 օրը լրանալու կապակցությամբ հրավիրված ասուլիսին ասաց անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ ծավալի կոռուպցիոն գործարքներ են հայտնաբերվել, արդյոք դրանք հիմնականում «մանր ժուլիկություննե՞ր են», թե՞ ավելի շատ խոշոր հանցագործություններ, Պետրոսյանը նախ հիշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիայի մասին խոսքերը՝ այդ կոռուպցիոն մեխանիզմներն ու ծավալներն այնպիսին են, որ չգիտեմ որքանով է պատրաստ հասարակությունն ընդունելու այդ տեղեկատվությունը: Ապա Պետրոսյանն ասաց. «Ամեն օր ես զարմանում եմ, թե դրանք ինչ ծավալներ ունեն: Դրանք սկսում են ձեր խոսքերով ասած՝ փոքր «ժուլիկությունից» մինչեւ գլոբալ խնդիրներ»:

Սարհատ Պետրոսյանը մանրամասնեց, թե ինչպես են կատարվել այդ կոռուպցիոն գործարքները. ամենատարածվածներից մեկը հողի ուղղակի վաճառքն է, որն իրականացվել է որպես ինքնակամ շինություն. «Մարդն ունի շատ մեծ հող, որի վրա ստեղծում են պայմանական ինքնակամ մի շինություն, որն իբրեւ թե տարիներով այդտեղ է եղել, բայց երբ նայում ես՝ դա նորակառույց է: Դրա տակ ձեւակերպում են որպես ինքնակամ շինության հետ կապված հող եւ կոպեկներով սեփականաշնորհում: Շենքեր կան, որ տարիներով գոյություն ունեն, բայց կադաստրով ձեւակերպված չեն եղել, սա նշանակում է գույքահարկ չեն վճարել՝ իրենց հետեւանքներով: Դեպքեր կան, որ գույքը հասարակական նշանակության է, բայց ձեւակերպել են որպես բնակելի, որպեսզի ցածր գույքահարկ վճարեն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Aravot.am-ը պարոն Պետրոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք կադաստրի բազայում ուսումնասիրվե՞լ է լրատվամիջոցներում բազմիցս հրապարակված օլիգարխների, ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատների խնդիրը, ըստ որի՝ դրանք կամ չեն գրանցվում, կամ գույքահարկ չեն վճարում, կամ քիչ են վճարում եւ այլն:

Մեր հարցին ի պատասխան՝ Պետրոսյանն ասաց. «Ես չեմ կարող տալ հանձնարարական, որ գնան ասենք՝ Բաբայան կամ Ուլնեցի փողոց, որտեղ մեծահարուստների տներն են, ստուգեն, բայց կա դեպք, «Հետքը» կամ մեկ լրատվամիջոց գրում է, մենք վերահսկում ենք… Բայց, որ քնեմ, զարթնեմ, որ Պողոս Պողոսյանի գույքը գնան ստուգեն, մի քիչ ճիշտ չէ»: Պետրոսյանը վստահեցրեց՝ կադաստրի վերահսկողության վարչությունը բոլոր դեպքերը ստուգում է: Մեր ճշտող հարցին՝ Բաբայան կամ Ուլնեցի փողոցի առանձնատների հետ կապված խնդիր կամ կոռուպցիոն դրսեւորում հայտնաբերե՞լ են, Պետրոսյանն ասաց՝ «Հետքը» մեր բազաներից է օգտվել, մենք ենք տրամադրել այդ տեղեկատվությունը, այդ հրապարակումից հետո գործընթաց է գնում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Պետրոսյանը օլիգարխների անուններ չհրապարակեց, նշելով՝ հայտնաբերված բոլոր խախտումներն ուղարկում են իրավապահ մարմինների, եւ շուտով իրենցից կլսենք այդ անուններն ու կոռուպցիոն «պատմությունները»:

Պետրոսյանի ներկայացմամբ՝ եթե որեւէ շինություն, կամ առանձնատուն չի գրանցվում, այստեղ առաջին խնդիրը ՏԻՄ-երինն է. երբ շինարարությունն ավարտվել է, ՏԻՄ-ը, քաղաքապետարանը պետք է ստիպի սեփականատիրոջը, որպեսզի գրանցի կադաստրում: Եվ որպեսզի այս մեխանիզմը գործի, Պետրոսյանը գտնում է, որ հարկավոր է ստեղծել տեսչական մարմին, որը կվերահսկի եւ համապատասխան լիազորություններ կունենա:

Պարոն Պետրոսյանն ասաց, որ եղել են խմբեր, որոնք, այսպես ասած՝ «պասերով» փորձել են գույքի գրանցել-չգրանցելու կամ այլ գույքի անվան տակ գրանցելու բոլոր գործընթացներն անել եւ սա միայն կադաստրում չի եղել, ՏԻՄ-երը, քաղաքապետարաններն են ներգրավված եղել:

Պետրոսյանը նկատեց՝ խախտումների օբյեկտիվ պատճառներ էլ կան. օրինակ՝ շենք-շինություն կառուցելու համար թույլտվությունն ավելի բարդացված է, քան ինքնակամ շինության օրինականացումը:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031