Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ուժերը պետք է բավարար ժամանակ ունենան ընտրություններին պատրաստվելու համար. ԵԽԽՎ համազեկուցող

Հոկտեմբեր 03,2018 13:23

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի լիարժեք կերպով հարգանք ցուցաբերել ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության նկատմամբ՝ ինչպես խոսքով, այնպես էլ գործով:

«Երևանի ավագանու ընտրությունները հստակ ցույց տվեցին հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Միաժամանակ, ընտրություններին մասնակցության թիվը ցույց տվեց, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ դեռ ցածր է: Հետևաբար, անչափ կարևոր է, որպեսզի հաջորդ խորհրդարանական ընտրությունները ընկալվեն և ընդունվեն որպես ժողովրդավարական և արդար՝ բոլոր քաղաքական մրցակիցների և մասնակիցների կողմից: Չնայած մենք հասկանում ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչը՝ մենք էլ կոչ ենք անում իշխանություններին, և բնականաբար, բոլոր քաղաքական դերակատարներին, ապահովել, որ արտահերթ ընտրությունները լիարժեք կերպով համապատասխանեն ժողովրդավարական ընտրությունների եվրոպական չափանիշներին և նորմերին, և որ բոլոր քաղաքական ուժերը պատշաճ և բավարար ժամանակ ունենան այդ ընտրություններին պատրաստվելու համար: Սա հատկապես կարևոր է, եթե Ընտրական օրենսգիրքն իսկապես փոխվի, ինչպես որ ցանկանում են որոշ քաղաքական դերակատարներ: Ցանկացած փոփոխություն պետք է լիարժեք կերպով համապատասխանի Վենետիկի հանձնաժողովի ցուցումներին, այդ թվում այն մասով, որը վերաբերում է ընտրական օրենսդրության կայունությանը, և հիմնված լինի հնարավորինս շատ քաղաքական ուժերի կոնսենսուսի վրա»,- ասել է Լովոչկինան:

Նա ընդգծել է, որ պատշաճ խորհրդակցությունների և կոնսենսուսի կառուցման համար բավարար ժամանակ ունենալը հատկապես կարևորվում է սահմանադրական ցանկացած հնարավոր փոփոխությունների համատեքստում, որոնք չպետք է ընդունվեն հապշտապ:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին՝ համազեկուցողն ասել է. «Մենք բազմիցս ողջունել ենք Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական իշխանափոխությունը, այդ թվում իշխանությունների հավաստիացումներն առ այն, որ ժողովրդավարական սկզբունքները պետք է լիարժեք կերպով հարգվեն, և որ արդարադատությունը պետք է գործի առանց քաղաքական միջամտության՝ դրանով իսկ զերծ մնալով ցանկացած քաղաքական ազդեցությունից: Ես ընդգծում եմ, որ չի կարող լինել անպատժելիություն քրեական գործողության համար՝ անկախ այն բանից՝ ով է դա գործել: Հետևաբար մենք ողջունում ենք ցանկացած արժանահավատ քննություն՝ 2008թ. մարտին տեղի ունեցավ ողբերգական իրադարձությունների 10 զոհերի գործով: Այնուամենայնիվ, ցանկացած քննություն, այդ թվում կոռուպցիոն մեղադրանքների վերաբերյալ, պետք է իրականացվի օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության և արդար դատավարության սկզբունքներին խստորեն հավատարիմ մնալու պայմաններում՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի»:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստան կայցելեն մոտ ապագայում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031