Հոկտեմբերի 2-ին Երևանում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին և դրան հաջորդած գործողություններին արձագանքել են միջազգային լրատվամիջոցները:
«Հեռանալ՝ մնալու համար. ինչու՞ է Հայաստանը դարձյալ փոթորկվում». Այսպես է վերնագրել իր հոդվածը gazeta.ru-ն: h
Հայաստանում ցույցերի հերթական ալիքի ֆոնին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է հրաժարական տալ: Ընդ որում, նա պարզաբանեց, որ ցանկանում է վերընտրվել այդ պաշտոնում արտահերթ ընտրությունների միջոցով, որոնք պետք է տեղի ունենան տարեվերջին: Ինչ վերաբերում է հուզումներին, մի քանի հարյուր ցուցարարներ ներխուժեցին խորհրդարանի շենք, բայց անվտանգության ծառայությունը նրանց չխանգարեց, գրում է պարբերականը:
«Հայաստան. Փաշինյանի համախոհների բազմությունը շրջափակել է խորհրդարանը. նրանք պահանջում են արտահերթ ընտրություններ» խորագրով հոդվածում BBC-ն մանրամասն ներկայացնում է հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան տեղի ունեցած իրադարձությունները:
Հանրահավաքի մասնակիցները փակել են խորհրդարանի շենքի մուտքերը և թույլ չեն տալիս պատգամավորներին դուրս գալ այնտեղից: Խորհրդարանում լարված իրավիճակ է պահպանվում… Բանակցությունների ավարտից հետո դուրս գալով համախոհների մոտ՝ Փաշինյանը հայտնեց, որ խորհրդարանական խմբակցությունները կարծես թե «լսել են ժողովրդի ուղերձը» և չեն պատրաստվում վարչապետի այլ թեկնածու առաջադրել, ասվում է հոդվածում:
Երևանում՝ խորհրդարանի շենքի դիմաց, հավաքվել է մի քանի տասնյակ հազար մարդ, գրում է գերմանական Deutsche Welle-ն: Ցուցարարները շրջափակել են խորհրդարանի շենքը, որտեղ գտնվում են պատգամավորներ և լրագրողներ: Փաշինյանի համախոհները պահանջում են արձակել խորհրդարանը: Բողոքի ցույց է տեղի ունենում նաև Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, որտեղ մի քանի հարյուր ավտոմեքենաներ ցուցարարների հետ շարժվում են դեպի Երևան:
Երևանի, ինչպես նաև Հայաստանի մի շարք այլ քաղաքների փողոցները երեքշաբթի երեկոյան դարձյալ, ինչպես և թավշյա հեղափոխության ժամանակ, հեղեղել են հազարավոր ցուցարարներ: Ցուցարարների գլուխ կանգնած է, ինչպես և նախկինում, Նիկոլ Փաշինյանը, իհարկե արդեն ոչ թե ընդդիմության առաջնորդ, այլ երկրի վարչապետ: Զանգվածային ակցիայի պատճառը խորհրդարանի կողմից ընդունված օրենքի փոփոխությունն է, որը բարդացնում է արտահերթ ընտրությունների անցկացումը: Հավաքված բազմության առաջ պարոն Փաշինյանը հայտարարեց, որ պաշտոնից ազատում է այդ փոփոխությանը կողմ քվեարկած կուսակցությունները ներկայացնող բոլոր նախարարներին և մարզպետներին, իսկ ավելի ուշ հրաժարական կտա ինքը, բայց միայն նրա համար, որպեսզի հետո դառնա լիիրավ վարչապետ, «Հայաստանում վերադարձել են բողոքական տրամադրությունները» խորագրով հոդվածում գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ