Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը մանրամասներ է պատմում կառավարություն-խորհրդարան քննարկումներից

Հոկտեմբեր 03,2018 13:02

Երեկ գիշեր կայացած կառավարություն-խորհրդարան քննարկումներում, բոլորն արձանագրել են, որ երկրում քաղաքական ճգնաժամ կա եւ դրա լուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Դրանց անհրաժեշտության հարցը որեւէ մեկը կասկածի տակ չի դրել: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հիմնական քննարկման թեման, ինչպես հայտնի է, ընտրությունների անցկացման ժամկետի մեջ է: Հեղափոխական ուժերը գտնում են, որ դրանք պետք է կայանան մինչեւ տարեվերջ, որպեսզի ճգնաժամը չերկարի եւ պետությունը քիչ տուժի, իսկ «հակահեղափոխական» որակվող ուժերը պնդում են պահել նախնական պայմանավորվածությունները եւ ընտրություններն անցկացնել գարնանը:

Հետաքրքրվեցինք`Արամ Սարգսյանի տպավորությամբ, ո՞ր ուժերն էին ավելի անկեղծ իրենց մղումներում եւ պնդումներում: Նա ասաց, որ իր տպավորությամբ, քննարկման ժամանակ բոլորն էլ անկեղծ փորձել են իրենց մոտեցումները հիմնավորել, բոլորն էլ ասում էին, որ հարգում են ՀՀ ժողովրդին եւ դրա հավաստիացումն այն էր, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ: Պարզապես, յուրաքանչյուրն ունի հարցի ռացիոնալ լուծման իր տարբերակը:

Արամ Սարգսյանը կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե երեկ խոսակցությունն ընթանար ՔՊ-ի որոշման համատեքստում`դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցնցում կազմակերպելու համատեքստում. «Իրենք հաշվարկել են, եկել են այդ որոշման եւ այստեղ բանավիճելու խնդիր չկա»: Մյուս թեւը, իր առաջարկած տարբերակի իրացման մեխանիզմն այլեւս, մեր զրուցակցի կարծիքով, չունի, իրենից կախված չի:

Արամ Սարգսյանն ասաց նաեւ, որ երեկ ՀՀԿ-ականներն անկեղծորեն ասել են`չունեն վարչապետի թեկնածու, ում պատրաստվում են առաջադրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո: Ավելին, նման քայլ իրենց մտքով չի էլ անցել: Առավել ևս այս պարագայում, Արամ Սարգսյանը անիմաստ է համարում ՀՀԿ-ականների նման կեցվածքը:

«Հակահեղափոխության» մասով Նիկոլ Փաշինյանի բնութագրումը Արամ Սարգսյանը ճիշտ է համարում այն առումով, որ երեկ գիշերը նիստ է արվում  եւ օրենքի ուժ է տրվում մի փաստաթղթի, որը սահմանափակում է վարչապետի հրաժարականով խորհրդարանի լուծարման հնարավորությունը: «Մարդիկ այս փաստաթղթով կարող էին մինչեւ 2022 թվականը ձգել արտահերթ ընտրությունները, ինչի մասին կան նաեւ առանձին ՀՀԿ-ական գործիչների պնդումները`կուլիսներում, թե կուլիսներից դուրս, որ այս խորհրդարանը լեգիտիմ է: Ուղղակի այս խոսակցությունը երեկ սեղանի շուրջ չի եղել: Սեղանի շուրջ բոլորն ընդունել են, որ քաղաքական ճգնաժամ կա եւ դրա լուծումը արտահերթ ընտրություններն են»:

Մանրամասները` տեսանյութում

Արամ Սարգսյանը չի ցանկանում գնահատել`ստեղծված իրավիճակին ադեկվա՞տ էր, դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություններ կունենա հետագայում ժողովրդին փողոցում հավաքելու Նիկոլ Փաշինյանի քայլը: Դա թողնում է քաղտեխնոլոգներին եւ ժամանակին: Բայց փաստում է, որ այդ քայլն ազդեցություն ունեցավ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031