Ինչ է լինելու երեկ ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների աղմկահարույց նախագծի ճակատագիրը: Այսօր լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս հարցին ի պատասխան ասաց, որ անգամ այդ օրենքի ընդունման պարագայում որեւէ խոչընդոտ չկա, եթե 14 օրվա ընթացքում չի ընտրվում վարչապետ, իրավունքի ուժով խորհրդարանը համարվում է արձակված. «Սահմանադիրը, երբ այդ նորմը գրել է, երբ դա ընդունվել է, ամբողջ իմաստն այն է, որ ԱԺ-ն անգործունակ է, եթե 14 օրվա ընթացքում չի կարողանում ընտրել վարչապետ, կապ չունի, թե ինչ եղավ, որ չընտրեց»: Մեր դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ դա Սահմանադրության հայեցողական մեկնաբանություն է, նա պատասխանեց, որ ամեն իրավաբան կարող է ունենալ իր մեկնաբանությունը. «Տիկին Հովհաննիսյանն ունի իր մեկնաբանությունը, ես՝ իմ: Սահմանադրությունը, բնականաբար, չի կարող բոլոր իրավիճակները կանխատեսել, բայց հնարավորինս պետք է կանխարգելի սահմանադրական ճգնաժամը»:
Ըստ Մարուքյանի, եթե այդ նախագիծը ուժի մեջ մտնի, կստացվի, որ անորոշ ժամանակով չեն կարող ունենալ վարչապետ, հետեւաբար անորոշ ժամանակով ճգնաժամ կլինի, չենք ունենա երկրի գործադիրի ղեկավար, որը գերագույն գլխավոր հրամանատարն է մեր երկրի:
Հարցին՝ սա արդյոք ցույց է տալիս, որ մենք գործ ունենք հակահեղափոխական դաշինքի հետ՝ Մարուքյանը պատասխանեց. «ՀՀ-ում հիմա այնպիսի իրավիճակ է, որ չկա հնարավորություն հակահեղափոխության, չկա հնարավորություն մեկ այլ մարդու առաջադրելու եւ ընտրելու վարչապետ: Անգամ եթե դա արվի, դա հերթական ձախողված քայլն է լինելու, որեւէ արդյունք դա չի տալու ռեւանշի, կամ իրավիճակը փոխելու: Հետեւաբար այն մարդիկ, որոնք գործուն խաղացողներն են, գիտակցում են իրավիճակը, ոչ մեկը լուսնից չի իջել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Էէէէ,Էդմոն Մարուքյան,վերջին պահին հասցրել ես թռնել արդեն արագություն ստացած գնացքի սանդուղքին,ձևացնում ես իբր հեղափոխական ես…