«Թակարդ»-ը արկածային վեպ չէ, ոչ էլ քրեական կամ ռազմավավերագրական, թեև հիշյալների սիրահարները կարող են նաև այդ ընկալմամբ կարդալ, ու գոհությունը կատարյալ կլինի: Կարելի է նույնիսկ մեր ժամանակներում տարածված զուգահեռ պատմության գրականություն դիտել, ու դրա ընթերցողն էլ կունենա: Իսկ ես ուզում եմ հոգեբանական վեպ տեսնել և այդպես էլ մի շնչում կարդացել եմ: «Մի շնչում»-ը շեշտում եմ, որովհետև տեքստի հաղթահարման ջանքի բացակայությունը մասնակցության հնարավորություն է տալիս` թողնելով, որ ներսից բացես իրադարձությունները, հարաբերությունները, մարդկանց:
Հաղթահարման ջանքի բացառումը Աշոտ Աղաբաբյանի գրողական գյուտերից է. վեպը բազմաշերտ է, բազմակերպար, բազմատարածք, անցյալ-ներկա-անցյալ ու հակառակը բազմակի անցումներով, և այս ամենը ոչ թե դրսից (ընթերցողի կողմնակիությամբ), այլ ներսից (մասնակցի բոլոր զգացողություններով) ընկալելու մեր բարեբախտության հեղինակը գրողի վարպետությունն է:
Ինչու եմ ընդգծում ընթերցանության մասնակցային սկզբունքը. որովհետև դա թույլ է տալիս վերամարմնավորվել կերպարների մեջ: Ոչ միայն Ջոն Հանիսյանի, ինչը հեշտ ու սիրելի է, այլև նրա մարտական ընկերների, նրա Ցողիկ մոր և նույնիսկ դավաճան Խադինսկու ու ծախու Մուրմանսկինի, նույնիսկ բարոյազուրկ գեներալների կամ մարդկային նկարագիրը կորցրած բանտային վերակացուների մեջ:
Ի վերջո, գրականության խնդիրներից մեկը ինքնադատումն է ուրիշների գնահատման միջոցով, իսկ գնահատելու համար պիտի այդ ուրիշի կաշվի մեջ մտնես ու հայտնվես նրա վիճակում:
«Թակարդ»-ն այդ հնարավորությունն է: Եվ իրավիճակի յուրաքանչյուր կտրուկ փոփոխության, այդ փոփոխություններին կերպարների արձագանքի, կայացված որոշման հետ կախվում է հարցը իսկ դո՞ւ, դո՞ւ ինչ կանեիր, ինչպե՞ս կվարվեիր… Ու պատասխանդ պիտի բացարձակ անկեղծ լինի, որովհետև ինքնախաբեության համար հաջորդ իսկ էջում պատժվելու ես նոր որոշում կայացնելու պարտադրանքով, ու չես կայացնելու, պարտվելու ես, որովհետև թեկուզ մեկ անգամ, բայց արդեն ստել ես:
Ինչպես է արձագանքում մարդը սահմանային վիճակին…
Խոսքը Ջոն Հանիսյանի մասին չէ. նա ի սկզբանե ու միանշանակ է: Խոսքը մյուսների ու մեր մասին է: Ի վերջո, իրական բացահայտումը միայն սահմանային վիճակներում է, երբ վրիպումը կարող է ոչ թե կյանք արժենալ, այլ ամեն ինչի բացարձակ զրոյացում: Ամենի, ինչից բաղկացած է մարդը: Եվ՝ անհետ ու անվերադարձ…
Պատերազմի էկզիստենցիա, բանտի էկզիստենցիա, Հայրենիքի էկզիստենցիա… Այս և այլ սահմանային վիճակներում են հայտնվում վեպի կերպարները (նրանց հետ՝ նաև ընթերցողը), և յուրաքանչյուրն իր վճիռն է կայացնում, զուտ իր ուղիներով է դուրս գալիս իրավիճակից կամ էլ ջնջվում է Ժամանակների գրքից, ինչպես նյութի ու հականյութի հանդիպման դեպքում:
Ինչպես է արձագանքում մարդը սահմանային վիճակին…
Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» և «Մենակը» վեպերի գլխավոր հերոսներն առնվազն երկու սահմանային վիճակի ու վճռական մենակի գոյաձևի հարթության վրա տեսանելի առնչություն ունեն գնդապետ Ջոն Հանիսյանի հետ, բայց «Թակարդ»-ում սահմանային վիճակը բոլորինն է, և այդ պարագայում արդեն բացահայտվում է վճռական մենակ լինելու յուրաքանչյուրի կարողությունը:
Եվ այստեղ, առանց ուղղակի ցուցումների ու բարձրագոչության, հեղինակը մեզ մոտեցնում է Հերոսի խնդրին, ինչը չափազանց կարևոր է հերոսի որոնման մեր ժամանակներում:
Ցուցումներ, իրոք չկան, բայց հուշումն ակնհայտ է՝ Հերոսը վճռական մենակն է, որը սահմանային վիճակում պահպանում է իր արժեհամակարգը հրաժարումի գնով: Հրաժարումի բարեկեցությունից, ճանաչումից, նույնիսկ ազատությունից և անգամ կյանքից, որովհետև «Մարդն իր կյանքից թանկ արժե ժամանակի ու հիշողության մեջ…»:
Այս առումով կարելի է ասել, որ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ»-ը եռագրություն է կազմում «Ռեզիդենտը» և «Մենակը» վեպերի հետ՝ լինելով ինքնարժեք և ինքնաբավ գործ, որտեղ յուրաքանչյուրս, ուզենք թե չուզենք, ինչպես ճշմարիտ հայելու մեջ, անպայման տեսնելու և գնահատելու ենք մեզ:
Ներսես ԱԹԱԲԵԿՅԱՆ
բանաստեղծ, բանասիրական գիտությունների թեկնածու
ՀԱՏՎԱԾ ՎԵՊԻՑ
Մուտք դժոխքի պարունակներ
Մոսկվա: Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության քննչական մեկուսարան. Լեֆորտովո:
Ջո՛ն, Ջո՛ն, Ջո՛ն, է՞ս էր ուզածդ: Սուտ կլինի, եթե ասես, թե երբևէ չես մտածել այսպիսի հանգրվանի մասին: Բայց ինչո՞ւ երրորդ երկրի բանտում և ինչո՞ւ հենց այսօր, գրողը տանի…
Քննչական մեկուսարանի երկրորդ հարկի 22-րդ բանտախցում, ուր կիսամութի պատճառով դժվար էր կռահել` օրվա արշալո՞ւյսն էր, թե մայրամուտը, բարձրահասակ, ձիգ կազմվածքով տղամարդն ուշադիր նայում էր պատին ծեփված, հայելի հիշեցնող խզբզանքին: Իսկ արտացոլանքում խիտ, սև մազերով նրա չսափրված դեմքն էր ու խոժոռ, մտախոհ հայացքը: Ի՞նչ էր փնտրում ինքն իր հայացքում: Իրավիճակը թելադրում էր անհանգստություն, տագնապ, գուցե վախ: Ամենևին: Հայելու միջից իրեն սաստում էր մտախոհ, բայց սառը, հավասարակշռված, պրոֆեսիոնալ հետախույզին հատուկ հանդարտությամբ՝ համբերության մղող հայացքը:
Է՞ս էիր ուզում, մտածեց նա, երեկ պատերազմն ավարտվեց, այսօրվանից, սակայն, քեզ նոր ճակատամարտ է սպասում: Հավանաբար վերջինը: Ի՞նչ թակարդ են լարել քո դեմ, ո՞վ: Հիմա կարևոր չէ: Դու այլևս Լեֆորտովոյի բանտում ես: Հարմարվի՛ր իրավիճակին կամ այն հարմարեցրու քեզ: Երկարատև, հոգեմաշ պայքարի՛ պատրաստվիր: Հենց առաջին օրվանից:
Մոտեցավ խցի երկաթե դռանը, երկու անգամ ուժգին բախեց՝ Է՜յ, հսկիչ, մոտ արի, հատու, հրամայական ձայնեց նա: Ակնթարթներ անց դռան փոքրիկ պատուհանից երևաց երիտասարդ, շեկ, պեպենոտ հսկիչի գլուխը: Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել՝ հարցրեց հսկիչը՝ ակնապիշ նայելով խորհրդավոր կալանավորին:
— Երիտասա՛րդ, իմ սափրվելու ժամն է, էլեկտրական սափրիչը բեր և որքան հնարավոր է՝ շուտ:
— Ինչների՞դ է պետք, ընդամենը մեկ ժամ է, որ այստեղ եք, կես ժամից Ձեզ կտանեն քննիչի մոտ, հետո դեռ էնքա՜ն ժամանակ կունենաք սափրվելու,— ոչ այն է՝ լուրջ, ոչ այն է՝ հեգնանքով, ավելի ճիշտ՝ մտերմախառն հեգնանքով պատասխանեց հսկիչը:
— Լսի՛ր, տղա՛, ես կարող է այստեղ բանտված մնամ մեկ օր, մեկ տարի, տասը տարի, բայց ամեն Աստծո օր ձեր տված սափրիչով ես պետք է սափրվեմ: Ամեն օր: Լեֆորտովոյի այս ամրոցն աշխարհին հայտնի է իր արտասովոր լռությամբ, ի՞նչ ես բլբուլ կտրել, արդեն անհայտ կալանավորին կարևոր լուր տվեցիր քննիչների մտադրության մասին: Դու այստեղ երկար չես մնա, երևի նորեկ ես, իսկ այժմ սափրիչը բեր, քանի որ առանց սափրվելու իրենց մոտ չեմ գնա,— բառերը հատ-հատ շեշտելով՝ ասաց կալանավորը՝ տեսուչի քննախույզ հայացքի ներքո հանդարտ քայլելով խցի մի ծայրից մյուսը:
— Ճիշտ կռահեցիք՝ ընդամենը երրորդ օրն է՝ այստեղ եմ: «Մատրոսսկայա տիշինա» բերդից եմ, մեզ մոտ ամբողջությամբ վերանորոգում են բանտը, կալանավորների հետ մեզ էլ են տեղափոխել Լեֆորտովո: Հիմա կբերեմ էլեկտրական սափրիչը: Մեկ ժամ է, ինչ Ձեզ այստեղ են բերել, բայց արդեն լեգենդներ են պատմում Ձեր մասին: Այնպես որ, այնքան էլ անհայտ կալանավոր չեք: Գիտեմ, որ անվտանգության գնդապետ եք…
— Արդեն լեզվիդ ես անում, բե՛ր էդ անտեր սափրիչը,— մտերմիկ ասաց գնդապետը և մտածեց՝ սրան հաստատ այստեղ չեն պահի:
…Հանգիստ, անշտապ, խնամքով սափրվեց, որքան թույլ էր տալիս բանտախցի ճաքճքած, խզբզած հայելու տնազը: Փորձեց ժպտալ, հայելու մեջ անճոռնի, անբնական մի բան ստացվեց, շրջվեց, չգիտես ինչու, փնտրում էր բանտախցի պատուհանը: Չկար, չէր երևում: Բարձր առաստաղի մի անկյունից լույս էր ճառագում, աստիճանաբար խամրելով իջնում ներքև՝ մինչև հայելի: Երևի այդտեղ է պատուհանը՝ մտածեց:
Ջո՛ն, Ջո՛ն, Ջո՛ն, այս ո՞ւր ընկար, ժամանակին դու ես այստեղ շղթայակապ հանցագործ բերել: Իսկ հիմա քեզ բերեցին՝ ձեռնաշղթաներով, ավելի քան երեսուն դիմակավորված հատուկջոկատայիններով: Ընդամենը մեկ ժամ առաջ ազատության մեջ էիր: Մեկ ժամ առաջ: Փորձեց վերհիշել կատարվածը…
***
Նախորդ երեկոյան Երևան–Մոսկվա չվերթի վերջին ինքնաթիռով ժամանեց Վնուկովո: Անմիջապես ուղևորվեց տուն: Առաջիկա օրերին բարդ, գրեթե անհնարին առաջադրանք էր կատարելու: Պետանվտանգության ղեկավարության խնդրանքով պետք է այստեղի երկու մեծ թաքստոցներից սովորական ինքնաթիռով Երևան հասցներ զենք-զինամթերք, պայթուցիկ սարքավորումներ, որոնց տեղը միայն ինքը գիտեր: Նոր ղեկավարությանը չէր էլ հետաքրքրում, թե ինչպես պետք է բերվեր այդ ամենը: Իրենք կարո՞ղ էին գոնե մեկ փամփուշտ տեղափոխել ինքնաթիռով: Անորսալի Ջոնն է, թող ելք գտնի, ասել էին նորերը: Շուն-շանորդիք, աճպարա՞ր եմ, ինչ է: Տուն հասնելով՝ անմիջապես պառկեց քնելու: Ռադիոն հաղորդեց, որ վերջապես հաշտության համաձայնագիր է կնքվել հայերի ու թուբացիների միջև, և այլևս պատերազմ չի լինի: Անջատեց: Հիմարնե՜ր, պատերազմը նոր է սկսվելու, քթի տակ մռթմռթաց Ջոնը և փորձեց քնել…
Երևանում լինի թե Մոսկվայում, սովորույթ է՝ առավոտները պետք է դուրս գա թեթև մարզանքի: Հագավ «Մոնտանա» ֆիրմայի իր սիրած մարզահագուստը, սեղանի վրայից թռցրեց մի մեծ կանաչ խնձոր ու դուրս եկավ: Շենքերի կողքի արահետով սկսեց դանդաղ վազել: Գրողը տանի, առավոտ կանուխ ինչքան շատ մարդ կա, բակն ու հարող տարածքն այդ ժամի համար անսովոր լիքն էին ավտոմեքենաներով ու մարդկանցով: Շրջապատը հայացքով սովորաբար միշտ զննող Ջոնն այս անգամ ուշադրություն չդարձրեց դրան:
Նոր էր կծել խնձորը, երբ հետևից ուժեղ հարված զգաց թիկունքին: Աչքերը մթնեցին: Բերանքսիվայր ընկավ: Ինչ-որ մեկը հետևից ձեռնաշղթաներ հագցրեց: Եվս մի ակնթարթ, և հայտնվեց ինչ-որ ավտոմեքենայի հետևի նստատեղին, երկու կողմից դիմակավոր հատուկ ջոկատայիններ նստեցին: Ավտոմեքենան աղմուկով կտրուկ շարժվեց տեղից: Ջոնը նկատեց, որ իրեն տանում են ավտոշարասյունով՝ խելահեղ արագությամբ: Այս ամենը երևի մի քանի րոպե տևեց:
— Սա թյուրիմացություն է, դուք սխալվել եք, ես պետանվտանգության գնդապետ Ջոն Հանիսյանն եմ,— վերջապես խոսեց նա:
— Ըհը, ես էլ եմ գնդապետ, ճիշտ է՝ Դուք անորսալի Ջոնն եք, ումից երկու տարի է՝ սարսափում է մի ողջ պետություն:
— Հուսով եմ՝ դա Ռուսաստանը չէ,— հակադարձեց Ջոնը:
— Չէ, բանը դրան չի հասնի,— ասաց գնդապետը, ում ուսադիրները Ջոնը նոր նկատեց:
Մոտ քսան րոպե մեքենաները սուրում էին փողոցներով, ապա գնդապետը հեռախոսով խոսելուց հետո վարորդին կարգադրեց հետ դառնալ: Մեքենաները կտրուկ շրջադարձ արեցին ու վերադարձան նույն ճանապարհով: Շուտով հասան Ջոնենց բակ: Շքամուտքը լիքն էր դիմակավորված ավտոմատավորներով:
— Գնդապե՛տ, այսքան ավտոմատավորն ի պատիվ ի՞նձ են ժամանել, թե՞ ինչ-որ գունդ եք գրավելու,— Ջոնը ուշքի էր գալիս:
— Իհարկե, ի պատիվ Ձեզ: Հավատացե՛ք, Դուք դրան արժանի եք,— լուրջ-լուրջ պատասխանեց գնդապետը:
Ավտոմեքենան կանգնեց շքամուտքի մոտ: Արագ իջան: Մուտքը հսկում էին հինգ-վեց դիմակավոր ավտոմատավորներ:
— Համեցեք Ձեր բնակարան, պարո՛ն Հանիսյան,— ասաց գնդապետը և առաջ անցավ: Ջոնը նկատեց, որ դիմակավորների մի մեծ խումբ անմիջապես տեղավորվեց ավտոմեքենաներում ու անհետացավ բակից: Միջանցքում՝ մինչև երրորդ հարկ, ամենուր ավտոմատավորներ էին: Բնակարանի դուռը կրնկի վրա բաց էր: Ներս մտան: Գնդապետը կարգադրեց հանել ձեռնաշղթաները: Մայորը մի պահ կանգ առավ, հարցական նայեց գնդապետին:
— Արձակի՛ր, արձակի՛ր, խնդիր չկա,— ասաց գնդապետը:
— Նստեք, պարո՛ն Հանիսյան, Ջոն Արշավիրի Հանիսյան, Դուք Հայաստանի պետանվտանգության ծառայության գլխավոր վարչության՝ թշնամու թիկունքում դիվերսիոն գործողությունների բաժնի պետն եք: Ավարտել եք ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի բարձրագույն դպրոցը, ինչպես և Ձեր խոնարհ ծառան,— իրեն մատնացույց արեց գնդապետը և շարունակեց,— սովորել եք նաև հատուկ պատրաստության հետախուզական-դիվերսիոն դպրոցում: Ես զինվորական դատախազ եմ՝ գնդապետ Օլեգ Պոկլոննիկով, կատարում եմ դատարանի որոշումը, ահա, ծանոթացե՛ք, բնակարանը խուզարկելու և Ձեզ ձերբակալելու որոշումներն են,— և Հանիսյանին փոխանցեց երկու փաստաթուղթ ու նստեց դեմ դիմաց՝ ակնդետ հետևելով Հանիսյանի դեմքի արտահայտությանը:
Ջոնի դեմքի մկանները դույզն-ինչ չշարժվեցին: Ասես ոչ թե իրեն, այլ Պոկլոննիկովին ձերբակալելու թույլտվությունն էր կարդում:
Կողքի սենյակից փաստաթղթեր բերեցին: Խուզարկությունն սկսվել էր: Փաստաթղթերը հանձնեցին դատախազին: Բերողը զարմացած նայում էր գնդապետին:
— Օհո՜, հետաքրքիր է, պարո՛ն հետախույզ, յոթ անձնագիր՝ յոթն էլ Ձերը, յոթն էլ տարբեր ազգանուններով: Այստեղ ռուս եք՝ Օլեգ Շուտով, այստեղ՝ չեչեն Ամիրխան Զավերբաև, ապա թուբացի Ալի Մամեդով, ֆրանսիացի Ժան Պորտիե… Լսել եմ, որ բազմաթիվ լեզուների եք տիրապետում…
— Պարո՛ն դատախազ, անմիջապես դադարեցրե՛ք խուզարկությունը, հենց հիմա դադարեցրե՛ք,— հանգիստ, սառը, կարգադրող տոնով հայտարարեց Հանիսյանը՝ նկատելով, որ նռնակներ են դնում սեղանին:
— Ի՞նչ է պատահել,— տագնապած հարցրեց դատախազը:
— Այլևս անիմաստ է թաքցնելը,— հանգիստ խոսեց Ջոնը,— Եթե հիմա չդադարեցնեք խուզարկությունը, հնարավոր է՝ ամբողջ շենքը, մենք էլ Ձեզ հետ միասին հօդս ցնդենք: Այստեղ այնքան պայթուցիչ կա, որ առանց սակրավորների անհնար է գլուխ հանել:
Դատախազը զգաստացավ. Ջոնը չէր կատակում: Սառը քրտինքը պատեց գնդապետի ճակատը: Անմիջապես կարգադրեց զանգել համապատասխան մարդկանց ու հրամայեց դադարեցնել խուզարկությունը: Սակրավորները կգան մեկ ժամից՝ ասացին:
— Եվ ի՞նչ պետք է անենք այս մեկ ժամում,— հենց այնպես նետեց Հանիսյանը, ապա շրջվելով դեպի Պոկլոննիկովը՝ ասաց,— ո՞ւմ և ինչի՞ համար էր այս ներկայացումը՝ բազում հատուկջոկատայիններով: Ինչպես հասկացա, դուք քաղաքում քսան րոպե «շքերթով» անցաք՝ համոզվելու, որ ինձ ձեզնից փրկող զորագունդ չկա:
— Կարող եք և այդպես մտածել,— հանգիստ պատասխանեց դատախազը,— հիմա ես Ձեզ ձերբակալում եմ, բայց անկեղծանամ, տարօրինակ զգացողություն ունեմ՝ թերարժեքության յուրօրինակ բարդույթով. ինձ թվում է՝ ես չափազանց փոքր դեմք եմ՝ Ձեզ նման խոշոր պրոֆեսիոնալին կալանավորելու համար…
— Իմ այս վիճակում Ձեր պաթետիկ գնահատականները իմ համեստ անձին առանձնապես շոյիչ չեն և ոչ էլ տեղին,— ընդհատեց Ջոնը:
— Թույլ տվեք խոսքս ավարտեմ, մանավանդ ուրիշ առիթ չի լինելու: Ձեզ նման խոշոր դեմքը չի կարող տեղեկացված չլինել, որ հենց Ձեր կողմից թուբացիների մայրաքաղաքում «ներդրված» գործակալ Խադինսկու ձերբակալությունից հետո Թուբայի գլխավոր դատախազը, արտգործնախարարը, պետանվտանգության և ներքին գործերի նախարարները, անգամ երկրի ղեկավարը Ռուսաստանի իրենց գործընկերներին այնպիսի փաստարկված տեղեկություններով նամակներ են գրել, որ կարդում, քարանում ես զարմանքից: Ինչպե՞ս կարող է մեկ մարդն այսքան ահռելի վնաս հասցնել թշնամի երկրի տնտեսությանը: Խոսքը հենց Ձեր մասին է, գնդապե՛տ Հանիսյան: Դեռևս անցյալ տարի մեր ու նրանց հատուկ ծառայությունները հինգ ամիս շարունակ Թուբային սահմանակից մեր Բերդեն քաղաքում հատուկ գործողություններ էին իրականացնում մոտ երկու հարյուր պրոֆեսիոնալ խուզարկուներով, որպեսզի հայտնաբերեն անձամբ Ձեր կողմից ղեկավարվող փոքր խումբը: Բայց դուք գետնի տակն անցաք, և այդ հինգ ամսում պայթեցվեց մոտ քսան գնացք, ոչնչացվեցին հազարավոր տոննա մազութ, դիզվառելիք, անհամար քանակի զինտեխնիկա, զինամթերք, սննդամթերք, ամենատարբեր սարքավորումներ: Միայն մեկ գնացքի 40 ցիստեռն պայթեց՝ յուրաքանչյուրում 67 տոննա մազութ…
— Գրողը տանի, դատախա՛զ, Դուք այնպիսի ափսոսանքով եք խոսում մազութի, դիզվառելիքի ու զինամթերքի մասին, ասես ժողովրդական բարիք է ոչնչացվել: Իրականում դա տարվում էր ռազմաճակատ՝ օգտագործելու իր անկախության համար պայքարող խաղաղ բնակչության դեմ,— ընդհատեց Ջոնը,— և ինչի՞ համար եք պատմում այս հեքիաթը: Չգիտե՞ք, որ պատերազմում կոնֆետ չեն բաժանում: Ու եթե պատերազմող երկրներից մեկը մյուսի զինտեխնիկան ոչնչացնում է, դա ոչ թե հանցագործություն է, այլ պատերազմական իրավիճակին հատուկ ռազմական գործողություն:
— Բոլոր այդ պայթեցումները թուբացիների տարածքում էին տեղի ունենում, անգամ նրանց մայրաքաղաք Թուբայում: Սակայն ժամացույցի մեխանիզմով պայթուցիկ սարքերը տեղադրվում էին երկաթուղային մեր վերջին կայարան Բերդենում: Այսինքն, դուք հանցագործությունը կատարել եք մեր երկրի տարածքում, բայց վնասել եք թշնամի երկրին…
— Ե՞ս, ես Բերդենում երբևէ չեմ եղել, գիտեմ միայն քարտեզով, կարող եք ստուգել, դժվար չէ: Իսկ եթե պատերազմի ժամանակ թշնամու տնտեսությանը վնաս հասցնելը Ձեր մեկնաբանությամբ հանցագործություն է, ուրեմն Դուք ռազմական գործից անտեղյակ եք, գնդապե՛տ:
— Խնդիրը միայն տնտեսական չէ: Թուբացի բարձրաստիճան պաշտոնյաների նամակում Դուք մեղադրվում եք շուրջ հազար թուբացի ոչնչացնելու մեջ: Ես հասկանում եմ, որ դա անհնար է: Հաղթած պատերազմում մյուս հայերն ի՞նչ էին անում, եթե միայն Դուք այդքան մարդ եք ոչնչացրել:
— Ես երբևէ նույնիսկ մրջյունի բույն էլ չեմ տրորել, և ականջ կախել պարտված թշնամու պարզունակ զառանցանքներին, ամոթ է ձեզ նման հզոր երկրի համար: Եվ հետո՝ ձե՞զ ինչ: Մենք ձեզ հետ կռիվ չունենք: Ընդհակառակը՝ միակ դաշնակիցն եք:
— Ջո՛ն, Դուք ճանաչո՞ւմ եք գործակալ Օլեգ Խադինսկուն,— հանկարծ տոնը փոխեց դատախազը՝ ավելի մոտ նստելով Հանիսյանին:
— Օհո, արդեն հարցաքննո՞ւմ եք, գնդապե՛տ: Մինչև այժմ տեղեկություններ էիք փոխանցում, որոնք, ինչպես նկատեցիք, ինձ համար նորություն չէին: Փուչ, շինծու բանսարկություններ: Ո՛չ ավելին: Իսկ Խադինսկու հետ ծանոթացել եմ երկու տարի առաջ՝ Երևանում: Եկել էր հոդված պատրաստելու «Ժողովրդի խոսք» թերթի համար, որի թղթակիցն էր: Այսքանը: Զրույցն ավարտենք: Թե չէ հարցաքննության է վերածվում, որի իրավունքը Դուք դեռ չունեք:
— Ես այս ամենը ասացի՝ պատասխանելու Ձեր միակ հարցին, թե ում և ինչի համար էր Ձեզ ձերբակալելու այս բազմանդամ «ներկայացումը»: Եթե Դուք փոքր խմբով Բերդեն քաղաքում կարողացել եք մոտ քսան անգամ ականապատել շարժվող գնացքները, և դա այն դեպքում, երբ հարյուրավոր մասնագետներով, շներով, տարբեր միջոցներով հսկվում էին երկաթգիծն ու գնացքները, ապա ի՞նչ մի դժվար բան է ձերբակալությունից խուսափելը,— խոսքն ավարտեց Պոկլոննիկովը:
— Իսկական «բոյեվիկ» ֆիլմի սցենար էր Ձեր պատմածը: Միայն ամերիկյան ֆիլմերի հերոսները կարող են այդպիսի ֆանտաստիկ գործողություններ կատարել,— նետեց Ջոնը:
— Մեկ էլ Կուպավնայի հետախուզական-դիվերսիոն հատուկ դպրոցի շրջանավարտը,— Ջոնի խոսքը շարունակեց դատախազը՝ Կուպավնա անունը տալիս ուշադիր զննելով խոսակցին: Չգիտես ինչու, դատախազին թվում էր, թե այդ անունը լսելով՝ Ջոնը կզարմանա:
— Յուրաքանչյուր սկսնակ քննիչ, եթե իրավունք ունենա գլուխը խոթելու արխիվային փաստաթղթերի մեջ, հեշտությամբ կիմանա, որ ես այդ դիվերսիոն հատուկ դպրոցի շրջանավարտ եմ, ինչի համար հպարտ եմ ու շնորհակալ եմ իմ ռուս ուսուցիչներից, որոնց շնորհիվ հնարավորություն ունեցա ազգիս օգտակար լինելու,— ասաց Հանիսյանը:
— Ջո՛ն, Դուք ինձ քիչ առաջ զինվորական գործից անտեղյակ մեկը անվանեցիք, եթե պատերազմի ժամանակ թշնամու զինտեխնիկան ոչնչացնելը հանցագործություն եմ համարում: Ուզում եմ իմանաք, որ արդեն յոթ-ութ ամիս է՝ Ձեզանով զբաղվող քննչական խումբը դետալ առ դետալ նախաքննություն է կատարել: Եվ այդ մարդկանցից մի քանիսը, այդ թվում՝ նաև ես, կարծում են, որ Ձեր գործողությունները ոչ թե հանցագործություն, այլ խենթ, խելահեղ, անհավատալի սխրագործություններ են: Բայց դա ոչինչ չի նշանակում: Ձեզ երկար, տանջալից ամիսներ, տարիներ են սպասում բանտերի մենախցերում: Այնքա՜ն մարդ ատամ ունի Ձեզ վրա: Ի վերջո, մենք կոլեգաներ ենք, կարծում եմ՝ իրար հասկացանք,— եզրափակեց դատախազը՝ իր համակրանքն արտահայտելուց թեթևություն զգալով:
Սակրավորները վերջապես եկան: Դատախազը զինվորականներին դուրս հրավիրեց, որ ոտքի տակ չընկնեն: Հանիսյանը վեր կացավ:
— Ես ձեզ կօգնեմ, որ ոչ մի պայթուցիչ չմնա: Իհարկե, սա ձեր նկատմամբ իմ անսահման սիրուց չէ, որ անում եմ, այլ որ ինձնից հետո հարազատներս այս տանը խնդիրներ չունենան:
Սակրավորների հետ Հանիսյանը մտավ կողքի սենյակ: Զինվորական դատախազ Պոկլոննիկովն արձակեց օձիքը, թաշկինակով սրբեց ճակատի քրտինքն ու հոգոց հանելով՝ հարմարավետ տեղավորվեց բազկաթոռի մեջ: Դժվար է լինելու սրա հետ, շատ դժվար, մերոնք չեն պատկերացնում, թե ում հետ գործ ունեն՝ մտքում ինքն իր հետ խոսում էր դատախազը: Կարծում են՝ բռնեցինք անորսալի ահաբեկիչին, և ամեն ինչ ավարտվեց: Բանտում էլ սա մեր գլխին դեռ շատ օյիններ է խաղալու: Այս պահին էլ մի նոր դերի մեջ է մտել, ասես «շքերթի» հրամանատարն ինքն է, ընկճվածության ոչ մի նշան, դեմքի ոչ մի մկան չի մատնում նրա տագնապը: Այսպիսին են Կուպավնայի կադրերը, չեմ կասկածում, Ջոնն ավելի վատ իրավիճակներում էլ է հայտնվել նախկինում…
— Պարո՛ն դատախազ, մի՛ անհանգստացեք, ոչ ինձ, ոչ Ձեզ վտանգ չի սպառնում, հիմա հերթով կբերեն զինամթերքը, հարց է, թե ինչպես եք այսքանը անվնաս տեղափոխելու,— Հանիսյանն էր, եկավ ու բազմեց դիմացի աթոռին:
Սրան տեսեք, ասես ձկնորսության է գնում՝ իրերն է հավաքում: Չի պատկերացնո՞ւմ, թե իրեն ուր են տանում՝ մտածեց Պոկլոննիկովը:
— Երևի Լեֆորտովոյում անհամբեր մեզ են սպասում, գնդապե՛տ: Անհամբեր ու ատամները սրած: Դե ինչ, ստիպված կլինեմ ապացուցել, որ մի ամբողջ պետություն թյուրիմացության մեջ է,— ասաց Հանիսյանն ու ավելացրեց,— թույլ կտա՞ք բաճկոնս, սպիտակ վերնաշապիկս ու փողկապս վերցնեմ, ճիշտ է՝ շքերթի չեմ գնում, բայց հուսով եմ՝ շուտով կհագնեմ դրանք:
Խոսիր, խոսիր, մի ժամ հետո անունդ էլ կմոռանաս՝ մտածեց դատախազն ու ասաց՝ խնդրեմ, հավաքեք ձեր իրերը:
Սակրավորներից մեկը սենյակ մտավ, մեծ սրբիչով փաթաթած մի կապոց դրեց հատակին: Սլա՛վա, հերթով գրանցիր ամեն ինչ՝ ասաց դատախազն ու մոտեցավ կապոցին:
— Տասնհինգ հատ РГД-5 տիպի նռնակ, պարո՛ն գնդապետ,— գրանցելով մատյանում՝ զեկուցեց լեյտենանտը: Հետո բերեցին երկու ատրճանակ, Կալաշնիկով ավտոմատ, մեծ ու փոքր տոպրակներով անհամար փամփուշտներ, 200 գրամանոց 22 հատ տրոտիլե պայթագլանիկ, նարնջագույն, անհայտ նյութից պատրաստված 20 հատ այլ պայթուցիչներ, կոնաձև ձագարներ, Պոկլոննիկովին անծանոթ մի քանի տասնյակ այլ պայթուցիչներ, ավտոմատին ամրացվող սվին-դանակներ…
Գրողը տանի, մտածեց դատախազը, մի ամբողջ գնդի զինամթերք է: Ուղեկցող ավտոմատավորի հետ Ջոնը հագուստի տոպրակով սենյակ մտավ, նայեց զինամթերքին ու դիմեց այս ամենից զարմացած Պոկլոննիկովին.
— Իմ շնորհիվ Դուք ծառայողական աստիճաններով վեր կբարձրանաք՝ դեռ Լեֆորտովո չմտած, ուսերիս արդեն մի ծանր հոդված ունեմ,— պայթուցիչներին նայելով՝ ասաց Ջոնը:— Ես պատրաստ եմ, կարող ենք գնալ:
Երբ բակում ավտոմեքենայի դուռը բացեցին, որ Ջոնը նստի, դատախազն աննկատ շշնջաց Հանիսյանի ականջին՝ Երևանում՝ Ձեր հիմնարկում, առնետ կա, և մի երկու հոգի մասնակից են այս սցենարին, ուր հայտնվել եք… և ամենակարևորը՝ թուբացիները փորձելու են մեզնից խլել Ձեզ…
Դատախազը նստեց մի ուրիշ ավտոմեքենա: Վայրկյաններ անց յոթ-ութ մեքենաներից բաղկացած շարասյունն անհետացավ շենքերի արանքում: