Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան ես հասկացա, զիջման տեղ այլեւս չկա, ընտրությունները լինելու են դեկտեմբերին». Էդմոն Մարուքյան

Հոկտեմբեր 03,2018 12:37

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատմեց երեկ ԱԺ նախագահի սենյակում վարչապետի եւ մյուս խմբակցությունների հանդիպման մասին: Նա ասաց, որ հանդիպումն անցել է ջերմ, ընկերական, շատ հանդարտ մթնոլորտում. «Քննարկման ընթացքում վարչապետը տեղեկացրել է, իրազեկել է իր ծրագրի մասին, այն, ինչ նա արդեն հրապարակել է, այսինքն՝ ես կտամ հրաժարական, որից հետո 14 օրվա ընթացքում խորհրդարանը չի առաջարկի վարչապետի թեկնածու, ԱԺ-ն կարձակվի իրավունքի ուժով, որից հետո տեղի կունենան արտահերթ ընտրություններ: Մեր մյուս խմբակցությունների անդամները պնդում էին, որ իրենք համաձայն են խորհրդարանի ցրմանը, սակայն այն պետք է տեղի ունենա մայիս ամսին: Քննարկումներ եղան նաեւ «Ընտրական օրենսգրքի» մասին, այլ փոփոխությունների մասին, վարչապետն ասեց, որ պատրաստ են նաեւ ԸՕ-ն ընդունել այս օրերի ընթացքում, որը պատրաստ է: Դրանից հետո չեղավ ընդհանուր կոնսենսուս, վարչապետն իրազեկեց իր ծրագիրը, մենք դուրս եկանք»: Թե ինչ է լինելու սրանից հետո, Մարուքյանն ասաց, որ պայմանավորվածություն կա, որ շփումները շարունակվում են: Վարչապետն այսօր գալու է խորհրդարան, էլի խմբակցությունների հետ շփումներ կլինեն:

Մեր հարցին՝ վարչապետն ասաց, որ բանավոր միտում է եղել, համաձայնել են, որ որեւէ թեկնածու չեն առաջադրելու, բայց թղթի վրա չեն ցանկացել դա ամրագրել՝ Մարուքյանը պատասխանեց. «Անուններ չեմ կարող հրապարակել, բայց մի քանի դրվագներում շեշտվեց, որ թեկնածու չենք առաջադրելու, պարզ է, որ չենք առաջադրելու, բայց եկեք անենք մայիսին, մի քանի անգամ շեշտվել է, բայց բնականաբար չկա հուշագիր եւ դրանք բանավոր խոսակցությունների մակարդակում է»:

Մարուքյանն ասաց, որ փաստարկներ էին բերում, որ կառավարության ծրագրում գրվված է՝ մինչեւ մայիս պետք է լինեն արտահերթ ընտրություններ, ԸՕ-ն պետք է փոխվի. «Օրենսգիրքը չի ընդունվել եւ եթե մի ամսվա մեջ չընդունվի, գնալու ենք հին օրենսգրքով ընտրության»: Մարուքյանն ասաց, որ ռեյտինգայինին իհարկե դեմ են, որովհետեւ այն ծառայել է օլիգարխներին, բայց եթե հին օրենսգրքով էլ գնան ընտրության, նախկին պատկերը չի լինի, հին մեխանիզմները չեն գործելու:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ 100 տոկոս համամասնական կամ 100 տոկոս համամասնական բաց ցուցակով այս երկու տարբերակներին էլ վարչապետն ասել է, որ կողմ է, կբերվի խորհրդարան, իսկ թե կընդունվի՞, թե՞ ոչ՝ սա արդեն հարց է:

Ըստ պարոն Մարուքյանի, «Որքան ես հասկացա, զիջման տեղ այլեւս չկա, ընտրությունները լինելու են դեկտեմբերին»:

Հարցին՝ թղթի վրա պայմանավորվածություն եթե լինի, դա համարում եք երաշխի՞ք՝ Մարուքյանը պատասխանեց, որ դրա ամբողջ իմաստն այն էր, որ լարման մակարդակը նվազեցվի, դա կարող է լինել որոշակի երաշխիք նաեւ արտաքին աշխարհի համար, որ եղել է պայմանավորվածություն, բայց քանի որ դա չկա, կլինի այն, ինչ կլինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031