Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոսեց երեկ վարչապետի հետ բանակցությունների մասին: Եղե՞լ է բանավոր խոստում, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու՝ Աշոտյանն ասաց, որ նախ բանակցություն չի եղել. «Վարչապետն ինքն ասաց, որ գուցե լավ չի բյուրեղացրել խոսակցությունը: Իր համար երեկ բարդ էր, որովհետեւ մոտ երկու տասնյակ ԱԺ պատգամավորներ իրենց տեսակետն էին հայտնում, իսկ պատասխանողը, հակադարձողը ինքն էր: Ինքը երեկ փորձում էր միաժամանակյա խաղի սեանս վարել: Այդպիսի հայտարարություն եղել է մայիսին ընտրությունները տեղափոխելու դեպքում: Ինչ վերաբերում է ընտրությունները կատարել դեկտեմբերին, դրա քաղաքական արձագանքը կստանաք մեր խմբակցության հայտարարության մեջ: Մենք երեկ վարչապետից անձամբ լսել ենք իր կարծիքը: Մենք չենք բանակցում «Ելք» խմբակցության պատգամավորների հետ, մեր քաղաքական ձեւաչափը Նիկոլ Փաշինյան եւ 3 քաղաքական ուժերն են»:
Հարցին՝ հուշագրի ստորագրումից ինչո՞ւ եք հրաժարվում՝ Աշոտյանը պատասխանեց. «Եղել է այդպիսի առաջարկություն, որ եթե ուզում եք հուշագիր ստորագրել կամ քաղաքական փաստաթուղթ, ապա ժամկետի համար էլ պիտի պայմանավորվել: Ամենատարածված կոմպրոմիսային տարբերակը երեկ, որը առաջարկվում էր վարչապետին, եղել է, որ տեղափոխենք ընտրությունները մայիս, հասցնենք բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, պատշաճ իրազեկենք միջազգային դիտորդներին, որ նրանք գան, մասնակցեն, թողենք մնացած կուսակցությունները նույնպես պատրաստվեն ընտրությունների, հանդարտեցնենք իրավիճակը եւ գնանք ընտրությունների: Սա կարող էր լինել այդ փաթեթի մաս: Բայց իր բանաձեւը իրազեկումն էր, հետեւաբար այս բառի պարագայում մնացած բոլոր դետալները փլվում են»:
Aravot.am-ի հարցին՝ ձեր հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Ընտրական օրենսգիրքը» պատրաստ է, եւ այն կարող են ընդունել կարճ ժամանակում, այսինքն, այդ փաստարկը դուրս է գալիս՝ Աշոտյանը պատասխանեց. «Ես ուղղակի զարմանում եմ այդ տեսակետի վրա, որովհետեւ Ընտրական օրենսգրքի նախագիծ դուք տեսե՞լ եք: Մշակում են, կարող է Դանիել Իոաննիսյանը եւ յուր ընկերները մշակել են, բայց դա չի նշանակում, որ այն ուղարկվել է ԱԺ, հրապարակայնացում է եղել, անցել է միջազգային փորձաքննություն: Եղել են առաջարկություններ ԱԺ-ում, այդ առաջարկությունները պետք է ստանան օրինագծի տեսք, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարծիք է պետք, պետք է անցնի առաջին,, երկրորդ ընթերցում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ