Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեկուկես րոպեանոց զրույց Դուշանբեում՝ Բաքվում Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո

Հոկտեմբեր 03,2018 14:00

Սկիզբը՝ այստեղ

«…Բայց հանկարծ Իլհամ Ալիեւը հասնում է Նիկոլ Փաշինյանի հետեւից»

Թե՛ պաշտոնական Երեւանից, թե՛ Բաքվից մինչեւ վերջերս ազդակներ չէին հնչում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների դեմ առ դեմ հանդիպման շուտափույթ կազմակերպման անհրաժեշտության մասին, թեեւ միջազգային հանրությունից բանակցային գործընթացը շարունակելու կոչեր լինում էին: Բայց հանկարծ սեպտեմբերի 28-ին Դուշանբեից, որտեղ ընթանում էր ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, տեղեկություն է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը կարճատեւ զրույց են ունեցել:

Ռուսաստանյան մամուլի ներկայացուցիչների համար այդ մի քանի րոպեն օրվա գլխավոր իրադարձությունն էր դարձել: «Կոմերսանտի» հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովն, օրինակ, այսպես էր պատկերում մթնոլորտը. «ԱՊՀ գագաթնաժողովը խոստանում էր լինել ծանր: Բոլորն այնտեղ յուրայիններ էին, բոլորն իրար համար ճանաչելի եւ հասանելի,- գրում է Կոլեսնիկովը:- Հնարավոր է, նրանք բոլորը դեռ լիովին չեն հարմարվել Հայաստանի նոր վարչապետին, բայց վերջինս էլ նրանց մեջ, թվում է, այնքան էլ օտար չէ: Ահա նրանք գնում են լուսանկարվելու, եւ Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ղազախստանի նախագահները մի փոքր առաջ են ընկնում: Որոշակի տարածության վրա նրանց է հետեւում Հայաստանի վարչապետը, եւ առայժմ նրա կողքը ոչ մեկը չկա, քանի որ նրանք, ովքեր կարող էին լինել, Ադրբեջանի նախագահի շրջապատում են, եւ թվում է, Նիկոլ Փաշինյանն այնտեղ տեղ չունի: Բայց հանկարծ Իլհամ Ալիեւը հասնում է Նիկոլ Փաշինյանի հետեւից, ու հանկարծ նրանք ոչ միայն կողք կողքի են քայլում, այլեւ սկսում են զրուցել: Եվ բոլորովին ոչ որովհետեւ կողք կողքի լուռ քայլելն անհարմար է, այլ հենց այն բանի համար, որ Իլհամ Ալիեւն ասելու բան ուներ, իսկ Նիկոլ Փաշինյանը լսելու բան ուներ, եւ նրանք այնքան են տարվում, որ երբ արդեն արարողության ժամանակ կանգնած են իրար կողք՝ այբբենական կարգով, շարունակում են ու շարունակում: Այդպիսի մեկուկես րոպեում, թվում է, ավելի շատ բան է հնարավոր պայմանավորել, քան պաշտոնական երկկողմ հանդիպման մեկուկես ժամվա ընթացքում, որը հիմա նույնպես, թվում է, սարերի հետեւում չէ»:

Ըստ Փաշինյանի՝ Ալիեւի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի խախտումները կանխելու վերաբերյալ

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ շփումը ոչ ֆորմալ էր, ըստ էության, դա մեր առաջին հանդիպումն էր: Մենք պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարություններին հանձնարարություն կտանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում եւ ընդհանրապես առկա լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են դրանք»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատմելով Ալիեւի հետ կայացած հանդիպման ժամանակ ունեցած զրույցի մասին:
Փաշինյանը նշեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություն ձեռք բերվելու հարցն է քննարկվել: Նրա խոսքով՝ այս մասին տեղյակ է պահվել նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Ըստ նրա՝ Իլհամ Ալիեւի հետ պայմանավորվել են նաեւ, որ օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա պիտի ստեղծվի, ինչպես նաեւ խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով:

Նա նաեւ հավելեց, որ hանձնարարական ու համապատասխան հրաման է տրվել մեր զինված ուժերին: «Ընդհանուր քննարկումներ ենք ունեցել, բայց բովանդակային քննարկում չի եղել, քննարկումը եղել է այն մասին, որ կարողանանք կանխել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, իսկ երբ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են լինում, կարգավորման մասին խոսելն այդքան էլ տրամաբանական չի լինում: Ես ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, եւ ես հույսով եմ, որ դրանք կպահպանվեն, քանի որ դրանք պահպանելը չափազանց կարեւոր է: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի դրանք արդյունավետ լինեն»,- նշեց նա:

Ադրբեջանի հանկարծակի մեղմացո՞ւմ

Իհարկե, Հայաստանում Ալիեւի խոստումը որեւէ բանական մարդու մոտ ծանրակշիռ ու արժանահավատ չի թվում, որովհետեւ Ադրբեջանի ղեկավարը վերջին տարիներին իր պահվածքով բազմիցս ապացուցել է, որ չի հարգում անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գրավոր կոչերը, ուր մնաց՝ բանավոր պայմանավորվածություններին հավատարիմ մնա:

Սակայն հետաքրքրականն այն է, որ Դուշանբեի մի քանի րոպեանոց հանդիպումից հետո Ադրբեջանում, գոնե տեղեկատվական առումով, ինչ-որ փոփոխություն նկատվեց: Նախ՝ ադրբեջանական կայքերը, որոնք բացառապես պետական քարոզչություն են իրականացնում եւ իշխանական մեկնաբանություններով են հանդես գալիս, սկսեցին Փաշինյանի ֆեյսբուքյան պարզաբանումը Ալիեւի հետ հանդիպման մասին հաղորդել առանց որեւէ մեկնաբանության:

Քիչ անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մամուլի ծառայությունը հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում խոսակցություն է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Կողմերն արտահայտել են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին կողմերի շփման գծում միջադեպերի կանխման նպատակով կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը: Կողմերը որոշում են կայացրել մշակել մեխանիզմներ՝ համապատասխան կառույցների միջեւ օպերատիվ կապ հաստատելու համար»:

Իսկ Դուշանբեում Փաշինյան-Ալիեւ մի քանի րոպեանոց հանդիպումից մեկ օր անց ադրբեջանական կայքերը մեկ այլ հաղորդագրություն տարածեցին: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սեպտեմբերի 29-ին ծառայողական խորհրդակցություն է անցկացրել: Ըստ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության՝ պաշտպանության նախարարը անձնակազմին է ներկայացրել երկրի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւի՝ ադրբեջանական բանակի վրա դրված առաջադրանքները, եւ հաշվի առնելով վերջին շրջանում առաջնագծում տիրող իրավիճակը, համապատասխան հրահանգներ է տվել՝ «կապված մարտական հերթափոխության առավել որակյալ կազմակերպման, հատուկ տեխնիկական միջոցների առավել լայն կիրառման հետ»:

Կարելի՞ է սա միջնորդների կողմից արդեն երկամյա կոչի իրագործման սկիզբ համարել՝ շփման գծում միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների կիրառման շրջանակներում՝ թերեւս հստակ կլինի ապագայում: Այնուհետեւ Ադրբեջանից պատգամավորների, իշխանական գործիչների մեկնաբանություններ սկսեցին հայտնվել, որոնցում նրանք միաբերան կարեւորում էին Դուշանբեի պայմանավորվածությունը:

Հոկտեմբերի 1-ին արդեն Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը շտապեց հայտարարել, թե Ադրբեջանը պատրաստ է կառուցողական շփումների: Նա էլ հիշեցրել էր, որ Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում կարճատեւ զրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ, ընդ որում, նրա խոսքով, դրա նախաձեռնողը եղել է Նիկոլ Փաշինյանը (թեեւ դատելով «Կոմերսանտի» թղթակից Կոլեսնիկովի նկարագրումից՝ տեղի է ունեցել հակառակը՝ Ալիեւն է փորձել «հասնել» Փաշինյանին):

Ինչեւէ, Հաջիեւը նշել է. «Դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ բանակցությունների ձեւաչափը մնում է անփոխարինելի, եւ որ բանակցությունները տարվում են հենց Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, որոնք հակամարտության կողմեր են: Նաեւ հավելեմ, որ նույն ձեւաչափով սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, եւ հուլիսին Բրյուսելում տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ: Մենք դա դրական ենք գնահատում, եւ Ադրբեջանը միշտ պատրաստ է կառուցողական բանակցությունների եւ շփումների, որոնք կծառայեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը: Դա եւս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի հավատարմությունը բանակցային գործընթացի գործող ձեւաչափին»:

Կարելի՞ է Դուշանբեի մի քանի րոպեանոց հանդիպումը աննախադեպ համարել ղարաբաղյան բանակցային գործընթացի շարունակականության ապահովման համար: Թերեւս Փաշինյան-Ալիեւ շփման հիմքի համար՝ այո՛, դա որոշակի սկիզբ է, բայց պետք է հաշվի առնել հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահը մինչ այժմ երբեք չի պահել որեւէ խոստում ու պարտավորություն: Բայց այդ շփումը կդառնա՞ բեկումնային ղարաբաղյան կարգավորման գործընթացի համար՝ ցույց կտա միայն ժամանակը:

Կարո՞ղ է Իլհամ Ալիեւը ինչ-ինչ քաղաքական նկատառումներից ելնելով մոտ ապագայում շփման գծում հարաբերական անդորրի հաստատման կողմնակից դառնալ: Միանգամայն հնարավոր է: Ի դեպ, այդ հարաբերական անդորրը խիստ անհրաժեշտ կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 03.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031