Ըստ Նիկոլ Փաշինյանի շուտափույթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ են, որպեսզի տնտեսությունը, բիզնեսն իմանա, որ խորհրդարանում 5 տարի լինելու է կայուն իշխանական մեծամասնություն: Առաջին հայացքից տրամաբանական տեսակետ է, եթե խոսքը օրինական ընտրությունների միջոցով վարչապետ դարձած, այլ ոչ թե բացառապես սեփական իշխանության ամրապնդման նպատակով երկիրը տակնուվրա արած, այդ նույն խորհրդարանին շանտաժի ենթարկելու միջոցով վարչապետ դարձած մարդու մասին լիներ:
Այն, որ վաղն էլ այդ մարդը կարող է ամեն պահի ցնցել երկիրը, եթե ինչ-որ բան իրեն դուր չգա, հազիվ թե վստահություն ստեղծի տեղական կամ օտարերկրյա ներդրողների շրջանում: Իսկ որ դա կարող է տեղի ունենալ, երեւում է հենց Նիկոլ Փաշինյանի «լայվի» շարունակությունից: Նա, ըստ էության, շարունակում է շանտաժը, ասելով, որ արտահերթ ընտրությունների համար եթե պետք լինի, «դուք բոլորդ», այսինքն՝ ապրիլ-մայիս ամիսներին երկիրն ու մայրաքաղաքը կաթվածահար արած ակտիվիստներդ, այդ գործընթացին մասնակից կլինեք:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ երկրի ղեկին կանգնած մարդու կանխատեսելիությանը ոչ ոք, այդ թվում՝ գործարար շրջանակները, վստահ չեն կարող լինել: Հետեւաբար տնտեսության զարգացման, գործարար միջավայրի եւ ներդրումների գլխավոր խոչընդոտը հենց Նիկոլ Փաշինյանն է՝ իր անկանխատեսելիությամբ, տեղական, անգամ օտարերկրյա ներդրողների նկատմամբ ապօրինի գործողություններով մասկի-շոուների, «ասֆալտին պառկեցնելու», կոռուպցիոն սխեմաներ «հայտնաբերելու» տեսքով, կառավարության իր թիմի տհասությամբ եւ անգործությամբ:
Այս պայմաններում ոչ մի խորհրդարանական մեծամասնություն, առավել եւս այդ նույն մարդու ձեւավորած մեծամասնությունը, ոչ միայն չի նպաստի, այլեւ կվանի ամեն մի ներդրողի: Ընդ որում՝ կվանի շատ ավելի երկար ժամանակով, քան խորհրդարանական ընտրություններին հաջորդող 5 տարին է:
Հայտնի է, որ Հայաստանում հիմնական խոշոր ներդրողները կա՛մ ռուսական ընկերություններն են, կա՛մ դարձյալ ռուսական, բայց հայ գործարարներին պատկանող ընկերությունները: Ռուբեն Վարդանյան, Սամվել Կարապետյան եւ էլի մի քանի ազգանուն կարելի է նշել, որոնք վերջին տարիներին ներդրումային ծրագրեր են իրականացրել Հայաստանում: Նրանցից առաջինը հասցրել է իր դժգոհությունը հայտնել Հայաստանում ներդրում կատարած մարդկանց նկատմամբ վարչապետի անհարգալից վերաբերմունքից, իսկ երկրորդը եւ մի քանի այլ խոշոր հայ գործարարներ անգամ չէին էլ մասնակցել Ռուսաստանի հայ գործարարների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը:
Ակնհայտ է, որ այս մարդկանց խորհրդարանի ներկա կազմը չէ, որ խանգարում է Հայաստանում նոր ներդրումներ կատարելուն, որն էլ կբերի տնտեսության զարգացմանը, այլ գործող վարչապետն ու նրա թիմը:
Այդուհանդերձ, չնայած այս գործոններին, Նիկոլ Փաշինյանը շարունակում է մակարոնեղեն կախել իր աջակիցների ականջներին, տնտեսության մասին գեղեցիկ արտահայտություններ ասելով՝ «վարկավորման մատչելի միջոցներ գեներացնել», «ֆինանսավորումը մատչելի դարձնել», «Հայաստանը վերաինդուստրիալիզացնել» եւ այլն:
ՍԱՀԱԿ ԱՐԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում