Ստիպված եմ շարունակել ս.թ. ապրիլի 3-ին հրապարակածս «Ո՞րն է մարզային համալսարանների առաքելությունը կամ գլուխը ո՞ր պատով տա դպրոցի տնօրենը, եթե երկրում մանկավարժների լուրջ պակաս կա» հոդվածի միջոցով արտահայտածս մտահոգությունը մարզային համալսարանների ու հատկապես Գորիսի պետական համալսարանի մասին: Մասնավորապես լուրջ խնդիր է Սյունիքում նախադպրոցական հաստատություններում աշխատողների մեծամասնության կրթության անհամապատասխանությունն իրենց պաշտոնին, որովհետև ԳՊՀ-ն չունի <Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա> մասնագիտացումը, որի կարիքը շատ մեծ է մարզում, դրա փոխարեն կա <Դեղագործական քիմիա> մասնագիտացում: Արդյո՞ք այդ մասնագիտությունը մարզում ունի այնպիսի պահանջարկ, ինչպիսին կա նախադպրոցական կրթության ոլորտում, իհարկե՝ ոչ, հետաքրքիր է՝ ԳՊՀ-ն ունի՞ արդյոք <Դեղագործական քիմիա> մասնագիտացման համար անհրաժեշտ լիցենզիան: Մարզում մեծ է նաև տարբեր բնագիտական առարկաների մանկավարժների պահանջարկը:
Իսկ ԳՊՀ-ում այս ուղղությամբ ոչ մի քայլ չի արվում, դրա փոխարեն ռեկտոր Արտյուշա Ղուկասյանն իր սովորության համաձայն աջ ու ձախ աշխատանքից ազատում է բոլոր նրանց, ովքեր համարձակվում են բարձրաձայնել բուհում տեղի ունեցող ապօրինությունների մասին, որոնց սկիզբը այս ռեկտորի կողմից դրվել է դեռևս Երևանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր եղած ժամանակ: Գորիսի պետական համալսարանում արդեն շա՜տ երկար ժամանակ է կրկնվում է 2007-2010թ.թ. Երևանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանի ձեռագիրը: Դժվար չէ մամուլում գտնել այդ տարիներին ԵՊՄՀ-ի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանի ապօրինի գործունեության մասին բազմաթիվ հրապարակումներ, որոնց բովանդակությունն այսօրվա ԳՊՀ-ի մասին տարածվող նյութերից չեն տարբերվում: Բավական է վերհիշենք միայն այս երկու հոդվածները՝ 2010թ. ապրիլի 14-ին Առավոտում հրապարակված «ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ և 2007թ. մայիսի 19-ի «Եվս մեկ բաց նամակ՝ երկրի առաջին դեմքերին: Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանն իր տեղում չէ» հոդվածները: Լավ, ինչքա՞ն կարելի է հանդուրժել նման ռեկտորի գործունեությունը, բարձրագույն կրթությանը էլ ի՞նչ վնասներ պատճառի այս ռեկտորը, որ ԿԳ նախարարության համար պարզ դառնա նրա անհամատեղելիությունը ընդհանրապես բարձրագույն կրթության կազմակերպման հետ: Կարծում եմ, քանի դեռ ԳՊՀ-ն ՊՈԱԿ է և ըստ իր կանոնադրության ԿԳ նախարարությունը որպես լիազոր պետական մարմին վերահսկողություն է իրականացնում համալսարանի գործունեության նկատմամբ, ԿԳՆ-ն շատ արագ այս ռեկտորի պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշում պետք է կայացնի:
Անահիտ Բախշյան
Էս նավթալինոտ ապատեղեկատվությունը խի եք հրապարակում? Անահիտ Բախշյանը նոր բան չունի ասելու? պայծառ երևակայությունը միթե նրան լքել է…