Այս ամբողջ լարվածության տակ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների այն ընկալումներն են, որ խնդրահարույց փոփոխության ընդունումը, իբր, հնարավորություն է տալու, որ հետաձգվեն ԱԺ արտահերթ ընտրությունները, չեզոքացնեն վարչապետի հրաժարականի եւ նորի չընտրվելու հիմքով ԱԺ-ն իրավունքի ուժով արձակելու եւ արտահերթ ընտրություններ նշանակելու հնարավորությունը:
Կարելի է կարծել, որ Նիկոլ Փաշինյանը մտահղացել էր այնպիսի տարբերակ, որ ինքը հրաժարական է տալիս, սակայն այնպես են անում, որ ԱԺ-ն մի որոշակի ժամանակ (երկու շաբաթ) չի կարողանում նիստեր գումարել, ուստի, նաեւ՝ ընտրել վարչապետ եւ, իրավունքի ուժով (ըստ սահմանադրության), արձակվում է: Ու հիմա, իբր, այս նախագծի ընդունումը խոչընդոտում է այդ սցենարի իրականացմանը:
Սակայն ոչ այլ ոք, այլ հենց «Ելք» խմբակցության պատգամավոր, նախագծին դեմ հանդես եկող Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ եթե անգամ ԱԺ նիստը հայտարարվի հետաձգված, միեւնույն է, սահմանադրությունը վարչապետ ընտրելու համար հստակ ժամկետ է սահմանել, որի լրանալուց հետո, միեւնույն է, գործում է իրավունքի ուժով ԱԺ-ն արձակելու սահմանադրական նորմը:
Մեկ այլ կարեւոր հարց: ԱԺ արտահերթ նիստում քվեարկությունը դեռ բավարար չէ: Օրենքը կարող է ընդունված համարվել, եթե ՀՀ նախագահն այն ստորագրի: Դրա համար նախագահին 21-օրյա ժամկետ է տրվում կամ տվյալ օրենքի վերաբերյալ սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն:
Պարզ է, չէ՞, որ նախագահը երեկ ընդունված օրենքը չի ստորագրել: Եվ դեռ մեծ հարց է՝ կստորագրի՞, թե՞ ոչ:
Էական հարց է ծագում. ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը, թեկուզ այս վերջին հանգամանքը անտեսելով, միանգամից իր կողմնակիցներին հանում փողոց, ըստ էության, լինելով պետության ղեկավար, նախաձեռնում «ոչ բռնի, թավշյա», չգիտեմ՝ «սիրո» հարձակում պետության օրենսդիր մարմնի վրա: Որ՝ ի՞նչ:
Կարելի է մի քանի ենթադրություն անել՝ «որ ինչ»: Օրինակ, կարելի է ենթադրել, որ նման ցույցը նախապես էր ծրագրված, եւ կռվախնձոր դարձված օրինագիծը սոսկ հարմար պատրվակ էր՝ մի հատ էլ «հոկտեմբերյան հեղափոխություն» անելու համար:
Դատելով Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ «հակահեղափոխությունն արմատախիլ անելու» եւ այլ բոցաշունչ հայտարարություններից, այն իրավիճակից, երբ հազարավորներ փողոց են ելնում՝ անգամ առանձնապես չխորանալով հարցի մեջ, թե՝ «էս ի՞նչ հաշիվ ա», ուղղորդված ամեն ինչ տարվում է «ՀՀԿ հեռացիր» կարգախոս վանկարկելուն, մնացածին չհաշված, վերոհիշյալ ենթադրությունն առավել հավանական է:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում