Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիալոգ». Վստահ ենք, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները կամբողջացնեն խաղաղ հեղափոխության արդյունքները

Հոկտեմբեր 03,2018 11:11

Մոսկվայի ԴԻԱԼՈԳ կազմակերպության հայտարարությունը

Հայաստանում ներկայումս առաջացած քաղաքական իրավիճակի արագ և արդյունավետ հաղթահարման համար ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը.

1.- զորակցում է ժողովրդական շարժման և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջին,

2.- իր հիմնադրման օրվանից (3–ը ապրիլի 2017 թ.) համարել է, որ Հայաստանում ձևավորվել է արատավոր քաղաքական համակարգ, քանի որ կուսակցությունները (չնչին բացառություններով), վերածվել են կամ կառավարության ու տնտեսական համակարգերի կցորդների, կամ էլ հանդիսանում են օլիգարխիական խմբերի լեգալացում քաղաքական դաշտում,

3.-այդ պայմաններում հասարակության կենսական խնդիրները տարիներ շարունակ դրսևորվել են քաղաքացիական շարժումների տեսքով, ինչի գագաթնակետը և վճռական դրսևորումը հանդիսացավ այս տարվա ապրիլյան քաղաքացիական ինքնակազմակերպումը և ժողովրդական շարժման ղեկավարի հետևողականության շնորհիվ տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությունը,

4.- նոր պայմաններում քաղաքական տրամաբանությունը պահանջում էր դեռևս մայիսի ամսին խորհրդարանի լուծարում, իսկ ներկա քաղաքական ճգնաժամի դրսևորումները փաստեցին հնարավորինս շուտ խորհրդարանական ընտրությունների անցկացման հրամայականը: Նոր խորհրդարանական ընտրությունները թույլ չեն տա, որ պետության կառավարման համակարգը քառակուսի անիվի վերածվի, ինչպես նաև երկրի հետագա առաջընթացի գրավականը կհանդիսանան,

5.- նման իրավիճակում երկրի ու ժողովրդի շահերով մտահոգ ցանկացած կուսակցության համար ընտրություններին գնալը, սեփական ժողովրդին դիմելը և նրա քվեն ակնկալելը ոչ թե դիմադրելու առիթ, այլ պատվաբեր միջոց պետք է հանդիսանա: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները մի շարք կուսակցությունների համար նաև հիմնական հնարավորություն են ժողովրդին նորովի ներկայանալու և ուժերը փորձելու, սխալները շտկելու և բյուրեղանալու, արդիականանալու և առողջ սերնդափոխություն ապահովելու համար,

6.- այն պայմաններում, երբ Երևանի համայնքային վերջին ընտրությունները փաստեցին անկախ ընտրական այս կամ այն օրենսգրքի առկայությունից ազատ և արդար ընտրություններ կազմակերպելու հնարավորությունը, ուր հիմնական գործոնը քաղաքացու կամքն ու քվեն է, երկրի զարգացմամբ մտահոգ կուսակցությունները ընտրություններից զգուշանալու հարց չպետք է ունենան Չէ՞ որ ժողովրդին հաշվետու լինելն ու նրա վստահությանը արժանանալը քաղաքական կյանքին մասնակցության հիմնական պայմանը պետք է հանդիսանա,

7.- ակնկալում ենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվելիք քաղաքական համակարգը վերջնականապես արմատախիլ կանի երկիրը խստորեն քաղաքական ու տնտեսական քվոտավորման ենթարկելու արատավոր երևույթը, ինչը տարիներ շարունակ կոռուպցիայի հիմքերից և երկրի զարգացմանը խոչընդոտող գործոններից մեկն է հանդիսացել,

8- վստահ ենք, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները կամբողջացնեն խաղաղ հեղափոխության արդյունքները, հնարավորություն կստեղծեն կառավարման համակարգը համալրել բանիմաց ու կարող ուժերով և անցնել Հայաստանի տնտեսական առաջընթացն ապահովող այդքան պահանջված որակական փուլին:

 

ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ

Յուրի Նավոյան

 

ք. Մոսկվա, 3-ը հոկտեմբերի, 2018 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031