Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Մարգարյան. «Տնտեսական առաջընթաց ապահովելու համար հարկավոր է, որ քաղաքական հարցեր լուծվեն». «Փաստ»

Հոկտեմբեր 03,2018 10:44

«Փաստ» օրաթերթը տնտեսագետ Ատոմ Մարգարյանից փորձեց պարզել, թե ներկա քաղաքական իրավիճակում Հայաստանում հնարավո՞ր է տնտեսության կարգավորման կամ ընդհանրապես տնտեսական առաջընթացի մասին խոսել, երբ դրանք որևէ կերպ չեն անդրադառնում սովորական քաղաքացու գրպանի կամ երկրում առկա աղքատության ցուցանիշի կրճատման վրա:

«Եթե տնտեսության կարգավորողի տեսանկյունից մակրոտնտեսական ինդիկատորների ցուցիչներին նայենք, ապա կարող ենք արձանագրել, որ և՛ տնտեսական աճի ցուցանիշները, և՛ գնաճի ցուցանիշները, և՛ բյուջետային մուտքերի ապահովման ցուցանիշները բնականոն են, նույնիսկ՝ դրական: Այսինքն, այս առումով խնդիր չկա, բայց կան ռիսկեր, որոնք քաղաքական իրավիճակով են պայմանավորված: Խոսքը խորհրդարանական արտահերթ ընտրությունների սպասումների և իշխանության թևերի՝ գործադիր և օրենսդիր, հավասարակշռության մեջ է: Ճիշտ է, այս առումով թեև լարվածություն չկա, բայց տնտեսական աճի սպասում ունենալու համար այս մտահոգությունները պետք է բնականոն ճանապարհով հարթվեն»,– ասաց Ա. Մարգարյանը:

Նա նաև նշեց, որ այս պահին սոցիալական տրանսֆերտների և վճարումների մասով թեև նույնպես ռիսկեր չկան, բայց երկրում տեղի ունեցած համակարգային փոփոխության արդյունքում երկիրը ստվերից դուրս բերելու, երկրում հակակոռուպցիոն նման լայնածավալ կամպանիա իրականացնելու պայմաններում հնարավոր կդառնա ֆինանսական իրական հոսքերն ու դրանց աղբյուրները բացահայտել և թեթևացնել տնտեսական իրավիճակը:

«Ստվերը երևակելու ու հավելյալ ռեսուրսներ ստեղծելու շնորհիվ հնարավոր է կարճաժամկետ հատվածում սոցիալական խնդիրները քիչ թե շատ մեղմել: Բայց երկարաժամկետ կտրվածքով տնտեսական առաջընթաց ապահովելու համար հարկավոր է, որ քաղաքական հարցեր լուծվեն: Դրա համար է առաջին հերթին պետք լեգիտիմ խորհրդարան ձևավորել: Այսինքն, մնացած խնդիրների լուծումը այս հիմնական խնդրի լուծմամբ է պայմանավորված: Եվ ամենևին էլ այնպես չէ, որ 30 % աղքատության ցուցանիշը նորություն է: Վերջին տասը տարիներին այդ ցուցանիշը մշտապես այդ մակարդակի վրա է եղել, որը տասնամյակների ընթացքում իրականացված քաղաքականության հետևանք է: Գործազրկությունը նույնպես բնական մակարդակից շատ բարձր ցուցանիշ է կազմում մեր երկրում, բայց մյուս կողմից ունեցել ենք պետական միջոցների վատնում, թալան, կոռուպցիա: Այդ աղքատության հիմնական պատճառը հենց դրա հետևանք է: Մենք ունենք նաև բևեռացված հասարակություն, և այս ամենը 30 տարիների ընթացքում է կուտակվել և շատ բարդ կլինի կարճ ժամանակահատվածում վերացնել: Որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի կառույցները կարողանան նորմալ աշխատել և ձևավորեն արդար բաշխման համակարգ», – ասաց տնտեսագետը:

Հարցին՝ ստացվում է, որ եթե անգամ պատկերացնենք, որ կարող են այնուամենայնիվ տնտեսական հրաշքներ լինել, ապա դրանք մոտ ապագայում չեն լինի, Ա. Մարգարյանն ասաց, որ նույնիսկ Հռոմը կարճ ժամանակահատվածում չի կառուցվել:

«Մոտ ապագայում տնտեսական հրաշքների սպասել չենք կարող, բայց այն, որ մեր հասարակությունն այսօր դարձել է պահանջատեր՝ շատ կարևոր է: Այս պայմաններում ցանկացած իշխանություն, որը թաթախված չլինի կոռուպցիայի մեջ, լինի պատասխանատու և կարողանա ձևավորել իշխանական բոլոր թևերի հավասարակշռված համակարգ, միանշանակ դրական է անդրադառնալու երկրի և քաղաքացու սոցիալական վիճակի բարելավման վրա»,– ասաց Ա. Մարգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031