Ուշադրություն է գրավում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե այսօր քաղաքացիների համար օրակարգային թիվ մեկ հարցը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Ավելին՝ մինչեւ դա չլուծվի, ոչ մի ուրիշ հարց երկրում չի լուծվելու, որովհետեւ բոլորը, շունչները պահած, սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Ավելի ազնիվ կլիներ ասել, որ «Քաղպայմանագրում» են բոլորը շունչները պահած սպասում այդ արտահերթ ընտրություններին: Իսկ քաղաքացիները, համենայն դեպս, մեծամասնությունը հազիվ թե խորհրդարանական արտահերթ ընտրությունը օրակարգային թիվ մեկ հարց համարեն:
Մարդկանց համար բոլորովին այլ օրակարգային առաջնահերթություններ կան. մոտալուտ ձմռանն ու կոմունալ (ջեռուցման) ծախսերի պատրաստությունը, եկամուտների հնարավոր ավելացումը, աշխատանք գտնելը, իսկ այն ունեցողների համար՝ պայմանների եւ վարձատրության չափի բարելավումը:
Միգուցե կարելի է մարդկանց ներշնչել, թե՝ գիտե՜ք, ձեր եկամուտները չեն ավելանում, կամ՝ էլեկտրաէներգիայի, բնական գազի սակագները չեն իջնում, քանի որ… ԱԺ արտահերթ ընտրություններ չեն եղել:
Բենզինը, օրինակ, իբր, նույն պատճառով չի էժանանում: Միգուցե հնարավոր է մարդկանց համոզել, որ բնակլիմայական պայմաններն էլ, օրինակ, խիստ կվատանան, եթե… ԱԺ արտահերթ ընտրությունները ոչ թե դեկտեմբերին կազմակերպվեն, այլ, ենթադրենք, եկող տարվա ապրիլին:
Ոմանք կարող են անգամ դրան հավատալ, որքան էլ զավեշտալի թվա:
Մի՞թե խորհրդարանն է խանգարում, որ հարկերի դրույքաչափերը իջնեն, չգիտեմ՝ տնտեսության ստվերայնությունը կտրուկ նվազի, ներդրումները գոնե գարնանային առվի պես հոսեն «նոր Հայաստան»…
Բայց ինչն է է՛լ ավելի ուշագրավ: Նիկոլ Փաշինյանի այն արտահայտություն-նախապայմանը, թե՝ մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը չլուծվի, երկրում ոչ մի ուրիշ հարց չի լուծվի:
Սակայն, կներեք, ո՞վ է նման բան հայտարարում: Խորհրդարանական ընդդիմության առաջնո՞րդը: Ո՛չ: Արի ու տես, որ նման բան է հայտարարում գործող սահմանադրությամբ, ըստ էության անսահմանափակ ու գրեթե անվերահսկելի իշխանություն ունեցող, պետության ղեկավարի, գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնն զբաղեցնող գործիչը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, ով հենց ի պաշտոնե, երկրի «ուրիշ հարցերը» լուծելու հիմնական հանձնառուն ու պատասխանատուն է:
Ի՞նչ է նշանակում նման հայտարարությունը: Ենթադրենք, խմբակցությունների հետ բանակցությունների միջոցով հանգում են փոխհամաձայնության, որ երկու-երեք ամսից գնում ենք ԱԺ արտահերթ ընտրությունների: Ուրեմն, ի՞նչ, այդ երկու-երեք ամսվա ընթացքում ամենեւին «ոչ մի ուրիշ հարց» կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանը չեն լուծելու, մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները չտեսնե՞ն:
Կամ, ասենք, խմբակցությունների հետ մի երկու շաբաթ բանակցում են, հարցեր ճշտում եւ այլն, այդ 14-15 օրվա մեջ ոչ մի գերատեսչություն ոչ մի ուրիշ հարց չի լուծելո՞ւ (իբր, մինչ այդ այն կողմն այս կողմ էին շրջել, էլի՝ «ուրիշ հարց լուծելով», բայց դա դեռ մի կողմ):
Լավ, որքա՞ն կարելի է երկիրն ու հասարակությունը պահել սեփական քաղաքական քմահաճույքների, կապրիզների պատանդի կարգավիճակում կամ առաջնորդվել քաղաքական շանտաժի մարտավարությամբ:
Տ.ՄԻՐԶՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում