Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Բանակցություն չի եղել. վարչապետը եկել էր իրազեկելու իր կարծիքի մասին»

Հոկտեմբեր 03,2018 02:02

«Հիմնականում այդքան էլ բանակցություններ չէին, որքան վարչապետն եկել էր իրազեկելու իր կարծիքի մասին: Բանակցությունները սովորաբար լինում են, երբ լինում է փոխզիջում, մեկը մյուսին լսելու ցանկություն»,-  Ն. Փաշինյանի հետ բանակցությունների ավարտից հետո դրանց արդյունքների վերաբերյալ Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դեմ առ դեմ խոսակցություն չի եղել: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ խմբակցությունների, կառավարության ներկայացուցիչներ, տարբեր հարցեր եւ առաջարկներ են հնչել. «Գլոբալ առումով որեւէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել: Մի պայմանավորվածություն ենք ձեռք բերել. բոլորս էլ, կոնկրետ մենք`պատգամավորներս, մտահոգված ենք իրավիճակով եւ մեր թիմի նպատակն է`երկիրը չտանել ցնցումների: Բայց, միեւնույն ժամանակ, նաեւ ԱԺ-ի` որպես օրենսդիր մարմին, անկախությունը պետք է ապահովվի»:

Հարցին`վարչապե՞տն էլ ուներ այդ մտահոգությունները, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Պարոն վարչապետը հիմա խոսում է, ինքն իր փոխարեն կխոսի»:

Նա վերահաստատեց`արտահերթ նիստով ընդունված ԱԺ կանոնակարգ- օրենքը որեւէ կապ չունի արտահերթ ընտրությունների սահմանափակման հետ, այլ նպատակ ուներ ԱԺ-ի բնականոն աշխատանքն ապահովելու: Ինքը թեեւ դեմ է քվեարկել կառավարության ծրագրին, հետեւաբար նաեւ արտահերթ ընտրություններին, բայց ՀՀԿ-ն վարչապետին հնարավորություն տվել է:

«Որեւէ բան չենք որոշել, իր առաջարկները պարզ են բոլորիս, կարծում եմ`ճիշտ կլինի նստել`քննարկել»,- ասաց նա:

Հարցին`ինչո՞ւ այժմ բերվեց այդ նախագիծը եւ արտահերթ կարգով ընդունվեց, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք որեւէ պայմանավորվածություն չեն խախտել եւ հակընդդեմ հարց տվեց`իսկ ինչո՞ւ այժմ որոշվեց, որ դեկտեմբերին պետք է ընտրություններ լինեն:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դուք ցույց եք տալիս,որ իրազեկված չէք երկրում կատարվող անարդարությունից,որ 2016թ-ի ապրիլի 1-ը չնկալեցիք,որ երկիրը տանում եք ստրկացման և կործանման փողի համար,ապացուցում եք’, որ լավ խոսել գիտեք: Մի’թե չէք տեսնում իրավիճակը,որին կայծ հանդիսացավ Նիկոլ Փաշինյանը:Իրեն հարգող մարդը այսպիսի ղեկավարների ղեկավարմամբ կլքեր հայրենիքը:Դուք մի մեծ սխալ եք գործում մոռանալով, որ Հայաստանը մեր հայրենիքն է,հայրն է, մայրն է, երեխան է, ընտանիքն է և այն տրված չէ 1991թ-ից մի քանի բաշիբոզուկների թալանելու և ամայացնելու:Ես չեմ ընտրել հանցագործի,այլ ընտրել եմ պատգամավոր: Դուք նույնիսկ մտահոգություն չարտահայտեցիք Ձեր գործընկերոջ մասով սարքելով նրան քավության նողազ’ ուրանալով,որ տուշոնկան նա չի արտադրել…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031