Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Որևէ գրավոր կամ բանավոր վերջնական պայմանավորվածություն չկա»

Հոկտեմբեր 03,2018 01:37

Ազգային ժողովում բանակցությունների ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ իրեն սպասող քաղաքացիներին: Նա ներկայացրեց բանակցությունների արդյունքները:

Փաշինյանի խոսքերով՝ նա ներկայացրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որ երկրում առկա է քաղաքական ճգնաժամ, որը պետք է հաղթահարել: Ըստ նրա բոլոր խմբակցությունների անդամները համաձայնել են, որ այդ ճգնաժամը պետք է այնպես հաղթահարել, որ Հայաստանը դրանից շահած դուրս գա:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ վարչապետի պաշտոնից հրաժարական է տալու առաջիկա օրերին, բայց պետք է ԱԺ խմբակցությունները գիտակցեն, որ եթե այլ անձի ընտրեն վարչապետի պաշտոնում, ապա ժողովրդի մոտ կարող է վատ արձագանք առաջացնել.:

Նա մանրամասնեց. «Եվ ես կարծում եմ, որ լավ կլինի, որ մենք ստորագրենք փաստաթուղթ, որ ես այսինչ օրը հրաժարական կտամ, որից հետո խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, որից հետո վարչապետի 1/3-ը թեկնածու չի առաջադրի, և երկրորդ անգամ էլ վարչապետի ընտրություն էլ տեղի չի ունենա, ինչի արդյունքում դեկտեմբերին կունենանք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ»:

Փաշինյանի խոսքերով՝ խորհրդարանական ուժերը պատասխանել են, որ ընկալում են ժողովրդի ուղերձը և հարգանքով են վերաբերվում ժողովրդի դիրքորոշմանը. «Նրանք բանավոր ասացին, ըստ էության, երեք խմբակցություններն էլ, որ անկախ հուշագրից, իրենք չեն պատրաստվում ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ փուլում առաջադրել վարչապետի թեկնածու»:

Վարչապետը շեշտեց, որ պատմում է խոսակցությունը և դրանից ստացած տպավորությունը, և եթե սխալ է ընկալել, ակնկալում է, որ նրանք դա կպարզաբանեն առաջիկայում:

«Մենք կարող ենք արձանագրել հետևյալը, որ մենք այսօր ցույց տվեցինք, որ հենց այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը քաղաքացիական, համաժողովրդական, համազգային պահանջ է: Եվ այն քաղաքական ուժերը, որոնք դեմ կգնան այդ պահանջին, նրանք ուղիղ պատերազմ են հայտարարում սեփական ժողովրդին: Եվ իմ տպավորությամբ այդ ուղերձը Հանրապետական կուսակցության մեր գործընկերների, Ծառուկյան դաշինք խմբակցության մեր գործընկերների, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության մեր գործընկերների կողմից ընկալված է: Այսօր մենք այդ խնդիրը լուծել ենք: Բայց որևէ գրավոր կամ բանավոր վերջնական պայմանավորվածություն չկա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031